NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Բոյանա Ուրումովա. «Օմբուդսմենի 2005-ի զեկույցը պետք է խորհրդարանում ամբողջովին ներկայացվի»
«Պետք է հարգել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի դրույթները, եւ
օմբուդսմենի 2005ի զեկույցը պետք է խորհրդարանում ամբողջովին ներկայացվի, որովհետեւ
հասարակությունը դրան տեղեկանալու իրավունք ունի», - ի պատասխան «Ազատություն»
ռադիոկայանի հարցին, ասել է Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ
Բոյանա Ուրումովան:
Հիշեցնելով, որ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի հիմնումը Եվրախորհրդի
առջեւ Հայաստանի ստանձնած պարտավորություններից է, Ուրումովան ասաց, որ
կազմակերպությունն ուշադիր հետեւել է այս ինստիտուտի ձեւավորմանը եւ դրական է
գնահատում, որ նոր պաշտպանն արդեն ստանձնել է պաշտոնն ու հետեւում է մնացել դրա
թափուր լինելու ժամանակահատվածը:
Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության բուն ընթացքին վերաբերող հարցին Բոյանա
Ուրումովան պատասխանեց. - «Ինչ հիմա շեշտել կուզենայի՝ դրական է, որ պաշտոնն այժմ
թափուր չէ, եւ այժմ նոր օմբուդսմեն կա, որը կարող է կատարել հասարակության հանդեպ
ծառայությունը»:
Հայաստանում լրատվամիջոցների ազատության ներկայիս վիճակին վերաբերող հարցին
Եվրախորհրդի ներկայացուցիչը պատասխանեց. - «Եվրախորհուրդն ուշադիր հետեւում է
Հայաստանում մամուլի ազատության ու բազմակարծության վիճակին»:
Նա հիշեցրեց, որ թե’ Խոհրդարանական վեհաժողովի դիտարկման հանձնաժողովը, թե’
նախարարների կոմիտեի Ագոյի խումբը՝ իշխանությունների առջեւ բարձրացրել են «Ա1+»
հեռուստաընկերությանը հեռարձակման արտոնագիր չտալու հարցը:
«Եվրոպական չափանիշներ համաձայն», - ավելացրեց Բոյանա Ուրումովան, - «հեռարձակման
արտոնագրերի շնորհումը կամ մերժումը պետք է հիմնված լինի հետեւողական, անաչառ եւ
թափանցիկ չափանիշների վրա»:
Եվրախորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը հիշեցրեց նաեւ Եվրախորհրդի
պնդումները՝ Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ձեւավորման այնպիսի
եղանակի առիթով, որով նրա անդամների հանդեպ քաղաքական միջամտությունը կբացառվի:
Սահմանադրության փոփոխություններով նշված հանձնաժողովի անդամների կեսին հետագայում
նշանակելու է Ազգային Ժողովը, մյուս կեսին՝ երկրի նախագահը: Ներկայումս նախագահն է
միանձնյա նշանակում հանձնաժողովի բոլոր անդամներին: Բայց, ի տարբերություն շատ այլ
օրենքների, սահմանադրության անցումային դրույթներում ամրագրված չէ, թե որն է այս
օրենքը փոխելու վերջին ժամկետը:
Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը, մինչդեռ, այսօր
«Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ իր տարեկան զեկույցի (որը նա այդպես էլ
չկարողացավ ներկայացնել Ազգային ժողովում) հակիրճ բնութագիրն արդեն տեղադրվել է
էլեկտրոնային որոշ լրատվամիջոցների կայքէջերում:
«Այս պահին լրիվ պատրաստ է զեկույցը: Ես աշխատում եմ շատ մեծ պատասխանատվությամբ:
Եվ չեմ շտապում, որովհետեւ օրենքը թույլ է տալիս դա անել մինչեւ մատրի 31-ը
ներառյալ», - ասաց Ալավերդյանը:
Մարդու իրավունքների նոր պաշտպան Արմեն Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանին
ասաց, որ առաջիկա օրերին պատրաստվում է զեկույց ներկայացնել խորհրդարանին:
Զեկույցը, բնականաբար, չի կարող լինել իր գործունեության մասին, այլ, ինչպես օրենքն
է պահանջում՝ երկրում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների խախտման
մասին:
Ազգային ժողովի՝ փետրվարին ընդունած որոշմամբ, զեկույցի հրապարակման ժամանակ մարդու
իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավարդյանը հրավիրվել է, իր ձեւակերպմամբ՝
«որպես ելույթ ունեցողներից մեկը»:
Ռուզան Խաչատրյան եւ Կարինե Քալանթարյան
