NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ազգային ժողովը չհաստատեց սեփականության օտարմանը վերաբերող օրինագիծը
Ազգային ժողովի` այսօր շարունակվող արտահերթ նիստում պատգամավորները
քվեարկությամբ մերժեցին «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության
օտարման» մասին օրենքի նախագիծը: Այն ստացավ ընդամենը 62 կողմ ձայն: Օրինագծի
հաստատման համար պակասեց 4 ձայն:
Փաստորեն, քվեարկությանը չմասնակցած ընդդիմադիր «Արդարություն», «Ազգային
միաբանություն», ինչպես նաեւ «Օրինաց երկիր» խմբակցությունները, կարողացան
արգելափակել օրենքի նախագծի հաստատումը:
Դատելով, խորհրդարանականների ելույթներից, չի բացառվում, որ հասարակական եւ
քաղաքական շրջանակներում բուռն դժգոհությունների առարկա դարձած «Հեռուստատեսության
եւ ռադիոյի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին
օրինագիծը եւս արժանանա նախորդ փաստաթղթի ճակատագրին:
«Արդարություն» խմբակցության անդամ Արշակ Սադոյանը «հակասահմանադրական», «հանցագործ
օրենք» որակեց այն:
Դաշնակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Գեղամ Մանուկյանի բնորոշմամբ
եւս, օրինագծում տեղ գտած բոլոր փոփոխությունները, բացի հանձնաժողովի ձեւավորման
դրույթից, որեւէ կերպ չեն բխում Սահմանադրության պահանջներից: Ի տարբերություն
Արշակ Սադոյանի, Մանուկյանն ավելի հիմնավոր ներկայացրեց իրենց տեսակետը:
Դաշնակցությունը մտահոգ է նաեւ այն խնդրով, որ քննարկումներ չեն եղել ոլորտի
մասնագետների մասնակցությամբ:
«ՀՅԴ խմբակցությունը առաջարկում է կառավարությանը այս օրենքը հանել քննարկումից,
վերադարձնել լրամշակման», - ասաց Մանուկյանը:
Օրինագծի հիմնական զեկուցող արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը թեեւ
համամիտ չէր ամբիոնից հնչած քննադատական մոտեցումներին, պատրաստակամություն հայտնեց
քննարկել բոլոր առաջարկներն ու հիմնավորումները: Նա մեկ անգամ եւս հայտարարեց, որ
փաստաթղթից կհանվեն այն կետերը, որոնք վերաբերում են Ազգային ժողովի աշխատանքների
լուսաբանման հեռարձակման սահմանափակումներին: Նախարարը եւս հորդորեց, որ
փաստաթուղթը, այնուամենայնիվ, դրվի քվեարկության:
Օրինագիծը, հավանաբար, քվեարկության կդրվի վաղը:
Հովհաննես Շողիկյան
