NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Առաջին Օմբուդսմենը զեկուցեց ոչ պաշտոնապես
Մարդու իրավունքների ոտնահարումը Հայաստանում կրում է համակարգային բնույթ, իսկ
մարդու իրավունքների պաշտպանությունը ընկալված չէ հատկապես ՀՀ բարձրագույն
իշխանության կողմից: Այսօր իր զեկույցը ներկայացնելուց նման հայտարարություն արեց
ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, եւ ասածը հիմնավորեց

նրանով, որ Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով հունվարի 4-ից 40 օր երկիրը չուներ մարդու
իրավունքների պաշտպան, իսկ Սահմանադրության մեջ հստակ նշված է, որ յուրաքանչյուր
քաղաքացի ունի իր իրավունքները պաշտպանելու իրավունք, իսկ դա խոսում է հենց նրա
մասին, որ բարձրագույն իշխանությունը չունի մարդու իրավունքների պաշտպանության
կարեւորության գիտակցումը. «2 տարվա իմ աշխատանքը ցույց տվեց, որ բոլոր ճանաչում եւ
հարգում են մարդու իրավունքները որպես գերակա արժեք, բայց երբ բանը հասնում է
գործին, իշխանությունների հիմնական շերտի համար այն մնում է միայն հռչակագրային,
քան իրական»:
Այսօր Լարիսա Ալավերդյանը բավականին սուր արտահայտություններ արեց իշխանությունների
հասցեին, շեշտելով, որ որպես կանոն մարդու իրավունքները ոտնահարվում են իշխանական
օղակներում: Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ մարդիկ շատ անգամ իրենց իրավունքները
պաշտպանելու համար ուղղակի ծեծվում են: Նկատելով, որ բոլոր երկրներում էլ մարդկանց
իրավունքները ոտնահարվում են, տիկին Ալավերդյանը նշեց իրավական եւ ոչ իրավական
պետությունների տարբերությունը. իրավական է համարվում այն երկիրը, որը պատժում է
մարդու իրավունքները ոտնահարողին, իսկ ոչ իրավական՝ այն երկիրը, որտեղ ոչ միայն
ոտնահարվում են մարդու տարրական իրավունքներն, այլեւ չեն պատժվում դրանք
ոտնահարողները:
Տիկին Ալավերդյանը տեղեկացրեց, որ իրենք նաեւ համագործակցել են որոշ պետական
կառույցների հետ, եւ որպես կանոն համագործակցությունը դրական արդյունք տվել է
առավել հաճախ իշխանության ներքին ու ցածր օղակներում, քան բարձր ու բարձրագույն:
Ի դեպ, «իշխանություն » ասելով տիկին Ալավերդյանը նկատի ուներ նաեւ Ռոբերտ
Քոչարյանին, ընդ որում, եթե նախկինում նա ասում էր նախագահ, ապա այսօր իր խոսքում
ճշտում կատարեց՝ «գործող նախագահը»: Լարիսա Ալավերդյանն ի դեպ, խոստովանեց, որ իրեն
չի բավարարել ՍԴ որոշումը իրացման գոտիների խնդրի վերաբերյալ, ինչով գտնվել է
փոխզիջումային տարբերակ, որը թույլ է տալիս շարունակել մարդկանց իրավունքների
ոտնահարումը, սակայն երկրորդ մասով, հստակ նշված է, որ կառավարությունը կայացրել է
հակասահմանադրական որոշում: Իսկ որ այդ որոշումը հակասահմանադրական է, դրա մասին
տիկին Ալավերդյանը տեղեկացրել է անձամբ Ռոբերտ Քոչարյանին, Անդրանիկ Մարգարյանին,
Երվանդ Զախարյանին: Լարիսա Ալավերդյանը նկատեց, որ իմացության պակաս իշխանության
մոտ չի եղել, ինքը բոլորին տեղեկացրել է կատարվող անօրինականությունների մասին,
արդյունքում ինքն է զրկվել հեռուստատեսությամբ եթեր ստանալու հնարավորությունից:
Ընդհանրապես, տիկին Ալավերդյանի գնահատմամբ, քանի որ Հայաստանում ապրում է հայերի
1/4-ը, իսկ մնացածը այլ երկրներում ազգային փոքրամասնություն են, ով եթե ոչ
Հայաստանը պետք է սրբորեն պաշտպանի փոքրամասնությունների իրավունքները: Քանի որ
Հայաստանում առավել, քան այլ երկրներում կան փախստականներ, ով եթե ոչ Հայաստանի
իշխանությունը պետք է պաշտպանի փախստականների իրավունքները, զոհվածների
ընտանիքների, վիրավոր ազատամարտիկների, երկրաշարժից հետո ձեւավորված հաշմանդամ
խմբերի իրավունքները:
Տիկին Ալավերդյանի կարծիքով, իշխանությունը, որը տարբեր գնահատականներով համարվում
է ուժեղ, շատ թույլ է, եթե չի կարողանում պաշտպանել այս խոցելի խմբերի
իրավունքները: «Իշխանությունը ուժային է, ոչ թե ուժեղ»,- այսօր հայտարարեց
Ալավերդյանը եւ բերեց բազմաթիվ օրինակներ, որտեղ իշխանական օղակներն են հենց
ոտնահարում այդ նույն խոցելի խմբերի իրավունքները. նա հիշեցրեց փախստականներին
տանիքից զրկելու փաստը, որ պետությունը փախստականին զրկում է շենքից, կամ զոհված
ազատամարտիկի ընտանիքներից վերցնում է հողը ու տալիս բարձրաստիճան պաշտոնյայի:
Ի դեպ, Լարիսա Ալավերդյանը մի փաստ առանձնացրեց. տրանսպորտի եւ կապի նախարար
Անդրանիկ Մանուկյանը խլել է մի ՍՊԸ-ից գույք՝ ալրաղաց, դատարանը որոշել է
վերադարձնել ՍՊԸ-ի գույքը, սակայն անգամ հարկադիր կատարողներն ու Մարդու
Իիրավունքների Պաշտպանի գրասենյակի աշխատողներն անզոր են եղել վերադարձնել ալրաղացը
տիրոջը. այսինքն, օրինական սեփականության իրավունքն է խախտված մեր երկրում: Նման մի
փաստ էլ ներկայացվեց «Ֆլեշ» կազմակերպության դեմ, որը օբյեկտ է խլել, վերացրել,
սակայն հնարավոր չի դառնում վերականգնել այդ մարդու իրավունքներն այն պատճառով, որ
խլողները «իշխանամերձ շրջանակից» են:
Ի դեպ, տիկին Ալավերդյանը նկատեց, որ այն պարագայում, երբ չկա մարդու իրավունքները
պաշտպանելու քաղաքական կամք, կուժեղանա հասարակական կամքը:
Զեկույցի տեքստը ամբողջությամբ՝
ՏԱՐԵԿԱՆ ԶԵԿՈՒՅՑ 2005 թ.
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանի
գործունեության եվ երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների
խախտման մասին
