Պատգամավորները վիճարկում են կառավարության որոշումների օրինականությունը



Այսօր Ազգային Ժողովի ընդդիմադիր «Արդարություն» խմբակցության պատգամավոր Վարդան
Մկտրտչյանը Սահմանադրական դատարան է ներկայացրել 27 պատգամավորների ստորագրությամբ
մի փաստաթուղթ, որով ընդդիմադիրները փորձելու են վիճարկել հողատարածքների օտարման
վերաբերյալ Հայաստանի կառավարության որոշումների օրինականությունը: Ընդդիմադիր
խմբակցության պատգամավորներին միացել են նաեւ Հանրապետական կուսակցության, «Օրինաց
երկրի», «Ժողպատգամավոր» խմբակցության եւ ՄԱԿ-ի մի քանի պատգամավորներ:
Հայցադիմումը չեն ստորագրել Դաշնակցությունը եւ «Ազգային միաբանությունը»:

Մասնավորապես՝ Բուզանդի փողոցի բնակիչներին ստիպողաբար տներից հանելիս եւ
բուլդոզերներով նրանց տները գետնին ավասարեցնելիս մեկ պատճառաբանություն էր
բերվում՝ տարածքները ազատվում են պետական կարիքների համար:

Չնայած օտարման տակ հայտնվածների ցույցերին ու բողոքներին, այդ թվում՝ Հայաստանի
մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանի զեկույցներին, որտեղ
նույնպես խոսվում է կառավարության անօրինական որոշումների մասին, օտարողները պնդում
էին, թե ամեն ինչ օրենքի համաձայն է արվում:

Պատասպանելով հարցին, թե արդյո՞ք, իր կարծիքով, Սահմանադրական դատարանը անօրինական
կհամարի կառավարության որոշումները, Վարդան Մկրտչյանը ասաց. - «Ակնհայտ է, որ այդ
օտարումները ուղեկցվել են Սահմանադրության խախտումերով, պարզապես դա պետք է
դատարանում ապացուցել»:

Ընդդիմադիր պատգամավորը նաեւ հիշեցրեց, որ 1998 թվականի փետրվարին հենց
Սահմանադրական դատարանն է որոշում կայացրել, համաձայն որի սեփականության եւ գույքի
օտարման հետ կապված որեւէ որոշում՝ առանց համապատասխան օրենքի, կառավարությունը
իրավունք չունի ընդունել, եւ նույնիսկ այդ մասին Սահմանադրական դատարանի նախագահը
հարցազրուց է տվել:

Իսկ Բուզանդի փոխոցում ներկայումս բնակվող վերջին երկու ընտանիքները թերահավատ են,
որ Սահմանադրական դատարան դիմելուց հետո ինչ որ բան կփոխվի. - «Նույնիսկ եթե
դատարանը կառավարության որոշումներն անօրինական ճանաչի, մենք չենք հավատում, որ
դատարանի վճիռը ի կատար կածվի՝ հաշվի առնելով, որ 1998 թվականին նման վճիռ արդեն
կայացվել է»:

Ինչպես Բուզանդի փողոցի արդեն նախկին բնակիչները, այստեղ բնակվող վերջին երկու
ընտանիքները նույնպես հայց են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան
եւ համոզված են, որ «իրենց հույս այլեւս Ստրասբուրգն է»:

Ռուզաննա Ստեփանյան