Արթուր Բաղդասարյանը այլեւս խորհրդարանի խոսնակը չէ, «Օրինաց երկիր»-ը պատրաստվում է արտահերթ համագումարի

Երկուշաբթի օրը «Օրինաց երկիր» կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը
վերահաստատեց իր հրաժարականը, ինչը, ըստ օրենքի, նշանակում է, որ նա այլեւս
խորհրդարանի խոսնակը չէ: Ազգային ժողովում կայացած մամլո ասուլիսում նա հայտարարեց
նաեւ, որ մոտ ժամանակներս տեղի կունենա իր գլխավորած կուսակցության արտահերթ
համագումարը, որտեղ կճշտվեն առաջիկա անելիքները:

Այս ամիս «Օրինաց երկիր»-ը դուրս եկավ իշխող կոալիցիայից, իսկ Արթուր Բաղդասարյանը
հայտարարեց իր հրաժարականի մասին:

«Պայքարելու ենք այն Հայաստանի ստեղծման համար, որը փայփայում ենք մեր երազների մեջ:
Այն Հայաստանի ստեղծման համար, որտեղից մարդիկ չեն փախչի, այլ որտեղ մարդիկ կգան,
եւ հայրենադարձությունը կլինի ոչ թե սոսկ երազ, այլ կլինի իրականություն: Եվ ես
կարծում եմ, որ մեր համատեղ աշխատանքը, բոլոր խումբ-խմբակցությունների հետ, այլ
քաղաքական ուժերի հետ միտված է լինելու հենց այն Հայաստանի ստեղծմանը, որը
կարեւորելու է ապագան: Որովհետեւ մեզ համար ապագայի, առաջընթացի իրական հույսը շատ
ավելի կարեւոր է, քան շատերի համար ոչինչ չտվող ներկան կամ ապրած անցյալի անցանկալի
հիշողությունները», - երեկ լրագրողներին ասաց Արթուր Բաղդասարյանը:

Աշխատանքային օրվա ավարտին նախագահ Ռոբերտ Քոչարյանի մոտ գումարվեց
խորհրդակցություն՝ Դաշնակցության եւ Հանրապետական կուսակցության մասնակցությամբ:

Ազգային ժողովի խոսնակի պաշտոնի ամենահավանական թեկնածուն՝ Տիգրան Թորոսյանը, ով
նաեւ Բաղդասարյանի հրաժարականի մասին հայտարարությունից հետո ԱԺ նախագահի
պաշտոնակատարն է, «Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես է վերաբերում իր
հնարավոր առաջադրմանը խորհրդարանի խոսնակի պաշտոնին, ասաց. - «Որպես հերթական
պարտականություն»:

Ազգային ժողովի նախագահը ընտրվում է հետեւյալ կարգով. պատգամավորներն առաջադրում են
թեկնածուներ, նրանց հարցեր են տրվում, ինչից հետո կազմակերպվում է փակ գաղտնի
քվեարկություն: Խորհրդարանի նախագահը ընտրվում է պատգամավորների ընդհանուր թվի
ձայների պարզ մեծամասնությամբ՝ 66 կողմ ձայնով:

Իսկ մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվելու համար բավարար է ներկա պատգամավորների
ձայների կեսից ավելին:

Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանին
ասաց, որ անցած օրերի քննարկումների արդյունքում «պաշտպանության հանձնաժողովի [նախագահի]
թեկնածուն կառաջարկի Դաշնակցությունը, սոցիալականինը՝ ՄԱԿ խմբակցությունը»:

Խորհրդարանի փոխխոսնակ Վահան Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնեց, որ
պատգամավորների նախաձեռնությամբ մայիսի 31-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ
նիստ: Այդ նպատակով այսօր խորհրդարանում կսկսվի ստորագրահավաք. արտահերթ նիստ
հրավիրելու համար անհրաժեշտ է առնվազն 44 պատգամավորի ստորագրություն:

Աստղիկ Բեդեւյան