NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Կրկին խախտումներ. Հելսինկյան կոմիտեն հրապարակում է զեկույց մարդու իրավունքների խախտումների մասին
Ըստ Հայաստանի հելսինկյան կոմիտեի վերջին զեկույցի` անցյալ տարի մարդու
իրավունքների խախտումներն արտահայտվել են տեղեկատվության ազատ հոսքի ու խաղաղ
հավաքների իրավունքի խոչընդոտումով:
Կոմիտեի` պարբերաբար լույս տեսնող «Դիտորդ» ամսագրի վերջին (մարտ-ապրիլ ամիսների)
համարում բերված են օրինակներ, թե ինչպես հանրապետությանը չի հաջողվել կիրառել
ժողովրդավարության սկզբունքները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
«2005 թ. ՏԻՄ ընտրություններում արձանագրվեցին նույն ընտրակեղծիքներն ու
խախտումները, որոնք տեղի էին ունենում 2003 թ. նախագահական և խորհրդարանական
ընտրություններում` լցոնումներ, բաց քվեարկություններ, ընտրակաշառք, վստահված
անձանց և դիտորդներին ահաբեկելու դեպքեր»,- նշված է զեկույցում:
Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի խոսքերով` նման
ուսումնասիրությունների միջոցով կոմիտեն հետևում է նաև Եվրախորհրդին անդամակցելու
համար Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին:
Զեկույցում ընդգրկված են նաև այլ միջազգային կազմակերպությունների
հետազոտությունների արդյունքները:
Օրինակ` «Թրանսփերենսի ինթերնեյշնլ» կազմակերպության տվյալներով` կոռուպցիայի
տարածվածությամբ Հայաստանը 159 երկրների մեջ 2005 թվականին զբաղեցրել է 88-րդ տեղը:
Կոմիտեի դիտարկմամբ` նախորդ տարիների համեմատությամբ կոռուպցիայի տարածումը
կանխելու գործում զգալի առաջընթաց չի գրանցվել:
Համաշխարհային բանկի և Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի կատարած
հարցումներից պարզվել է, որ 2002 թ. համեմատությամբ անցյալ տարի ավելի մեծ թվով
ընկերություններ են հիշատակել կոռուպցիան` որպես Հայաստանում գործարարությանը
խանգարող հիմնախնդիր:
«Թղթակիցներ առանց սահմանի» միջազգային կազմակերպության հրապարակած «Աշխարհում
մամուլի ազատության վարկանիշի» համաձայն` Հայաստանը 2005 թ. զբաղեցրել է 102-105-րդ
տեղերը, մինչդեռ 2004-ին 83-րդն էր:
2005 թ. նոյեմբերին Երևանի մամուլի ակումբի կատարած մոնիտորինգը ցույց է տվել, որ
Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեում հեռուստաընկերությունները չեն
ապահովել քաղաքական քարոզչության հավասարակշռված լուսաբանում:
Հելսինկյան կոմիտեն փաստում է, որ հայաստանյան լրատվամիջոցները չեն ապահովում
բազմակարծություն, առկա է նաև ներքին գրաքննություն:
Զեկույցում նաև նշվում է, որ Հայաստանի արդարադատության համակարգը` որպես մարդու
իրավունքների պաշտպանության մեխանիզմ, արդյունավետ չի գործել:
«Դիտորդում» նշվում է, որ ավելացել են մարդու իրավունքների ոտնահարման դեպքերը
քրեակատարողական հիմնարկներում: Իսկ արդարադատության նախարարության ներկայացուցիչ
Արթուր Հովհաննիսյանը պնդում է հակառակը:
Կոմիտեի հրապարակած զեկույցում տեղ են գտել նաև սեփականության իրավունքի խախտման
դեպքեր, մասնավորապես` պետական կարիքների անվան տակ մայրաքաղաքի Բուզանդի և Ամիրյան
փողոցների բնակիչների վտարումներն իրենց տներից:
Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի ստացած բողոքների` 2005-ին իրենց տներից վտարվել
է 176 քաղաքացի:
Հելսինկյան կոմիտեի հավաստմամբ` այդ փողոցների բնակիչների քանդված տների տեղում
կատարվող «շինարարությունը որևէ առնչություն չունի պետության կարիքների հետ,
մասնավոր ձեռնարկություններն այդտեղ իրականացնելու են բիզնես-նախագծեր` կառուցելու
են բազմաբնակարանային շենքեր և բնակարանները վաճառելու են»:
Արփի Հարությունյան, «ԱրմենիաՆաուի» թղթակից
