NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Արման Բաբաջանյան. «Իմ ձերբակալության նպատակը եւս մի լրատվամիջոց լռեցնելն է»
«Ժամանակ Երեւան» օրաթերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանը, որը մի քանի օր առաջ ձերբակալվել է զինծառայությունից խուսափելու եւ փաստաթղթեր կեղծելու մեղադրանքով, այսօր հայտարարություն է տարածել, որտեղ պնդում է, թե իր ձերբակալության նպատակն է՝ «լռեցնել եւս մի լրատվամիջոց»:
«Իմ ձերբակալությունը եւ կալանումը բացառապես մեկ նպատակ են հետապնդում՝ Հայաստանում լռեցնել ապօրինի ռեժիմի հեռացմանն ու օրինական իշխանության հաստատմանը հետամուտ, անկախ ու անկաշառ եւս մի լրատվամիջոց»,- ասված է հայտարարության մեջ:
30-ամյա Արման Բաբաջանյանը ձերբակալվել է հունիսի 26-ին, ինչից հետո նրան մեղադրանք է ներկայացվել: «Ժամանակ Երեւան» թերթի խմբագիրը կալանվել է երկու ամսով եւ, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց թերթի պատասխանատու խմբագիր Լիզա Ճաղարյանը, այժմ գտնվում է Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկում:
«Հայաստանի ապօրինի ռեժիմը՝ հանրապետության նախագահական նստավայրում նյութված սցենարով եւ գլխավոր դատախազության կատարմամբ, իմ դեմ քաղաքական հետապնդում է իրականացնում»,- ասված է Արման Բաբաջանյանի հայտարարության մեջ:
«Ժամանակ Երեւան» թերթը խստորեն քննադատում է Հայաստանի ներկա իշխանություններին:
