NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Երեւանի քաղաքապետարանի շենքի մոտ Բուզանդ փողոցի հինգ ընտանիքները բողոքի ակցիա էին կազմակերպե
«Հայաստանի Հանրապետությունում չի ճանաչվում եւ չի պաշտպանվում սեփականության
իրավունքը» կարգախոսով եւ պաստառներով այսօր Երեւանի քաղաքապետարանի շենքի մոտ
Բուզանդ փողոցի հինգ ընտանիքները բողոքի ակցիա էին կազմակերպել:
«Օրերս մեզ պայմանագիր է եկել, որ ստորագրենք դրա տակ, իսկ եթե ոչ, ապա փետրվարի
14-ից հետո սպասենք վտարման: Փողոցում որ հայտնվենք ինչպե՞ս ենք ապրելու»,- ասում է
Բուզանդի 15 բակի 19 տան բնակչուհի Սուսաննա Պողոսյանը:
Այսօր բյուզանդցիները պատրաստվում էին դիմում ներկայացնել քաղաքապետին, որում
ներկայացնում են իրենց հետ կատարված անօրինությունները եւ խնդրում, որ իրենց
նկատմամբ կատարված անօրինություններն արդարացի լուծում ստանան: Ի պատասխան դիմումի`
այսօր նրանց ընդունեց Երեւանի քաղաքապետի տեղակալ Կարեն Դավթյանը, որն, ի դեպ,
զգալի լումա ունի Բուզանդի կառուցապատման գործում եւ փոխքաղաքապետի աթոռին
տեղափոխվեց ուղիղ «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման
գրասենյակ»-ի տնօրենի աթոռից: Ընդունելով Բուզանդ փողոցի բնակիչներին` նա «գործը»
հետաձգեց մինչեւ փետրվարի 15-ը: Այսինքն` ուղիղ այն օրը, երբ ԴԱՀԿ աշխատակիցները
կարող են քաղաքացիներին պարզապես վտարել իրենց տներից:
Բուզանդցիները վերջին օրերին նորից նամակներ են հղել տարբեր ատյանների՝ Ազգային
ժողով, Բելլա Քոչարյանին, սակայն նամակների պատասխանը եւ խնդրի լուծում առայժմ այդ
մակարդակով էլ չկա:
