Մի քանի ժամից ՍԴ-ն որոշում կկայացնի

Օմբուդսմենի դիմումի քննության երկրորդ մասն այսօր շատ կարճ տեւեց

Սահմանադրական դատարանում մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը շարունակում էր վիճարկել Քաղաքացիական եւ հողային օրենսգրերից հոդվածներ, ինչպես նաեւ կառավարության մեկ որոշում: Դրանցով կարգավորվել է Երեւանի կենտրոնի կառուցապատման ընթացքում տեղաբնակներին կացարաներից զրկելու, կենտրոնում էլիտար բնակարաններ կառուցելու գործընթացը: Նախորդ նիստն ընդհատվել էր, քանի որ պատասխանող կողմ ճանաչված կառավարության ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը պարտավորվել էր ՍԴ ներկայացնել իր հիշատակած՝ կառավարության արձանագրային որոշումները, որոնցով գործադիրն իրեն իրավունք էր վերապահել իրացնել մայրաքաղաքի կենտրոնը:

Նիստի հետաձգման երկրորդ պատճառն, ըստ դատարանի, դիմողի եւ պատասխանողի փաստարկները փորձագետների ուսումնասիրությանն հանձնելն էր: Այսօր ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրեց, որ պահանջվող փաստաթղթերը ներկայացվել են, փորձագետների եզրակացությունները կան, մնում է՝ դիմողն ու պատասխանողները հանդես գան եզրափակիչ ելույթներով:

Օմբուդսմեն Արմեն Հարությունյանն իր ելույթում պնդեց, որ վիճարկվող ակտերը հակասահմանադրական են, դա հիմնավորել են նաեւ փորձագետները: Նախագահի ներկայացուցիչ Գեւորգ Մհերյանի հակափաստարկների մասով նա ոչինչ չուներ ասելու, քանի որ երկու նիստերին այդպես էլ ըստ էության ոչինչ չասաց Ռոբերտ Քոչարյանի նորանշանակ օգնական Մհերյանը, իսկ կառավարության ներկայացուցչի մասով Արմեն Հարությունյանը նկատեց. ՚Պատասխանողի ելույթն ու հարցերը ոչ թե ժխտեցին, այլ՝ ամրապնդեցին իմ համոզմունքը, որ վիճարկվող իրավական ակտերն հակասահմանադրական ենՙ:

Մասնավորապես, քաղաքացիական օրենսգրքի հակասահմանադրական 218-րդ հոդվածի մասով ասաց, որ այնտեղ ոչ մի կերպ սահմանված չէ հանրային գերակա շահը, ինչի դեպքում պետության կամ համայնքի կարիքների համար քաղաքացուց կարելի է գնել հողը կամ բնակարանը: Իսկ կառավարության ՚արձանագրային որոշումներովՙ, նրա կարծիքով, գործադիր իշխանությունը հանրային շահ ուրվագծելու փորձեր է արել:

Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը եզրափակիչ ելույթում այսօր փոխել էր մարտավարությունը, եւ կառավարության գործերն արդարացնելու նպատակով խաղաց հիմնականում երկու գործոնի վրա. այս Սահմանադրությունում չկա հոդված, որով պահանջվի օրենքով ձեռք բերել քաղաքացու սեփականությունը, եւ երկրորդ՝ բոլոր պետությունների քաղաքների զարգանում են, զարգանում են՝ ըստ գլխավոր հատակագծի, եւ Երեւանը նույնպես պետք է կառուցվեր:

Նախարար Հարությունյանի մեկնաբանմամբ, մեր օրենսդրությունը կատարյալ չէ, կառավարության որոշումները թերի են, բայց սահմանադրականության հետ որեւէ կապ չունեն: Նա ելույթը եզրափակեց մարդասիրական նոտայով. կառավարությունը համամիտ է, որ տեղահանվածներին վճարված գումարները ոչ թե եկամուտ են, այլ՝ փոխհատուցում: Սրանով, փաստորեն, կառավարությունը ցանկանում է վերադարձնել քաղաքացիներից գանձած՝ 10 տոկոս եկամտահարկերը:

ժամը 16-ին ՍԴ-ն կհրապարակի որոշումը, իսկ այսօրվա նիստը տեւեց ընդամենը մեկ ժամ: Այդ ընթացքում դատարանի դիմաց հավաքված էին մնացել իրացման գոտիների բազմաթիվ բնակիչներ: Ուշագրավ է, սակայն, որ նրանց մեծ մասը դատարանի հետ որեւէ հույս չի կապում: Համենայնդեպս, անձրեւանոցների տակից այդպես էին հայտարարում: