NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Ա1+»-ի հարցը փակված չէ
Մամուլի միջազգային ինստիտուտը այսօր Վիեննայում հրապարակել է 2005 թվականի
զեկույցը, որում ի թիվս այլ խնդիրների՝ Հայաստանում չլուծված խնդիր է համարվում
«Ա1+»-ի հարցը: Զեկույցում անդրադարձ կա նաեւ «Ա1+»-ին ուղղված տարածքն ազատելու
պահանջին. «Հունվարին ԳԱԱ-ն շարունակել է «Ա1+»-ից պահանջել ազատել տարածքը
երեւանյան իր մի շինությունից, որտեղ տեղակայված են նաեւ մի շարք խմբագրատներ»:

Զեկույցում հիշեցվում է, որ «Ա1+»-ը եթերազրկվել է 2002թ. ապրիլին ՀՌԱՀ-ի որոշմամբ:
Ընկերությունը եթերազրկումից սկսած մասնակցել է կապուղիների 7 մրցույթի, բայց առանց
հաջողության: Զեկույցի հեղինակները չեն մոռացել տեղեկացել, որ տարածք ազատել
պահանջվում է մի ընկերությունից, որը շարունակում է հեռուստաարտադրանք թողարկել
մարզային հեռուստաընկերությունների համար, ունի պոպուլյար ինտերնետային կայք,
տպագրում է «Այբ-ֆե» շաբաթաթերթը, կազմակերպում է հեռուստատեսային դասընթացներ:
Նշվում է նաեւ, որ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը խոստացել է ընկերությանը տրամադրել
այլընտրանքային տարածք: Զեկույցի հեղինակները, հիմք ընդունելով «Ազատություն»
ռադիոկայանի հաղորդումը, ասում են, որ 2006թ Եվրոդատարանը ամենայն հավանականությամբ
կլսի «Ա1+»-ի հարցը:
Անդրադարձ կա նաեւ Հայաստանի 7 լրատվական կազմակերպությունների, ինչպիսիք են
Երեւանի մամուլի ակումբը, Լրագրողների միությունը, դժգոհություններին, որոնք նախորդ
տարվա հուլիսի 13-ին նամակով քննադատել են կառավարության կողմից առաջարկվող
սահմանադրական փոփոխությունները: Նրանք պահանջում էին սահմանափակել Նախագահի
իրավունքը ՀՌԱՀ-ի անդամների նշանակման գործում՝ Հանձնաժողովը նրա ճնշումներից զերծ
պահելու համար: Քննադատվել էր նաեւ Հանրային հեռուստառադիոընկերության կառավարման
մարմնի ձեւավորման առաջարկվող կարգը:
Զեկույցի հեղինակները նաեւ արձանագրել են անցած տարվա ապրիլին «Սյունյաց Երկիր»
թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանի նկատմամբ հարձակումները:
Անդրադառնալով 2005թ նոյեբերի 27-ին կայացած ՀՀ սահմանադրական հանրաքվեին՝
հեղինակները նշում են, որ արձանագրվել են բազմաթիվ ընտրախախտումներ, քվեաթերթիկների
լցումներ եւ այլն: «Ըստ պաշտոնական արդյունքների, հայաստանցիները հավանություն են
տվել փոփոխություններին»,- եզրափակում է զեկույցը:
Ի դեպ, ըստ Մամուլի միջազգային ինստիտուտի զեկույցի՝ մամուլի համար ամենավտանգավոր
երկիրն այսօրվա դրությամբ Իրաքն է: Ընդհանուր հաշվով ամբողջ աշխարհում անցյալ տարի
սպանվել է 65 լրագրող, Լրագրողներ են սպանվել 21 երկրներում եւս, 4-ը՝ Արեւելյան
Եվրոպայում, 26-ը՝ Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում: Վերջին երկուսը
համարվում են աշխարհում մամուլի համար ամենաանբարենպաստ տարածաշրջանները:
