Հելսինկյան կոմիտե. «Հայաստանում վտանգված է իրավապաշտպանությունը»

«Հայաստանում վերականգնվում են այլախոհների դեմ պայքարի սովետական մեթոդները եւ
վտանգված է իրավապաշտպանությունը», - այսօր հայտարարել է Հայաստանի Հելսինկյան
կոմիտեն:

«Փետրվարի 4-ից 6-ը երեք օր շարունակ իշխանության վերահսկողության տակ գտնվող
«Արմենիա», «TV5» եւ «Արմնյուս» հեռուստաընկերությունները եթեր հեռարձակեցին
Հելսինկյան կոմիտեի գործունեությունը վարկաբեկելուն միտված մի հաղորդում, որտեղ
փորձ էր արվում ԵԱՀԿ-ից ստացած դրամաշնորհով մեր իրականացրած գործունեությունը
ներկայացնել որպես լրտեսություն», - ասվում է իրավապաշտպան կազմակերպության
հայտարարությունում:

Նշված է նաեւ, որ «հաղորդման հեղինակները խաբեությամբ հարցազրույց են վերցրել
Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանից եւ Հելսինկյան կոմիտեի
նախագահ Ավետիք Իշխանյանից ու իրենց ուզած ձեւով մոնտաժելով՝ ծառայեցնել իշխանական
քարոզչությանը»:

«Ցավալի է, որ «Արմենիայի», «Արմնյուսի» եւ «TV5»ի համասեփականատեր, ամերիկահայ
Ջերարդ ԳաՖեսճյանի ներդրումները ծառայում են իշխանության քարոզչությանը,
ապատեղեկատվություն տարածելուն եւ սովետական հակալրագրության վերածննդին», - ասված
է հայտարարության մեջ:

Հայտարարության հեղինակները գտնում են, որ «Հայաստանում սկսվող հարձակումները
անմիջականորեն հրահանգված են Ռուսաստանից, որտեղ մեծածավալ հալածանք է սկսվել
հասարակական կազմակերպությունների դեմ»: