NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Առաքման պրոբլեմներ. թերթերի առաքման մասին նոր օրենքը գրաքննության մտավախություն է հարուցում
Հայ լրագրողները տագնապ են բարձրացնում նոր օրենքի առնչությամբ, որն առաջին
անգամ լիցենզավորման պահանջ է դնում թերթերի առաքմամբ զբաղվող ընկերությունների
առաջ:
Հայաստանում համարում են, որ այդ օրենքը, որն անցյալ տարի Ազգային ժողովն ընդունել
է որպես փոփոխություն «Փոստային կապի մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքներում,
իրականում պետական գրաքննության թաքնված ձև է:
«Հայաստանի ժուռնալիստական հանրությունը և հասարակական կազմակերպությունները
փորձում են կանխել այս օրենքի կիրարկումը,- ՊԽԼԻ թղթակցին ասաց Երևանի մամուլի
ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը: - Այլապես մենք ստիպված կլինենք արձանագրել
գաղտնի գրաքննության ևս մի մեխանիզմ»:
Նոր օրենքով թերթերի առաքման լիցենզիա ստանալու համար ընկերությունները պետք է
վճարեն տարեկան մոտ 11000 դոլար գումար: Դիտորդների համոզմամբ՝ այս պահանջը
կսնանկացնի փոքր անկախ առաքող ընկերությունները և թերթերի առաքումը երկրում կհանձնի
պետությանը մոտ կանգնած երկու ընկերությունների՝ Հայաստանի փոստային ծառայության՝
«Հայփոստի» և կրպակների մեծ մասի սեփականատեր «Հայմամուլի» ձեռքը:
«Հայփոստը», որպես ինքնաֆինանսավորվող փակ բաժնետիրական ընկերություն, ձևականորեն
անկախ է: Սակայն քանի որ ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսն էլ պատկանում է
պետությանը, համարվում է, որ այն սերտ կապերի մեջ է կառավարության հետ:
Մյուս կողմից, «Հայմամուլը» լիովին անկախ է, սակայն նրա ծագումը նույնպես հուշում
է, որ այն սերտ կապեր ունի պետական կառույցների հետ: Ընկերությունը հիմնադրվել է
1939 թվականին որպես թերթերի բաժանորդագրությամբ և առաքմամբ զբաղվող միակ
կազմակերպություն: Այսօր այն Հայաստանի ամենամեծ առաքողն է, ունի մոտ 400 կրպակ և
7223 բաժանորդ և այն փոքրաթիվ ընկերություններից է, որոնք ներկայացված են
հանրապետության բոլոր մարզերում:
Լրատվության ոլորտի մասնագետները պնդում են, որ ուղղակի գրաքննություն սահմանելու
փոխարեն, պետական պաշտոնյաները կարող են ճնշում գործադրել այս երկու
ընկերությունների վրա՝ թույլ չտալով, որ անցանկալի բովանդակությամբ թերթերը հասնեն
հասարակությանը, հատկապես՝ մարզերում:
«Իմ տպավորությամբ, Հայաստանում կառավարությունն անում է հնարավորինը և անգամ
անհնարը, որ թերթերի տարածումը զգալիորեն քչանա, հետևաբար և փոքրանա ոչ շահավետ
ինֆորմացիայի ազդեցությունը հանրության վրա»,- նշում է «Ազգ» օրաթերթի գլխավոր
խմբագիր Հակոբ Ավետիքյանը:
Օրենքի հակառակորդները նշում են մի շարք դեպքեր, երբ «Հայմամուլը» չի իրականացրել
պարբերականների առաքումը: Օրինակ՝ 2002 թ. հոկտեմբերին «Հայմամուլի» կրպակներից
անհետացավ ընդդիմադիր «Առավոտ» օրաթերթի 4600 օրինակ:
«Առավոտում» ասում են, որ այդ միջադեպը կապված էր Հայաստանի վարչապետի խորհրդական
Հրաչ Աբգարյանին քննադատող մի հոդվածի հետ:
