NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մեղադրող կողմը պահանջում է Արման Բաբաջանյանին դատապարտել 4,5 տարվա ազատազրկման
Երկուշաբթի օրը Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի
դատարանում դատախազ Ժաննա Կոտիկյանը միջնորդեց «Ժամանակ - Երեւան» թերթի գլխավոր
խնբագիր Արման Բաբաջանյանին դատապարտել 4,5 տարվա ազատազրկման:

Բաբաջանյանը մեղադրվում է փաստաթղթեր հափշտակելու եւ պարտադիր զինվորական
ծառայությունից խուսափելու համար:
«Մեր երկիրը գտնվում է այնպիսի վիճակում, որ մեկ զինվոր ավելի ունենալը մեր երկրի
համար անհրաժեշտություն է», - խիստ պատիժ սահմանալու իր միջնորդությունը հիմնավորեց
Կոտիկյանը:
Միջնորդությունը արժանացավ դատարանի դահլիճում հավաքված «Ժամանակ - Երեւան» թերթի
լրագրողների ծաղրական «բրավո»-ներին:
Բաբաջանյանի պաշտպան Ռոբերտ Գրիգորյանը մեղադրողի միջնորդությունը որակեց
«չարության պոռթկում, որը ոչ մի կապ չունի արդարադատության հետ»:
Պաշտպանական կողմը պնդեց, որ դատարանում չի ապացուցվել, որ Արման Բաբաջանյանը
փաստաթղթեր է հափշտակել, ուստի պահանջեց այդ մասով կարճել գործը:
Դատավարությունը կշարունակվի սեպտեմբերի 8-ին:
Ռուզաննա Ստեփանյան
