Օմբուդսմենը հասկացել է իր եզակիությունը

Այսօր խորհրդարանը քննարկեց «Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ներկայացված 2005 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության եւ երկրում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման մասին տարեկան զեկույցը»: Այն ներկայացրեց մարդու իրավունքների երկրորդ պաշտպան Արմեն Հարությունյանը:

Նրա զեկույցը ոչ թե այն մասին էր, թե ինչպիսին է եղել մարդու իրավունքների պաշտպանության վիճակը հաշվետու տարում, այլ դասախոսություն էր մարդու իրավունքների ինստիտուտի մասին: Արմեն Հարությունյանը ներկայացրեց տվյալներ. «2005 թվականի ընթացքում Պաշտպանը ստացել է 1551 գրավոր բողոք, որոնց դիմումատուների թիվը կազմել է 1842: Նման տարբերությունը խմբակային բողոքների առկայության արդյունք է: 1551 բողոքներից քննարկման է ընդունվել 533-ը, դիմողին ներկայացվել են իր իրավունքների պաշտպանության հնարավորությունները՝ 188, փոխանցվել են այլ մարմնի քննարմանը 159 բողոք, իսկ 594 դիմում չի ընդունվել քննարկման, 77 դիմում ուսումնասիրման փուլում է»:

Արմեն Հարությունյանի ելույթն ունկնդրում էր ընդամենը 10 պատգամավոր: Ընդդիմությունից սկզբում ներկա էր միայն Վիկտոր Դալլաքյանը, ապա միացավ նաեւ Հրանտ Խաչատրյանն ու Արամ Գ. Սարգսյանը:

Օմբուդսմենին ուղղված հարցերից ու ելույթներից հետո, ուշացումով դահլիճ մտավ առաջին օմբուդսմեն Լարիսա Ալավերդյանը: Նա ուներ միայն 7 րոպե ելույթի իրավունք: Ալավերդյանը նախ հայտարարեց, որ իր ներկայությունը քննարկմանը չի նշանակում անօրինական գործընթացի օրինականացում, ապա շնորհակալություն հայտնեց Արմեն Հարությունյանին, որը «միայն վիճակագրական տվյալներ հայտնեց, եւ ավելի առարկայական զեկույց չունեցավ», քանի որ զեկույցը պետք է ներկայացներ ինքը՝ 2005 թվականի օմբուդսմենը: Լարիսա Ալավերդյանը տեղեկացրեց, որ ինչ-ինչ հիմնավորումներով առաջին պաշտպանին զեկուցելու իրավունքից զրկելը չի կարող պատճառ դառնալ, որ զեկույցը չհնչի, եւ ինքը հաջորդ շաբաթվա ընթացքում պատրաստվում է ներկայացնել լայն հասարակությանը իր պատրաստած զեկույցը եւ պատգամավորներին հրավիրեց մասնակցելու զեկույցի քննարկմանը:

Լարիսա Ալավերդյանը տեղեկացրեց, թե հատկապես որ ոլորտներում է ոտնահարվում մարդկանց իրավունքները. իշխանական, տնտեսական եւ խոսքի ազատության: «Իշխանությունը փնտրում է հարմար առիթ՝ մարդու իրավունքները ոտնահարելու համար»,- ասաց Լարիսա Ալավերդյանը: Տնտեսական առումով ոտնահարվում են աղքատների իրավունքները, եւ ընդհանուր առմամբ մարդկանց տեղեկատվություն ստանալու իրավունքը: Լարիսա Ալավերդյանին կանոնակարգ-օրենքով հարցեր տալու իրավունք չկար:

Ի դեպ, Արմեն Հարությունյանը մինչեւ մարդու իրավունքների պաշտպան նշանակվելը պաշտպանին կոչում էր «օմբուդսմեն», այսօր նա իր խոսքում ասում էր «օմբուդսման»: Տարբերությունը առաջացնում է անգլերեն լեզուն, որում «men»-ը հոգնակի է, իսկ «man»-ը` եզակի: Փաստորեն, Արմեն Հարությունյանը հասկացել է իր եզակիությունը: