Հայաստանի նոր օմբուդսմենը դիմել է Սահմանադրական դատարան

Հայաստանի նորանշանակ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը դիմել է Սահմանադրական
դատարան՝ մի շարք օրենսդրական դրույթների եւ կառավարության որոշումների
օրինականությունը քննելու խնդրանքով: «Ազատություն» ռադիոկայանը Սահմանադրական
դատարանից տեղեկացել է, որ մարդու իրավունքների պաշտպանի դիմումը ստացվել է:

Արմեն Հարությունյանը վիճարկում է քաղաքացիական եւ հողային օրենսգրքերի մի շարք
հոդվածների, ինչպես նաեւ 2002 թվականին կառավարության ընդունած որոշումների
համապատասխանությունը Հայաստանի Սահմանադրության 31-րդ հոդվածին: Սահմանադրական
դրույթն ամրագրում է, որ «սեփականության օտարումը հասարակության եւ պետության
կարիքների համար կարող է կատարվել միայն բացառիկ՝ գերակա հանրային շահերի
դեպքերում, օրենքով սահմանված կարգով, նախնական համարժեք փոխհատուցմամբ»:

Երեւանի Բուզանդի փողոցի եւ Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները, ինպես նաեւ
Դալմայի այգիներում հողատարածք օգտագործողները բողոքում են իրենց տների եւ
հողամասերի օտարման դեմ: Այսօր նրանք հավաքվել էին կառավարության շենքի դիմաց՝
«Ձեռքներդ հեռու մեր տներից», «Պարոն նախագահ, դուք խլեցիք իմ տունը, իմ
ունեցվածքը», «Հայաստանում չի ճանաչվում եւ չի պաշտպանվում սեփականության
իրավունքը» պաստառներով:

Ռուզան Խաչատրյան