NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Սահմանադրական Դատարանը անօրեն համարեց Կառավարության որոշումը, բայց...
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը ապրիլի 18-ին, ժամը 17-ին հրապարակեց Բուզանդի փողոցի եւ Հյուսիսային պողոտայի բնակիչների սեփականության օտարման վերաբերյալ կառավարության գործողության սահմանադրականության մասին իր որոշումը: ՍԴ որոշումը բաղկացած էր 17 կետից եւ այն կարդալը Գագիկ Հարությունյանից, եւ լսելը` ներկաներից, խլեց մոտ 45 րոպե ժամանակ:
ՍԴ որոշումը նիստին ներկա Բուզանդի փողոցի եւ Հյուսիսային պողոտայի բնակիչները ընդունեցին ծափահարությամբ: Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց Երեւանի կառուցապատման համար Բուզանդի փողոցի եւ Հյուսիսային պողոտայի բնակիչների սեփականության օտարման վերաբերյալ կառավարության որոշումը:
Սահմանադրական դատարանի որոշման մեջ նշվում է, որ սեփականությունը, ըստ ՀՀ սահմանադրության, կարող է օտարվել միմիայն հանրային գերակա բացառիկ շահի դեպքում: Ըստ ՍԴ որոշման, Բուզանդի եւ Հյուսիսային պողոտայի բնակիչների սեփականությունը հարկադիր օտարվել է առանց բավարար օրենսդրական հիմնավորման եւ առանց պետության ու համայնքի շահի եւ սեփականության օտարման անհրաժեշտության մասին պատճառահետեւանքային կապի:
Սահմանադրական դատարանը համարում է, որ կառավարությունն իր հայտնի որոշմամբ չի հիմնավորել, որ սեփականության օտարումը իրականացվում է բացառիկ եւ գերակա հանրային շահից ելնելով: ՍԴ-ն որոշեց, որ կառավարության որոշումը եւ ՀՀ Քաղաքացիական եւ Հողային օրենսգրքերի այն դրույթները, որոնց վրա հիմնվելով է կառավարությունը նման որոշում կայացրել, չեն համապատասխանում ՀՀ սահմանադրությանը:
Սահմանադրական դատարանի որոշման համաձայն, մինչեւ 2006 թվականի հոկտեմբերի 1-ը կառավարությունն ու Ազգային ժողովը պետք է ընդունեն անհրաժեշտ օրենսդրական եւ ենթաօրենսդրական ակտերը, Բուզանդի եւ Հյուսիսային պողոտայի բնակիչների սեփականությունը օտարելու մասին կառավարության որոշումն ուժը կորցրած ճանաչելու համար: Սահմանադրական դատարանի որոշումը բեկանման ենթակա չէ:
Սեփականությունից զրկված բնակիչները որոշումը համարեցին իրենց առաջին հաղթանակը: Բայց այն կարող է լինել նաեւ վերջինը, եթե իհարկե ընդհանրապես կարելի է այն համարել հաղթանակ: Բանն այն է, որ ՍԴ որոշումն ավելի օգուտ էր կառավարությանը, քան բնակիչներին: Որոշումը, որ կառավարության գործողությունները ճանաչեց հակասահմանադրական, փաստորեն հետադարձ ուժ չունի: Այսինքն, բնակիչների կորուստը ոչ ոք չի փոխհատուցելու: Իհարկե, սեփականությունը կորցրած անձինք, հոկտեմբերի մեկից հետո, երբ կառավարության որոշումը կհամարվի ուժը կորցրած, կարող են իրենց սեփականության հարցով դիմել դատարան: Սակայն նրանք կարող են զրկվել նաեւ այդ հնարավորությունից: Խնդիրն այն է, որ Սահմանադրական դատարանի որոշումը բնակչին դատարան դիմելու նոր հնարավորություն է տալիս, համարվելով գործի նոր ի հայտ եկած հանգամանք: Սակայն եթե մինչեւ հոկտեմբերի մեկը վերացվի Քաղաքացիական օրենսգրքի անհամապատասխանությունը ՀՀ սահմանադրությանը, ապա ՍԴ որոշումը կարող է չդիտվել որպես նոր հանգամանք: Հետեւաբար, բնակիչների ուրախությունը կարելի է համարել փոքր ինչ վաղաժամ եւ պայմանավորել իրավական ընթացակարգերի նրանց որոշակի անտեղյակությամբ:
Իսկ Սահմանադրական դատարանի որոշումը ընդամենը լուծում է ապագայի օտարումների սահմանադրականության հարցը: Դա էլ, փաստորեն, ձեռնտու է բնակիչներին, բայց ոչ արդեն սեփականությունը կորցրած, այլ նրանց, ում թաղամասերը գտնվում են այսպես կոչված պետական կարիքների քարտեզում:
Եվ, բացի այդ, ՍԴ որոշումն առավել ցանկալի էր կառավարության համար, որը այդպիսով լուծում է փոքր խնդիր եւ իրեն ազատում ձնագնդի էֆեկտի ազդեցությունից: Բանն այն է, որ օտարումների հակասահմանադրականությունը կառավարության համար էլ ակնհայտ էր, եւ դա այդպես շարունակվել չէր կարող: Հնարավոր չէր նաեւ սեփական ձեռքով փոխել օտարումների այն կարգը, որ սահմանվել էր սեփական ձեռքով: Եվ ելքը գտնվեց, որի շնորհիվ թե նոր օմբուդսմենը որոշակի հեղինակություն ձեռք բերեց, թե կառավարությունը ՍԴ որոշման հիման վրա ստացավ այսուհետ ավելի օրինական օտարումներ իրականացնելու հնարավորություն, ինչը անհրաժետ է կառուցվող տները լավ վաճառելու համար: