NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Այս տարվա առաջին կիսամյակում սեռական շահագործման է ենթարկվել Հայաստանի 71 քաղաքացի
2006 թվականի առաջին կիսամյակում, ըստ Հայաստանի քննչական մարմինների վարույթում
եղած քրեական գործերի, սեռական շահագործման է ենթարկվել 75 անձ, որոնցից 71-ը՝
Հայաստանի, 4-ը՝ այլ երկրի քաղաքացիներ են: Նրանցից 14-ը սեռական շահագործման են
ենթարկվել Հայաստանում, 61-ը՝ արտերկրում, այդ թվում 55-ը՝ Արաբական Միացյալ
Էմիրություններում, 6-ը՝ Թուրքիայում:
Ինչպես հաղորդում է Հայաստանի գլխավոր դատախազության մամլո ծառայությունը, նույն
ժամանակահատվածում Հայաստանի քննչական մարմինների վարույթում քննվել է մարդկանց
առեւտրի վերաբերյալ 5 եւ պոռնկությամբ զբաղվելը կազմակերպելու վերաբերյալ 12
քրեական գործ: Քննված քրեական գործերից դատարան է ուղարկվել 11-ը՝ 16 անձի նկատմամբ:
Մարմնավաճառությամբ զբաղվելու համար վարչական պատասխանատվության է ենթարկվել 37 անձ:
Ըստ դատախազության հաղորդագրության, նշված բնույթի հանցագործությունների դեպքերով
դատարանների կողմից արդարացման դատավճիռներ չեն կայացվել:
