Օրենքի ընդունումը կառաջացնի «քաղաքացիական անհնազանդություն»

Այսօր պատգամավորներից ավելի շուտ Ազգային Ժողով էին եկել Երեւանի իրացման
գոտիների բնակիչները, որոնք «պետության կարիքներ»-ից ելնելով մնացել են առանց
բնակարանների: Թեեւ ԱԺ նիստերը սովորաբար սկսվում են 12:00-ին, սակայն 10:15-ից
Հյուսիսայի, Գլխավոր պողոտաների, Կողբացի, Ֆիրդուսի, Կոզեռնի փողոցների նախկին
բնակիչները, Դալմայի եւ Հին Նորքի այգետերերը հավաքվել էին Դեմիրճյան փողոցի ԱԺ
մուտքի մոտ, որպեսզի «ժողովրդական ճնշում» գործադրեն աշխատանքի ժամանող
պատգամավորների վրա՝ «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության
օտարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը օրակարգ չմտցնելու համար:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ՝ ԱԺ արտահերթ նիստում հիմնականում ընդդիմադիր
պատգամավորներին հաջողվեց հասնել նրան, որպեսզի ՀՀ Կառավարության համար ինչ-ինչ
նկատառումներից ելնելով կարեւորագույն այդ օրենքը խորհրդարանը չընդունի առաջին
ընթերցմամբ:

ԱԺ շենքի մոտ հավաքված ցուցարարները դեմ չեն օրենքի ընդունմանը, սակայն պահանջում
են, որ մինչ այդ խորհրդարանում կազմակերպվեն խորհրդարանական լսումներ, որպեսզի
բոլոր շահագրգիռ կոմղերը կարողանան ներկայացնել օրինագծի թերի եւ վտանգավոր
կողմերը: Ցուցարարներն, օրինակ՝ մտավախություն ունեն, որ օրինագիծը թույլ կտա, որ
պեսզի նախկինում թույլ տրված հակասահմանադրական գործողություններն օրինականացվեն:

Հիշեցնենք, որ Սահմանադրական Դատարանը որոշում էր ընդունել, որ բնակիչների վտարման
որոշ դեպքերում գործողությունները հակասել են ՀՀ սահմանադրությանը: Հենց այդ
որոշումն է այսօր հնարավորություն տալիս, որպեսզի բնակարաններից վտարված բնակիչները
դիմեն ՀՀ դատական տարբեր ատյաններ, այնուհետեւ ապավինեն Մարդու իրավունքների
եվրոպական դատարանի արդարադատությանը: Կառավարության կողմից ներկայացված
«Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ
օրենքի նախագիծը այն աստիճանի է զայրացրել «պետության կարիքներ»-ի պատճառով
բնակարաններից վտարված քաղաքացիներին, որ նրանք արդեն ոչ միայն մտածում են, այլ
արդեն նաեւ ծրագրավորում են, թե ինչպես եւ ինչ քայլերով են առաջիկայում
իրականացնելու «քաղաքացիական անհնազանդություն», որի ժամանակ նախ պահանջելու են
Կառավարության հրաժարականը, հետո՝ Ռոբերտ Քոչարյանի: Ի դեպ, այս նպատակների մասին
ցուցարարները տեղեկացրել են նաեւ ՀՀ արդարադատության նախարար Դավիթ
Հարությունյանին, որն էլ ԱԺ-ում ներկայացնում է վերոնշյալ օրինագիծը:

Ի դեպ, այսօր ցուցարարներից հինգ ներկայացուցիչ մասնակցեց նաեւ ԱԺ պետաիրավական
հանձնաժողովի նիստին, որը կայացավ մինչ ԱԺ լիագումար նիստի սկսվելը: Նիստի ժամանակ
հերթական անգամ պատգամավորները նշեցին, որ կարելի է օրինագիծն ընդունել առաջին
ընթերցմամբ, որից հետո կազմակերպել լսումներ: Ցուցարարներին, բնականաբար, այդ
տարբերակը չէր բավարարում:

Օրվա երկրորդ կեսին, երբ ցուցարարներն արդեն ԱԺ Դեմիրճյան մուտքի մոտից տեղափոխվել
էին Բաղրամյան մուտքի մոտ, պարբերաբար հեռախոսազանգերի միջոցով տեղեկանում էին,. թե
ինչ է տեղի ունենում ԱԺ ներսում: Մի պահ ոմանք սկսեցին միմյանց շնորհավորել եւ
գրկախառնվել. պարզվում է «Հասարակության եւ պետության կարիքների համար
սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի նախագիծը չի ընդգրկվել ԱԺ օրակարգում: