Երեխաների իրավունքների պաշտպանությանը նվիրված միջոցառումն իրականացվեց ԵԽ Տեղեկատվական գրասենյակի և «Ապագան քոնն Է» հկ–ի ջանքերով

Հետևելով Եվրոպայի խորհրդի պետությունների և կառավարությունների ղեկավարների երրորդ գագաթաժողովի (Վարշավա, 2005թ.) որոշումներին` Մոնակոյում ապրիլի 4-5-ը մեկնարկեց Եվրոպայի խորհրդի «Կառուցենք Եվրոպա երեխաների համար և երեխաների հետ» ծրագիրը։ Այս եռամյա ծրագրի նպատակն է խթանել և պաշտպանել երեխաների իրավունքները և երաշխավորել երեխաների պաշտպանվածությունը բռնության բոլոր դրսևորումներից։

Խնդրի շուրջ հասարակական իրազեկությունը բարձրացնելու և Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքների և սկզբունքների հնարավորինս լայն կիրառումն ապահովելու նպատակով, Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, Հայաստանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակը և «Ապագան քոնն է» բարեգործական սոցիալական հկ-ն կազմակերպեցին «Ո՛չ երեխաների դեմ բռնությանը» խորագրով միջոցառումը:

Միջոցառմանը, որին մասնակցեցին երեխաներ, Հայաստանում երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն իրականացնող մասնագետներ, պետական պաշտոնյաներ և միջազգային համայնքի ներկայացուցիչներ, ողջույնի խոսքով հանդես եկավ և այս ոլորտում Եվրոպայի խորհրդի գործունեությունը ներկայացրեց Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան:

«Ապագան քոնն է» հասարակական կազմակերպության նախագահ Նարինե Սարգսյանը ներկայացրեց տեղական կազմակերպությունների գործունեությունը և խոսեց այս ոլորտում Հայաստանյան հասարակության առջև ծառացած խնդիրների մասին: Միջոցառմանը ամփոփիչ խոսքով հանդես եկավ Հայաստանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի տնօրեն Սյուզան Մարուխյանը:

Միջոցառմանը, որը հյուրընկալվել էր «Խնկո Ապոր» անվան գրադարանում, Հովհանես Թումանյանի «Չարի վերջը» ներկայացմամբ հանդես եկան Երևանի թիվ 3 հատուկ տիպի գիշերօթիկ դպրոցի սաները, ինչպես նաև ներկայացվեց «Երեխաների դեմ բռնությունը երեխաների աչքերով» ցուցահանդեսը:

Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակ Հայաստանում