Երևանի մամուլի ակումբը և մի շարք հասարակական կազմակերպություններ հայտարարեցին,
որ նոր օրենքը ոտնահարում է մարդու իրավունքները և նամակ ուղարկեցին Ազգային ժողով՝
պահանջելով վերանայել օրենքը: Ըստ ՊԽԼԻ տվյալների՝ ընդդիմադիր Միացյալ
աշխատավորական կուսակցությունը սատար է կանգնել այդ նախաձեռնությանը:
Մամուլի ակումբի ներկայացուցիչները պնդում են, որ նոր օրենքը խախտում է Մարդու
իրավունքների և հիմնարար ազատությունների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը,
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 19-րդ հոդվածը, ինչպես նաև ՀՀ
սահմանադրության 24-րդ հոդվածը, որը երաշխավորում է ազատ արտահայտվելու իրավունքը:
«Եթե մենք Եվրախորհրդի անդամ ենք և խոսում ենք եվրոպական ինտեգրման, խոսքի
ազատության ու մամուլի ազատության մասին, ուրեմն պետք է հրաժարվենք մամուլի
գրաքննությունից»,- ասում է թերթերի բաժանորդագրությամբ զբաղվող «Բլից մեդիա» անկախ
ընկերության տնօրեն Արմեն Դավթյանը, որը համեմատում է լիցենզավորման պահանջի
առնչությամբ առաջացած իրավիճակը ավտորիտար Բելառուսի իրավիճակի հետ:
Նոր օրենքը ուժի մեջ է մտնում հենց այն ժամանակ, երբ մի քանի փոքր, անկախ
ընկերություններ մարտահրավեր են նետել «Հայփոստի» և «Հայմամուլի»՝ առաքման ոլորտում
գրեթե մենաշնորհային կարգավիճակին:
Օրինակ՝ անցյալ տարի ԱՄՆ ֆինանսավորմամբ գործող «Եվրասիա» հիմնադրամը և Ջորջ Սորոսի
Բաց հասարակության ինստիտուտը առաքման այլընտրանքային միջոցներին աջակցելու և
մարզերում առաքումը բարելավելու կոչված ծրագրի շրջանակներում դրամաշնորհներ
հանձնեցին հինգ ընկերությունների:
«Եվրասիայի» ներկայացուցիչների խոսքերով՝ Հայաստանի օրաթերթերի չնչին մասն է
հասնում գյուղական շրջաններ, որտեղ ապրում է բնակչության մի զգալի մասը: Նրանց
հավաստմամբ՝ որոշ հեռավոր բնակավայրեր ոչ մի տպագիր պարբերական չի հասնում:
«Մեր նպատակն էր ստեղծել կայուն գործուն ընկերություններ, որոնք կնպաստեին
«Հայփոստի» և «Հայմամուլի» մենաշնորհային դիրքի թուլացմանը և կդառնային այլընտրանք
թերթային շուկայում»,- ասում է «Եվրասիա» հիմնադրամի արտաքին կապերի համակարգող
Ալիսա Ալավերդյանը:
Սակայն այսօր նոր օրենքի պատճառով այդ ընկերությունները կանգնել են փակման վտանգի
առաջ: Հարկային տեսուչները մի քանի անգամ այցելել են նոր ընկերություններից մեկը՝
«Բլից մեդիա»՝ պահանջելով կամ դադարեցնել գործունեությունը, կամ վճարել
լիցենզավորման վճարը:
«Տարեկան 1500 դոլար եկամտահարկ եմ վճարում և գիտեմ, որ ոլորտում աշխատող մյուս
փոքր ձեռնարկություններն էլ մոտ այդքան հարկ են վճարում,- ասում է «Բլիցի» տնօրեն
Դավթյանը: - Լիցենզավորման այդ 11000 դոլարը ոչ մի տրամաբանության չի ենթարկվում»:
Վանաձորում թերթերի բաժանորդագրությամբ և տարածմամբ զբաղվող և մոտ 700 բաժանորդ
ունեցող «Սիմիկյան» ընկերության տնօրեն Հայկազ Սիմիկյանն ասում է, որ ընկերությունն
ի վիճակի չէ լիցենզավորման համար տարեկան նման գումար վճարելու: «Սիմիկյանը»
