NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Ա1+»-ը վտարվում է զբաղեցրած տարածքից
Օրվա առաջին կեսին, երբ Հելսինկյան կոմիտեի ղեկավար Ավետիք Իշխանյանը,
անդրադառնալով «Ա1+»-ի փակման խնդրին, առաջարկում էր քննարկման մասնակիցներին
հետեւողական լինել, երկրում օրինականություն հաստատելու համար սկսել հանուն խոսքի
ազատության եւ «Ա1+»-ի վերաբացման պայքարից, որեւէ մեկը չգիտեր, որ
հեռուստաընկերության աշխատակազմին վտարելու հարցը նորից է բարձրացվելու:
«Խնդիրը միանշանակ պարզ է՝ «Ա1+»-ին վտարելը: Հիմա դա շատ արդիական է դարձել: Եվ՝
ինչքան հնարավոր է շուտ վտարելը: Պատճառաբանությունը նա է, որ Ազգային ակադեմիան
տեղավորելու տեղ չունի Լեզվի ինստիտուտը», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց
«Մելտեքս» ընկերության ղեկավար Մեսրոպ Մովսեսյանը:
Հարցին, թե ամիսներ առաջ ինքը չէ՞ր ստացել խոստում, որ հեռուստաընկերությունը կմնա
նույն տեղում, Մովսեսյանը պատասխանեց. - «Խոստումը եղել է՝ բանավոր
պայմանավորվածություն կառավարության եւ մեր միջեւ: Ոչ մի գրավոր հրաման կամ
կարգադրություն: Եվ կառավարությունը պետք է մեզ առաջարկեր համարժեք տարածք: Մեկ
անգամ եղավ առաջարկություն, բայց չբավարարեց սենյակների քանակը»:
Մովսեսյանը ասաց, որ վաղը պիտի հանդիպի պետական գույքի կառավարման վարչության
աշխատակիցների հետ, որոնք նոր առաջարկ պետք է անեն. - «Սակայն այսօր հարկադիր
կատարածուները առաջադրել են մեզ մինչեւ վաղը ժամը 12-ը սկսել տարածքի ազատման
գործընթացը: Մի քիչ անհեթեթ իրավիճակ է. չունենալով որեւէ տեղ, ես չեմ պատրաստվում
դեռ դուրս գալ այստեղից»:
Իրավիճակի հանգուցալուծումը «Ա1+»-ի տնօրենը տեսնում է «հարցի խաղաղ լուծման
ճանապարհներ գտնելու մեջ». - «Այլապես պայքարի նոր ճանապարհ պետք է ընտրենք»:
«Ես հուսով եմ, որ վաղը կլինի նոր առաջարկ, որը կբավարարի մեր պահանջները», -
եզրափակեց Մեսրոպ Մովսեսյանը:
Կարինե Քալանթարյան
