NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Տիգրան Թորոսյանը ընտրվեց ԱԺ նախագահ
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովն ունեցավ նոր նախագահ: Հունիսի մեկին խորհրդարանում տեղի ունեցած քվեարկության շնորհիվ ԱԺ նախագահ ընտրվեց Տիգրան Թորոսյանը: Ընտրությանը մասնակից 97 պատգամավորից 94-ը ձայն էին տվել Տիգրան Թորոսյանի օգտին, մեկը քվեարկել էր դեմ, իսկ երկու ձայն համարվել էր անվավեր:
«Մենք երբեք չպիտի հուսահատվենք, հակառակը, ես վստահ եմ, որ միշտ լուծում կա, եւ միշտ մենք խնդիրներին տեր պիտի լինենք, եւ պատասխանատու այն մարդկանց առաջ, որոնք իսկապես ակնկալիքներ ունեն խորհրդարանից», ընտրվելուց հետո խորհրդարանի ամբիոնից հայտարարեց ԱԺ նորընտիր նախագահը, շնորհակալություն հայտնելով բոլորին, ովքեր ձայն են տվել իրեն: Իսկ նրան ձայն տալու մտադրության մասին ընտրությունից առաջ հայտարարեցին ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն, ՄԱԿ-ը, «Գործարար» պատգամավորական խումբը, ՕԵԿ-ը: Ընդդիմությունը ընտրությանը չմասնակցեց, հայտարարելով, որ խորհրդարանն իրականում խաղալիք է գործադիրի ձեռքին:
Պետք է նշել, որ ձայն տալու այլ մարդ չկար, բառի ուղղակի իմաստով: Տիգրան Թորոսյանը միակ առաջդրված թեկնածուն էր, որին Հանրապետական խմբակցության անունից առաջադրեց Գալուստ Սահակյանը: Սահակյանը հասցրեց նաեւ ինքնաբացարկ հայտնել, քանի որ Տիգրան Թորոսյանից հետո, պատգամավոր Հակոբ Հակոբյանը առաջադրեց Գալուստ Սահակյանի թեկնածությունը, ինչին ձեռնամուխ էր եղել մեծ համառությամբ: Այնուամենայնիվ Տիգրան Թորոսյանը քվերակության գնաց միայնակ: Արդյունքն ապահովելու համար մոբիլիզացվել էր ամբողջ խորհրդարանը, եկել էին նույնիսկ այն պատգամավորները, ում համար խորհրդարան այցելելը ուխտագնացության պես մի բան է` տարեկան մեկ կամ երկու անգամ: Տիգրան Թորոսյանը, քվեարկության ընթացքում, նույնիսկ դեռ արդյունքը չիմացած շնորհավորանք էր ստանում այդ պատգամավորներից, եւ փոխարենը շնորհակալություն հայտնում, որ նրանք «եկան ու համբերությամբ մնացին մինչեւ վերջ»:
