NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Ճնշումներ մամուլի դեմ. լրագրողների հետ կապված վերջին միջադեպերն առաջ բերեցին լրատվամիջոցների արձագանքը
Անցյալ շաբաթ երկու լրագրողների նկատմամբ հետապնդումները ստիպեցին ութ թերթերի խմբագիրների և չորս հասարակական կազմակերպությունների հանդես գալ հայտարարությամբ Հայաստանում խոսքի ազատությանը սպառնացող վտանգի մասին:
Հայտարարությունից մի շաբաթ անց հրկիզվեցին խմբագրություններից մեկի լուսամուտները:
Հուլիսի 12-ի առավոտյան Նուբարաշեն համայնքում, «Չորրորդ իշխանություն» թերթի թղթակից և լուսանկարիչ Գագիկ Շամշյանի պատմելով, նրա ճանապարհը «Մերսեդեսով» փակել է թաղապետի հայրը և սպառնալիքներ տեղացել: Նույն երեկոյան տնից դուրս գալիս մոտ 30 հոգի նրան սպառնացել են, քաշքշել, վայր գցել, խլել բջջայինը, ձայնագրիչը, 180 դոլար, ապա մեքենան քշել նրա վրա` ստիպելով վազել մի քանի հարյուր մետր:
Շամշյանը բնակվում է Նուբարաշեն թաղամասում և ասել է, որ իրեն հալածողների մեջ են եղել թաղապետի եղբայրը, տեղակալը և էլցանցի պետը: Հաջորդ օրը «Առավոտ» օրաթերթի թղթակցի միջոցով վերադարձրել են բջջայինը` քարտը փոխված, և ձայնագրիչը` ձայնագրությունը ջնջած:
Դեպքից հետո անջատել են նրա բնակարանի էլեկտրականությունն ու կտրել հեռախոսագծերը:
Մոտ 10 տարվա լրագրողական աշխատանքի փորձ ունեցող Գագիկ Շամշյանը «Չորրորդ իշխանության» հուլիսի 11-ի համարում հրապարակված «Կողոպուտ և ինֆինիտի» հոդվածի համար տեղեկություն էր տվել, որ հուլիսի 3-ին «Արդշինինվեստբանկի» Մալաթիա-Սեբաստիայի մասնաճյուղում կատարված կողոպուտի մեղադրանքով ձերբակալվածների մեջ է Սուրիկ Հովհաննիսյանը` Նուբարաշենի թաղապետ Մհեր Հովհաննիսյանի եղբորորդին: Իսկ կողոպուտի մեջ կասկածվող, հետախուզման մեջ գտնվող, նախկինում 5 անգամ դատված Արթուր Բաբայանը` «Կռիս» մականունով, թաղապետի քեռու տղան է:
Էրեբունի և Նուբարաշեն համայնքների դատախազությունը քրեական գործ է հարուցել լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու, կողոպուտի և խուլիգանության հոդվածներով: Շամշյանն իրավապահներին հայտնել է իր վրա հարձակվողներից մի քանիսի անունները:
Հուլիսի 25-ին գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ կալանվել է Ռուբեն Հովհաննիսյանը, որը թաղապետի եղբայրն է:
Հուլիսի 19-ին թաղապետի բարեկամները ցույց են արել Շամշյանի բնակարանի մոտ` պահանջելով, որ նա հեռանա Նուբարաշենից:
Հուլիսի 20-ի առավոտյան ժամը 7-ի մոտ անհայտ անձինք հրդկիզել են մոտ 4500 օրինակ տպաքանակ ունեցող «Չորրորդ իշխանություն» թերթի խմբագրության լուսամուտները: Դիմացի մայթում գտնվող հրշեջ ծառայության աշխատակիցները հասցրել են հանգցնել կրակը և թույլ չտալ, որ այն տարածվի գրասենյակում:
Թերթի խմբագիր Շողեր Մաթևոսյանն ասաց, որ հրդեհը կարող է կապված լինել Նուբարաշենի դեպքերի հետ, կամ էլ դրանց քողի տակ այն արած լինի մի այլ պաշտոնյա, որ դժգոհ է թերթի հրապարակումներից:
Մամուլի ազատության ջատագովներին նաև մտահոգում են սպառնալիքները «Հետք» էլեկտրոնային թերթի (www.hetq.am) խմբագիր Էդիկ Բաղդասարյանի հասցեին: Բաղդասարյանը հայտնել է, որ էլեկտրոնային փոստով սպառնալիքներ է ստացել Հայաստանի ամենազորեղ գործարար Գագիկ Ծառուկյանին քննադատող հոդվածի հրապարակումից հետո:
Ըստ Բաղդասարյանի` Ապեր Ապոյան ստորագրությամբ էլնամակների հեղինակը սպառնացել է մորթել բոլոր նրանց, ովքեր «կկպնեն» Գագիկ Ծառուկյանին, որին անվանում է «թագավոր»:
Բաղդասարյանը դիմել է Ազգային անվտանգության ծառայություն, որը պարզել է, որ նամակներն ուղարկվել են Հարավային Կալիֆորնիայից: Նամակների հեղինակին հայտնաբերելու խնդրանքով Բաղդասարյանը դիմել է ԱՄՆ դեսպանատուն:
ՀԿ-ների ու խմբագիրների հայտարարությունն անդրադառնում է նաև «Ժամանակ-Երևան» օրաթերթի խմբագիր Արման Բաբաջանյանի կալանավորմանը (տես` հարակից հոդվածը):
Հայտարարության հեղինակները իրար հետ առաջին հայացքից առնչություն չունեցող այս միջադեպերը կապում են հաջորդ տարվա մայիսին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների հետ: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է.
«Այն մթնոլորտը, որում մի քանի ամիս հետո կանցնեն խորհրդարանական ընտրությունները, ամբողջապես կախված է ամեն գնով դեպի իշխանություն ձգտող խուլիգաններից իր քաղաքացիներին պաշտպանելու և ժողովրդավարական ինստիտուտների, մասնավորապես` մամուլի նկատմամբ հարգանք տածելու` պետության պատրաստակամությունից»:
Վահան Իշխանյան, «ԱրմենիաՆաուի» թղթակից
