NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Լրագրողների պաշտպանության կոմիտեն՝ Հայաստանի մասին
Լրագրողների պաշտպանության կոմիտեյի (Committee to Protect Journalists)
դիտարկումների համաձայն, 2005 թվականի Հայաստանի ամենամեծ խնդիրը՝ 2002 թվականից
հեռուստաեթերից զրկված «Ա1+» -ի հերթական, թվով 10-րդ հայտի մերժումն էր: «Հակառակ
Եվրախորհրդի եւ միջազգային այլ կազմակերպությունների հորդորների՝ Հայաստանի
կառավարությունը փետրվարին կրկին չարտոնեց հեռուստաընկերության հաղորդումների
հեռարձակումը», - փաստում է կոմիտեն:
Նույն ամսին ներքին գործերի նախարարությունը կասեցրեց «Հայկական ժամանակ» օրաթերթի
գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի ավտոմեքենան այրելու առնչությամբ հարուցված
քրեական գործի քննությունը: «Ոչ ոք այդպես էլ չձեռբակավեց, ոստիկանությունը անգամ
չի հարցաքննել այն քաղաքական գործչին, որն, թերթի պնդմամբ, պատասխանատու էր
հանցագործության համար», - նշում են զեկույցի հեղինակները:
Լրագրողին պատկանող ավտոմեքենան այրելու մարտավարությունը կրկնվեց ապրիլ ամսին: Այս
անգամ թիրախը՝ «Սյունյաց երկիր» թերթի գլխավոր խմբագիր Սամվել Ալեքսանյանի
ավետոմեքենան էր: Ըստ Ալեքսանյանի, այդ հարձակումը հետեւել էր տեղական
իշխանություններին քննադատող հովդածի հրապարակմանը:
Լրագրողների պաշտպանության կոմիտեյի գնահատմամբ, ապրիլի 19-ին Հայաստանի նախագահ
Ռոբերտ Քոչարյանը ստորագրեց մի օրենք, որով լրատվամիջոցների առջեւ արգելքներ են
դրվում՝ ահաբեկչական գործողությունները լուսաբանելիս:
Ըստ զեկույցի, հայ քաղաքական գործիչները պատճառաբանեցին այդ որոշումը ահաբեկչության
դեմ պայքարի անհրաժեշտությամբ: Մինչդեռ, Երեւանի մամուլի ակումբն իր մտահոգությունն
էր հայտնում փաստաթղթում ամրագրված անորոշ ձեւակերպումների կապակցությամբ:
Արմեն Դիլանյան, Պրահա