«Եվրասիա» հիմնադրամից և Բաց հասարակության ինստիտուտից դրամաշնորհ ստացած հինգ
ընկերություններից մեկն է:
«Այդ գումարի չափն աբսուրդ է,- ասաց Սիմիկյանը: - Նման պայմաններում շահույթ
ստանալը բացառվում է»:
«Եվրասիա» հիմնադրամի ներկայացուցիչները նշում են, որ օրենքը ժամանակավրեպ է. «Այդ
ծրագրի արդյունքում նկատելիորեն ավելացավ որոշ թերթերի տպաքանակը,- ասում է
հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ծրագրերի համակարգող Մարինա Մխիթարյանը: - Դա
շարունակվեց այնքան ժամանակ, մինչև լիցենզիայի բացակայության պատճառով
ընկերությունները կանգնեցին հարկային մարմինների հետ առաջացած խնդիրների առջև»:
Կառավարության ներկայացուցիչները, իրենց հերթին, պաշտպանում են նոր օրենքը՝
պնդելով, որ այն ամենևին չի սահմանափակում լրատվության տարածումը: Նրանք պնդում են,
որ լիցենզավորվում է ոչ թե բաժանորդագրությունը, այլ առաքումը, որ նոր օրենքը
կամրապնդի առաքման համակարգը և կներդնի կարգավորման մեխանիզմներ, հատկապես՝
մարզերում:
Տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայության ղեկավար Թամարա Ղալեչյանի
հավաստմամբ՝ լիցենզավորման բարձր վճարը հնարավորություն կտա մաքրելու ոլորտը, և
երաշխավորելու, որ միայն լավագույն ծառայություններ մատուցող ընկերությունները
կզբաղվեն թերթերի առաքմամբ:
«Պետությունը առաքում իրականացնող ընկերությունների համար ներդնում է կարգավորման
մեխանիզմներ»,- ասում է Ղալեչյանը:
Սակայն այս բացատրությունը շատերը համոզիչ չեն համարում: «Ի՞նչ
միտք ունի բաժանորդագրությունը, եթե առաքում չկա», - հարցնում է «Բլիցի» տնօրեն
Դավթյանը:
Իսկ «Հայփոստում» վստահեցնում են, թե ողջ Հայաստանով սփռված 904 փոստային
բաժանմունքները ապահովում են թերթերի լայն տարածում: «Ամենահեռավոր գյուղի մեկ
բաժանորդին անգամ մենք այսօր թերթ ենք հասցնում»,- ասում է «Հայփոստի» մամուլի և
հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Աստղիկ Մարտիրոսյանը:
Նա եռանդագին պաշտպանում է նոր օրենքը. «Եթե պետությունը կարծում է, որ այդպիսի
օրենքի կարիք կա, ուրեմն այդ կարիքն իսկապես կա»,- ասում է նա:
Հետաքրքիր է, որ թեև թվում է, թե նոր օրենքը շահեկան է «Հայմամուլին», նրա
աշխատակիցները հայտարարում են, որ դեմ են դրան. «Այսօր առանց այդ էլ թերթերի
տպաքանակը շատ փոքր է, թերթ չի հասնում հատկապես մարզերի բնակչությանը»,-ասում է
«Հայմամուլի» գործադիր տնօրեն Արշալույս Մանուկյանը:
«Նման օրենքը կհանգեցնի նրան, որ գյուղացին լիովին հեռանա տեղեկատվական դաշտից,
քանի որ փոքր բյուջե ունեցող ընկերությունները չեն կարողանա վճարել և կդադարեցնեն
իրենց գործունեությունը»,- ասում է Մանուկյանը՝ օրենքն անվանելով «հիվանդ
երևակայության ծնունդ»:
Արփի Հարությունյան
Հատուկ՝ Պատերազմի և խաղաղության լրատվության ինստիտուտի համար (ՊԽԼԻ)
Այս հոդվածը նախ հրապարակվել է Պատերազմի և խաղաղության լրատվության
ինստիտուտի կայքում՝ www.iwpr.net: Հոդվածի պատրաստմանը մասնակցել է ՊԽԼԻ հայաստանյան գրասենյակի համակարգող
Սեդա Մուրադյանը:
