NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հարկադիր փախստականներ. Հայաստանը ապաստան է առաջարկում Լիբանանի հայերին
Հայաստանի իշխանությունները միջոցներ են ձեռնարկում թեթևացնելու անցյալ շաբաթ
Լիբանանի և Իսրայելի միջև ծագած պատերազմական գործողությունների հետևանքները
Հայաստանի քաղաքացիների համար:
ՀՀ փոխարտգործնախարար Գեղամ Ղարիբջանյանը երեքշաբթի հայտնել է, որ Հայաստանի 160
քաղաքացի արդեն Լիբանանից տեղափոխվել է Սիրիա, որտեղից օդանավով ժամանել է Երևան:
Արտգործնախարարության տվյալներով` հուլիսի 13-ին, երբ ի պատասխան «Հըզբոլլահի»
կողմից իսրայելցի երկու բարձրաստիճան զինծառայողի առևանգման Իսրայելը ռազմական
գործողություններ սկսեց Լիբանանի դեմ, այնտեղ գտնվում էր Հայաստանի առնվազն 1200
քաղաքացի:
Անցյալ շաբաթվա կեսից Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցնում հարավային
Լիբանանի կոմունիկացիաներին և «Հըզբոլլահի» ենթադրյալ սահմանամերձ ենթակառույցներին:
Լիբանանի հայ համայնքը կազմում է մոտ 120000 մարդ: Նրանցից մոտ 50 հազարը բնակվում
է Բեյրութում, որը դարձել է Իսրայելի օդուժի թիրախ:
Լիբանանում և Սիրիայում Հայաստանի դեսպանություններին հանձնարարական է տրվել
եռամսյա անվճար մուտքի արտոնագիր տրամադրելու ՀՀ մեկնել ցանկացող Լիբանանի ծագումով
հայ քաղաքացիներին, ինչպես նաև Լիբանանում գտնվող օտարերկրյա քաղաքացիներին:
Ղարիբջանյանի հավաստմամբ` դեսպանություններում սահմանված է շուրջօրյա
հերթապահություն:
ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի վարչության պետ Գագիկ Եգանյանը հայտնել է «Ռեգնում»
լրատվական գործակալությանը, որ Լիբանանի ծագումով հայ քաղաքացիներին կտրամադրվի «ժամանակավոր
պաշտպանության կարիք ունեցող անձանց» կարգավիճակ:
«Մեզ կարող են դիմել նաև ոչ հայկական ծագում ունեցող անձինք, նրանք կստանան նույն
կարգավիճակը: Նրանց չեն կարող հակառակ իրենց ցանկության հարկադիր տեղահանել նրանց
նախկին բնակության վայր, որտեղ շարունակվում են պատերազմական գործողությունները»,-
ասել է Եգանյանը:
Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի և մեր հայրենակիցների ճակատագրի առնչությամբ
վարչապետի մոտ հրավիրված խորհրդակցության ժամանակ ՀՀ կառավարությանն առընթեր
քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (ՔԱԳՎ) պետ Արտյոմ Մովսիսյանը
ներկայացրել է դեպի Սիրիա իրականացվող արտահերթ չվերթերի կազմակերպման
հնարավորությունները: Նա նշել է, որ Երևանից դեպի Բեյրութ չվերթեր ներկայումս չեն
իրականացվում, իսկ Սիրիա իրականացվող չվերթերը կավելացվեն` Հայաստան ժամանել
ցանկացողների մեծ թվի պատճառով:
Ըստ կառավարության մամլո ծառայության` վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է
ՔԱԳՎ-ին բանակցություններ վարել «Արմավիա» ընկերության հետª Սիրիա կանոնավոր և
արտահերթ չվերթեր կազմակերպելու ուղղությամբ: «Կառավարությունը պատրաստ է,
անհրաժեշտության դեպքում, ֆինանսական մասնակի փոխհատուցում տրամադրել»,- ասել է
վարչապետը:
ՀՀ տարածքային կառավարման նախարարին հանձնարարվել է առողջապահության նախարարության
հետ կազմակերպել Լիբանանից ժամանողներին բժշկական և հոգեբանական օգնություն
մատուցելու աշխատանքներ:
Հայաստանի իշխանությունները շատ վտանգավոր են համարում մերձավորարևելյան վերջին
զարգացումները: Պատերազմական գործողությունների ծավալումը տարածաշրջանում
դատապարտել են Հայաստանի պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունները:
Անցյալ շաբաթ հրապարակած հայտարարության մեջ արտգործնախարարությունն իր խոր
մտահոգությունն է հայտնել Լիբանանում ռազմական գործողությունների և խաղաղ
բնակչության շրջանում մեծաթիվ զոհերի կապակցությամբ:
«Հայաստանը դատապարտում է ցանկացած բռնարարք` լինի պատանդ վերցնելը, թե ուժի
օգտագործումը: Մենք, հատկապես, անընդունելի ենք համարում անհամաչափ ուժի
օգտագործումը, որը վնաս է հասցնում քաղաքացիներին և ենթակառույցներին:
Իսրայելի նման արարքը դժվար է հասկանալ` հատկապես հաշվի առնելով այն փաստը, որ
Լիբանանի կառավարությունը հստակ նշել էր, որ որևէ առնչություն չունի պատանդ
վերցնելու դեպքի հետ:
Հուսով ենք, որ տարածաշրջանում զսպվածություն կլինի և անմիջապես զինադադար
կհաստատվի, որպեսզի բանակցությունների միջոցով կարգավորվեն առկա խնդիրները»:
Առայժմ Լիբանանում բնակվող հայերի շրջանում զոհերի մասին հաղորդագրություններ չեն
եղել:
Երեքշաբթի խոսելով «Ազատություն» ռադիոկայանի հետ` արտգործնախարարության մամլո
խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասել է, որ Լիբանանում գտնվող ՀՀ ամեն քաղաքացի ինքն է
որոշելու` մեկնել, թե մնալ: «Հուսանք, որ իրավիճակը կհանդարտվի, և քչերը
ցանկություն կհայտնեն վերադառնալու Հայաստան,- ասել է նա: - Հայաբնակ թաղամասերը
հեռու են ռմբահարվող շրջաններից, և առայժմ այդտեղ մեծ անհանգստություն չկա»:
Արտգործնախարարությունը թեժ գիծ է բացել, որը գործում է ամեն օր 9-21-ը:
Տեղեկություններ ստանալ ցանկացողները կարող են զանգահարել (+374 10) 58-60-17
հեռախոսահամարով:
Սուրեն Մուսայելյան, «ԱրմենիաՆաուի» թղթակից
