NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ազատությունը խեղդողները չեն պատժվում
«Կանաչ ճանապարհ է տրվել խոսքի ազատության խեղդման համար»,- այս կարծիքին է «Ինտերնյուս»
հ/կ իրավաբան Դավիթ Սանդուխչյանը՝ հենվելով իրենց կազմակերպության իրականացրած
հետազոտության արդյունքների վրա: Ըստ նրա, եթե նախորդ տարիներին կար լրագրողների
լռեցնելու մեկ փաստ՝ «Ա1+»-ի եթերազրկման օրինակը, ապա ներկայումս այդպիսի
օրինակները բազմաթիվ են:
2005թ վերջին եւ 2006թ ընթացքում լրագրողների՝ մասնագիտական պարտականությունները
կատարելը խոչընդոտելու 12 դեպք է եղել, որը 2004թ համեմատ 3 անգամ ավելի է: Ի դեպ,
ոչ միայն իրավապահները ջանքեր չեն գործադրել մեղավորներին պատժելու համար, այլեւ
հենց իրենք՝ լրատվամիջոցները, հետամուտ չեն եղել այդ հարցում: Դավիթ Սանդուխչյանը
դա բացատրում է նրանով, որ «մեծ է լրատվամիջոցների կախվածությունը
իշխանություններից»:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի գնահատմամբ,
իշխանությունները լրագրողների մեծ մասին թշնամի են ընկալում, խտրականության
դրսեւորման օրինակ էր, ըստ նրա, Անկախության 15-ամյակի առթիվ Ռոբերտ Քոչարյանի
կողմից միայն որոշ (հայտնի իբրեւ իշխանամետ- խմբ.) լրատվամիջոցների
ներկայացուցիչներին շքանշանների շնորհումը: Ընդհանրապես, Հայաստանում մարդու
իրավունքների պաշտպանության ոլորտում իշխանությունների կամք ակնկալելն, ըստ
իրավապաշտպանի, անիմաստ է, քանի որ. «Եթե կամք լիներ, կարող են հրաժարական տալ,
բայց կտա՞ն»: Այս ոլորտում հաջողություն հասնելու միակ բանալին, նրա կարծիքով,
հասարակության ակտիվացումն է:
ՀԱՄԱՐՅԱ ԱԴՐԲԵՋԱՆԱՎԱՐԻ
2001թ քրեակատարողական հիմնարկները հանձնվել են Արդարադատության նախարարության
տնօրինությանը: Ըստ «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ, առաջին
օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանի, այդ ժամանակ կար հույս, որ «դաժան վերաբերմունքը
այդ հիմնարկներում կվերանա», բայց. «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ
2004-2005թ դաժան վերաբերմունքը վերստին գլուխ է բարձրացրել»:
«Պրեսինգ» ակումբում Լարիսա Ալավերդյանը նույնիսկ համեմատություն արեց, որ այդ
վերաբերմունքը «չի զիջում» այն դաժան վերաբերմունքին, որ տարիներ առաջ
ադրբեջանցիները դրսեւորել են հայորդիների նկատմամբ: Հայաստանը վավերացնելով հանդերձ
համապատասխան կոնվենցիաները՝ որեւէ քայլ չի անում, ըստ նրա, խոշտանգումների
կանխարգելման համար, օրինակ՝ դեռեւս չեն ստեղծվել ազգային մեխանիզմները: «Հայաստանում
ոչ դատարանները, ոչ դատախազությունը ոչ մի ուշադրություն չեն դարձնում մի
հայտարարության, ինչպես են ցուցմունքները կորզվել խոշտանգումների միջոցով»,- ասաց
Լարիսա Ալավերդյանը՝ նկատի ունենալով ցմահ ազատազրկման դատապարտված Ռազմիկ
Սարգսյանի եւ եւս երկու զինծառայողի գործը:
Ի դեպ, այս հարցով զինծառայողների փաստաբաններն արդեն դիմել են Մարդու իրավունքների
եվրոպական դատարան:
ԱՎԵԼԻ ՎԱՏ, ՔԱՆ ԲԱՆՏՈՒՄ
Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միկա Դանիելյանի գնահատմամբ, Հայաստանի
հոգեբուժարաններում վիճակն ավելի վատ է, քան բանտերում: «Հարկադիր բուժում» ստացող
հիվանդների մեծ մասը հոգեբուժարաններում հայտնվել են դատական որոշումների հիման վրա,
բայց երբեք, ըստ իրավապաշտպանի, հիվանդը դատարան չի կանչվել. որոշումը կայացվել է
հենց հիվանդանոցում, առանց փաստաբանի մասնակցության:
Իրավապաշտպանը հայտարարեց, որ հոգեբուժարանները աստիճանաբար դառնում են ճնշման
միջոց: Երբ փորձեցինք ճշտել, թե կոնկրետ ի՞նչ նկատի ունի՝ նա պատասխանեց, թե կան
փաստեր, երբ առողջ մարդուն տեղափոխել են հոգեբուժարան, օրինակ՝ բնակարանը ձեռքից
վերցնելու համար: Միկա Դանիելյանը չի բացառում, որ այս պրակտիկան առաջիկայում
տեղափոխվի քաղաքական դաշտ:
