NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Նոր հասարակություն, նոր պրոբլեմներ, նոր լուծում. Հայաստանում բացվում է առաջին կացարանը անօթևանների համար
Երիտասարդ կնոջ շպարված դեմքը փայլում է «շինծու» երջանկությունից: Կապույտ
ստվերաներկով ծանրաբեռնված կոպերի տակից տխուր ժպտում են աչքերը: Խոսելիս ձեռքերի
մատներն անընդհատ կծկում է: Անխնամ եղունգները նույնպես կապույտով են ներկված:
«Սիրում եմ կապույտը: Ինձ թվում է՝ այն կօգնի, որ երազանքներս իրականություն
դառնան: Շատ բան չեմ ուզում այս կյանքից՝ սեփական տանիք գլխիս վերևում, մեկ էլ՝
աշխատանք, որ կարողանամ տղայիս մեծացնել»,- ասում է 33-ամյա Կարմեն Ստեփանյանը:
Կարմենն այն անօթևաններից է, որոնք ժամանակավոր ապաստան են գտել Երևանի թիվ 1 տուն
ինտերնատի մասնաշենքերից մեկում: Նրան այստեղ են տեղափոխել Աբովյանի
հակատուբերկուլոզային կենտրոնից, որտեղ բուժվում էր երեք ամսական որդին՝ Էդմոնդը:
Մինչ այդ հինգ տարի շարունակ ապրել է շենքերի մուտքերում ու այգիներում:
Անօթևանների կացարանը նախատեսված չէ անչափահասների համար, այդ պատճառով Կարմենը
երեխային ժամանակավորապես հանձնել է Նորքի մանկատուն:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Կացարան անօթևան մարդկանց համար»
ծրագիրը հաստատվել է կառավարության կողմից: Հունվարի 25-ին տուն ինտերնատում
հայտնվել են առաջին վեց անօթևանները:
«Մեր աշխատակիցները հիմա էլ շարունակում են նրանց որոնել հնարավոր բոլոր
վայրերում`աղբանոցներում, կիսակառույց շինություններում: Այնքան էլ հեշտ չէ նրանց
այստեղ բերելը, և սա զուտ հոգեբանական խնդիր է: Մտավախություն ունեն, որ
կսահմանափակվեն իրենց իրավունքները կամ այլևս չեն կարողանա այստեղից դուրս գալ:
Հաճախ նրանց գնում են համոզելու մեզ մոտ հայտնված իրենց իսկ ընկերները»,- ասում է
տուն ինտերնատի տնօրեն Դավիթ Շահբազյանը:
64-ամյա Ռուբեն Եղիազարյանը չի էլ հիշում թե երբվանից սկսեց գիշերել բաց երկնքի
տակ: Ծնունդով գյումրեցի է, ժամանակին ունեցել է տուն, ընտանիք, աշխատանք, այսօր՝
ոչինչ:
«Չուզենալով ենք գալիս, բայց հետո համոզվում ենք, որ այստեղ դրսից լավ է»,- ասում է
նա:
Հայաստանի անօթևանների այս առաջին կացարանում մարդիկ լողանում են, նոր հագուստ
ստանում, մտնում ջեռուցվող սենյակ ու վայելում վաղուց մոռացված տաքուկ անկողինը:
Օրը երեք անգամ սնվում են, 24 ժամ շարունակ բժշկի հսկողության տակ լինում:
Բնակիչներին բժշկական քննության են ենթարկում, հիվանդներին առանձնացնում են
առողջներից: Երկուսին արդեն տեղափոխել են Աբովյանի հակատուբերկուլոզային կենտրոն:
40-ամյա Պողոսը խոհանոցի դռներից չի հեռանում. նրան գայթակղել է տոլմայի անուշ
բուրմունքը: Նա հաշվում է րոպեները այն վայելելու համար: Այն ընկերների մասին,
որոնք հրաժարվեցին իր հետ գալ, ասում է. «Չեկան, որովհետև վախեցան, որ երբ ստեղից
երկու ամիս հետո գնան, իրենց տեղը արդեն գրաված կլինեն, և, հետո, նրանք առանց
խմիչքի չէին կարող, իսկ այստեղ դա թույլ չեն տալիս»:
Շահբազյանն ասում է, որ Նուբարաշենի աղբանոցի մոտ անօթևանների մի մեծ բանակ կա,
որոնք այդպես էլ չհամաձայնեցին իրենց լսել:
Ըստ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության՝ այս տարվա պետբյուջեից ծրագրին
կհատկացվի 89 մլն դրամ: Այն նախատեսված է 30 մարդու համար, յուրաքանչյուրը կարող է
մնալ 2 ամիս:
Մինչև այժմ կացարանն ընդունել է 28 մարդ: Եղել են դեպքեր, երբ հեռուստահաղորդումը
տեսնելուց հետո մարդիկ եկել և իրենց հարազատներին տուն են տարել:
Նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ,
տարեցների բաժնի պետ Անահիտ Ավագյանն ասում է, որ երբ ֆինանսավորումը ամբողջությամբ
տրվի, մասնաշենքը հիմնանորոգման ենթարկվի: Ձմեռը ստիպեց, որ մարդկանց այդ անկատար
պայմաններում ընդունեն:
Համաձայն ծրագրի՝ անօթևանները ստանում են ոչ միայն սոցիալական ու բժշկական, այլև
իրավական օգնություն:
«Գրեթե ոչ մեկն անձնագիր չունի, փորձում ենք նրանց համար պատրաստել ժամանակավոր
փաստաթղթեր (9-րդ ձև): Ծերերին և հաշմանդամներին կտեղավորենք համապատասխան տուն
ինտերնատներում»,- ասում է Շահբազյանը:
Իսկ Ավագյանը նշում է, որ երկու ամսով կացարանով ապահովելը ընդունված ձև է ողջ
աշխարհում:
«Կացարանը մշտական չէ, և դա մեր խնդիրն էլ չէ: Մեր խնդիրն է մարդկանց ժամանակավոր
սոցիալապես աջակցել, և ընդհանրապես կարծում ենք, որ աշխատունակ մարդուն պահելու
հոգսը պետությունը չպետք է վերցնի իր վրա, այլ պետք է աջակցի աշխատանք գտնել»,-
ասում է նա:
Իսկ Շահբազյանը մտավախությամբ է մոտենում այդ հարցին. «Հնարավոր է ոմանց համար
աշխատանք գտնել, բայց կցանկանան արդյո՞ք աշխատել. սա է խնդիրը»:
Գայանե Մկրտչյան, «ԱրմենիաՆաուի» թղթակից
