NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հայաստանը չընտրվեց ՄԱԿ-ի նորաստեղծ խորհրդի անդամ
Այսօր վաղ առավոտյան Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան փակ, գաղտնի
քվեարկությամբ ընտրեց Մարդու իրավունքների պաշտպանության նորաստեղծ խորհրդի 47
անդամներին: Անդամության համար դիմել էին նաեւ Հայաստանը, Ադրբեջանը եւ Վրաստանը:
Հայաստանը չընտրվեց Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդի կազմում, իսկ
Ադրբեջանը ընտրվեց:
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում երեկ դրամատիկ պայքար էր ծավալվել Արեւելյան Եվրոպայի
տարածաշրջանի երկրների միջեւ: Մյուս բոլոր խմբերում ընտրությունն ավարտվեց մեկ
փուլով, իսկ Հայաստանի խմբում՝ 3 փուլով: Ընդամենը 6 տեղ էր հատկացված այս խմբին,
սակայն մրցում էր 13 երկիր: Հաղթելու համար երկիրը պետք է ստանար ՄԱԿ-ի Գլխավոր
ասամբլեայի 191 անդամների քվեների մեծամասնությունը՝ 96 քվե:
Հայաստանը դուրս մնաց պայքարից հենց առաջին փուլում՝ ստանալով 70 քվե: Վրաստանը
նույնպես դուրս մնաց առաջին փուլում՝ ստանալով ընդամենը 35 ձայն:
Անհրաժեշտ քվեներ առաջին փուլում կարողացան հավաքել միայն Ռուսաստանը, Լեհաստանը եւ
Չեխիան: Այս երեք երկրներից հետո ամենաշատ քվեները հավաքեց Ադրբեջանը՝ 95 ձայն:
Միայն 1 ձայն չբավարարեց Ադրբեջանին՝ առաջին փուլում անցնելու համար:
Երկրորդ փուլի արդյունքներով, Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդում
ընտրվեցին Ադրբեջանը եւ Ուկրաինան: Ադրբեջանը ստացավ 103 քվե: Ադրբեջանը համոզիչ
հաղթանակ տարավ քվեարկության ժամանակ եւ, ըստ դիտորդների, դիվանագիտական տպավորիչ
առավելության հասավ, այդ թվում՝ Հայաստանի նկատմամբ:
Արեւելյան Եվրոպայի տարածաշրջանից, արդեն երրորդ փուլում, նորաստեղծ խորհրդի
կազմում ընտրվեց նաեւ Ռումինիան:
Ավելի վաղ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հավաստիացնում էր, թե Հայաստանի լավ
շանսեր ունի ՄԱԿ-ի նորաստեղծ խորհրդում ընտրվելու համար: «Բոլոր դեսպանությունները
տարբեր մայրցամաքներում շատ հետեւողական եւ արդյունավետ աշխատել են եւ կարծում եմ,
որ մենք ունենք բոլոր նախադրյալները, որպեսզի ներկայացնենք Հայաստանի
Հանրապետությունը՝ Մարդու իրավունքների պաշտպանության խորհրդի առաջին գումարման
կազմում»:
Մինչդեռ UN Watch միջազգային կազմակերպությունը քվեարկության նախօրեին կոչ էր արել
մերժել այն երկրների թեկնածությունները, որտեղ խախտվում են մարդու իրավունքները:
Կազմակերպության կողմից նշված երկրների թվում էին նաեւ Հայաստանը: «Սեւ ցուցակում»
էին նաեւ Ադրբեջանը, Ռուսաստանը, Կուբան եւ այլ երկրներ, որոնք, սակայն, ընտվել են
խորհրդի կազմում:
Հրայր Թամրազյան, Պրաhա
