NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Երկու օրենք ազատությունն ու անկախությունը բացառելու համար
ՀՀ Ազգային Ժողովի արտահերթ նիստում վաղը քննարկման են դրվելու լրատվական ոլորտը
կարգավորող միանգամից երկու օրենքի նախագծեր, որոնց մշակման ժամանակ որեւէ
քննարկում չի եղել` շահագրգիռ կողմերի մասնակցությամբ: Ոլորտի աշխատակիցները
նույնիսկ տեղյակ չեն օրենքների բովանդակությանը:
«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի
ազգային հանձնաժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերում, մասնավորապես, ըստ մասնագետների,
կան մի շարք կետեր, որոնք հակասում են ՀՀ Սահմանադրությանը` հերթական անգամ
վտանգելով խոսքի ազատությունը: Այդ մասին նշել է նաեւ ԱԺ պատգամավոր, «Հեռուստատեսության
եւ ռադիոյի մասին» ՀՀ գործող օրենքի հեղինակ Շավարշ Քոչարյանը:
«Սա մի նախագիծ է, որը պայթյունավտնագ է եւ պայթելու է ընդունվելուց միանգամից հետո:
Փոփոխությունների հեղինակներն իրենց «միամիտ եւ թեթեւ» հպումներով մի կողմից
ամրապնդում են սեփական թիմում տեղավորված հեռուստաալիքների «անշառությունը», որոնց
այնուհետեւ հանգիստ «ջարդելով»` թողնելու են միայն ցանկալիներին, եւ մյուս կողմից
վերջնականապես սեփականաշնորհում են ռադիոհեռուստադաշտը: Պետական մենաշնորհի ձգտումը
հաստատելով եւ ոչ «իրենց» մարդկանց առկայությունն այդ դաշտում այսուհետ լիովին
բացառվելու է օրենքի ընդունումից հետո: Սա արդեն մեզ համար հերթական
հակասահմանադրական շուտափույթ պատրաստած գործընթացն է, որը դժվար մարսվի իրենց
կողմից: Սա յուրօրինակ իմիտացիա է անկախ հեռուստադաշտի եւ անկախ լրատվամիջոցների.
մի կողմից լիցենզավորվում են մասնավոր հեռուստաընկերություններ (իհարկե ընտրովի) եւ
մյուս կողմից ամբողջ դաշտը մոնոպոլիզացվում է պետության կողմից: Այս ամենը բերելու
է խայտառակ իրարանցման եւ անկառավարելիության հենց այդ համակարգի ներսում: Սա մի
փաստաթուղթ է, որը մտրակ դառնալու միտում ունի ամբողջ ռադիոհեռուստադաշտի համար»,-
օրենքում նախատեսվող փոփոխություններն այսպես մեկնաբանեց «Ա1+» հեռուստաընկերության
նախագահ Մեսրոպ Մովսիսյանը:
