NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հարձակվել են փաստաբան Մարինա Ջանոյանի վրա
Այսօր ժամը 14:20-ի սահմաններում Ալեք Մանուկյան փողոցի վրա, ԵՊՀ-ի
հարեւանությամբ մեքենայով փորձել են վրաերթ կատարել եւ ահաբեկել փաստաբան Մարինա
Ջանոյանին:
Մեքենան կտրուկ արգելակել է, եւ վարորդի կողից իջել է մոտ 30 տարեկան մի
բարձրահասակ եւ գեր տղամարդ, մոտեցել տիկին Ջանոյանին եւ վատ հայերենով ասել. «Ի՞նչ
իրավունքով ես վարկաբեկում մեզ: Չափդ ճանաչի, հանգիստ ապրի: Կյանքիդ մասին մտածի»:
Տիկին Ջանոյանի համոզմամբ իրեն նախազգուշացնողներն ուժային կառույցների
ներկայացուցիչներն են, իսկ ահաբեկման պատճառը փետրվարի 9-ին նրա հրավիրած մամուլի
ասուլիսն էր:
Հիշեցնենք, որ ասուլիսի առիթը 2004թ-ի մայիսի 17-ին Երեւանի Բրյուսովի անվան
պետական համալսարան հրավիրված դասախոս Ջոշուա Հագլանդի սպանության գործն էր: Դեպքից
անցել է ավելի քան մեկ ու կես տարի, սակայն հանցագործությունը բացահայտված չէ:
Երեւանի դատախազությունը գործի վարույթը կասեցրել է, իսկ նախաքննությունը եւ
ուղեկցվող միջոցառումները դադարեցված են:
Մամուլի ասուլիսի ընթացքում տիկին Ջանոյանն ակնարկել էր, որ գործը կասեցվել եւ սխալ
ուղղությամբ է ընթացել բարձրաստիճան զինվորականների հովհանավորչությամբ: Փաստաբանը
10 կետից բաղկացած առաջարկություն էր ներկայացրել դատախազություն եւ պահանջել գործը
կասեցնելու մասին որոշումն անհիմն ճանաչել:
Ինչ վերաբերում է այսօրվա դեպքին, ապա տիկին Ջանոյանը հասցրել է ֆիքսել, որ իրեն
ահաբեկողների մեքենան սկսվում է 64 համարով, արծաթագույն էր եւ սեփական
համարանիշով: «Թող հույս չունենան, որ ես լռելու եմ»,- «Ա1+»-ին ասաց տիկին
Ջանոյանը:
