Միջազգային կառույցը զարմանում է ՀՀ ԱԳՆ վրա

Այսօր Երեւանում քննարկվում էր «Human Rights Watch» կազմակերպության տարեկան
զեկույցը, որում մեծ տեղ էր հատկացված Հայաստանի խնդիրներին:

Դատելով Հայաստանի ԱԳՆ պատասխանից «Human Rights Watch»-ին, մասնավորապես մամուլի
ազատության առումով «որեւէ խնդիր չկա Հայաստանում»: ԱԳՆ նամակում գրված է, որ
կազմակերպությունը փաստական սխալներ է թույլ տվել` խոսելով Հեռուստատեսության եւ
Ռադիոյի Ազգային Հանձնաժողովի անկախության եւ ընդհանրապես հաճախությունների
մրցույթների փաստական կողմի հետ կապված:

ԱԳՆ այս մեղադրանքին, քննարկմանը` հեռախոսային կապի միջոցով Նյու-Յորքից մասնակցող
«Human Rights Watch»-ի ներկայացուցիչ Ռեյչլ Դենվերը հարցով պատասխանեց: «Ազատություն»
ռադիոկայանի հաղորդմամբ այդ պատասխանի բովանդակությունը, մոտավորապես հետեւյալն էր.

«ԱԳՆ-ն իր պատասխանի մեջ բավական մանրամասն ներկայացրել է մեր կազմակերպության
թույլ տված փաստական սխալները հեռուստահաճախականության համար անցկացվող
մրցույթիների վերաբերյալ, բայց այդպես էլ չի պատասխանել մի կարեւոր հարցի. ինչո՞ւ
Հայաստանում մինչ օրս չկա անկախ էլեկտրոնային լրատվամիջոց»:

Տիկին Դենվերն ընդանրապես ասաց, որ շատ զարմացած էր ԱԳՆ-ի այդ պատասխանից, քանի որ
առաջին անգամ է, որ որեւէ երկիրի կառավարություն այդ կերպ է արձագանքում «Human
Rights Watch»-ի տարեկան զեկույցին:

Ի դեպ, հիշեցնենք, որ ԱԳՆ նամակում` ուղղված «Human Rights Watch»-ին, գրված էր, որ
կապուղիների մրցույթ հայտարարվում է, իսկ «Ա1+» հեռուստաընկերությունը դրանց չի
մասնակցում: