Երեվանի «թոքերը» վաճառվում են

Ութ աստիճան ցրտին Դալմայի այգետերերը ՀՀ նախագահի նստավայրի առջեւ բողոքի ակցիա
էին կազմակերպել: 2003թ. քաղաքապետարանը Դալմայի տարածքում 150 հեկտար հողակտոր
օտարել է քաղաքաշինության նպատակով:

«Այսօր մեր ղեկավարները, որոնց մենք ենք ընտրել, մեր շնորհիվ են աթոռի նստել,
ղեկավարում են ժողովրդին: Երեխայի նման մշակած ծառերը, որ դարձրել ենք բերրի ծառեր,
վաճառում են չինովնիկներին, հարուստներին, արտասահմանից եկած տարբեր մարդկանց:
Յուրաքանչյուր ղեկավար իր երեխային կվաճառի՞ ուրիշին: Նրանք վաճառում են մեր
ծառերը, որոնք մեր համար էկոլոգիական թթվածին են արտադրում, Երեւանի «թոքերն» են:
Թող Երվանդ Զախարյանն իր վիլլաները ծախի, ոչ թե մեր արդար քրտինքը»,- այսօր
բողոքում էր Դալմայի այգետեր Գոհար Սարգսյանը:

Նախագահի նստավայրի առաջ հավաքված ցուցարարներն իրենց պահանջի մեջ անկոտրում են.
գնալու են մինչեւ վերջ: «Դուրս չենք գա, մինչեւ չբավարարեն մեր պահանջները»,- ասում
են նրանք:

Ցուցարարները պահանջում են, որ 1000 քառ. յուրաքանչյուր անհատի անհատույց տամադրվի
1000 քառակուսի մետր հողատարածք, իսկ եթե ոչ՝ ՀՀ օրենքներով շարժվել եւ Դալմայի
այգետերերին համապատասխան փոխհատուցում տալ: «35-40 տարեկանից բարձրը իրավունք
չունի աշխատելու, իսկ մեր մեջ մեծամասնությունը տարիքն առած մարդիկ են, որոնք ի
վիճակի են, բայց տեղ չկա աշխատելու: Նրանք կարող ուժեր են, գոնե այգի մշակեն: Ուժի
են ենթարկում, վախեցնում են, բայց դուրս չենք գալու»,- պնդում էին ցուցարարները:

Վերջիններիս համոզմամբ դատական համակարգը նույնպես խնդիրը չի լուծի, քանի որ
կոռումպացված է: Ցուցարարների պնդմամբ՝ դատավորը վախենում է հայց վերցնել Դալմայի
այգետերերից:

Դալմայի այգետերերը` նախագահի նստավայրի մոտ կանգնած դիմում էին նաեւ ՀՀ
բնակչությանը. «Սիրելի հողի աշխատավորներ, մենք` Դալմայի այգիների աշխատավորներս,
կոչ ենք անում՝ միացեք: Հանրապետության հողակտորները մաս-մաս վաճառում են: Այսօր
մերն է վաճառում, վաղը ձերն է վաճառելու: Զարթնեք, մի քնեք»: