NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դատախազությունը «փաստեր չունի» սահմանադրական հանրաքվեի արդյունքների կեղծման մասին
Գլխավոր դատախազությունում ստեղծված հանձնախումբը ուսումնասիրել է սահմանադրական
հանրաքվեի քարոզչության, ինչպես նաեւ քվեարկության ընթացքում տեղի ունեցած
խախտումների մասին մամուլի բոլոր հրապարակումները: Գլխավոր դատախազ Աղվան
Հովսեփյանը միջնորդագրեր է ուղարկել Ազգային ժողովի նախագահին, Կենտրոնական
ընտրական հանձնաժողովի նախագահին եւ այն բոլոր կուսակցությունների ղեկավարներին,
ովքեր հայտարարություններ են արել իրավախախտումների վերաբերյալ:
Գլխավոր դատախազությունը պատասխաններ ստացել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի
նախագահ Գարեգին Ազարյանից, ով ներկայացրել է միջազգային դիտորդների
արձանագրությունները, եւ «Ազգային միաբանություն» կուսակցությունից:
«Ընդամենը 4 դեպքով արձագանքել է նաեւ «Ազգային միաբանություն» կուսակցության
ներկայացուցիչը, որի պատասխանը միայն բարի ցանկություն է այդ խախտումները
դատախազության կողմից ի հայտ բերելու եւ մեղավոր անձանց պատասխանատվության
ենթարկելու: Որեւէ նյութ չի ներկայացված», - ասաց Աղվան Հովսեփյանը:
Իսկ Ազգային ժողովի նախագահից երեկ երեկոյան ստացված համապատասխան գրությունում,
ըստ Հովսեփյանի՝ ներկայացված փաստերի զգալի մասը «արդեն իսկ զանգվածային
լրատվամիջոցներում արտացոլված են եղել»:
Հովսեփյանի փոխանցմամբ, գլխավոր դատախազությունն առ այսօր ստացել է, ինչպես նաեւ
մամուլի հրապարակումներից առանձնացրել եւ քննարկել է 25 հաղորդում:
«Հարուցվել է մեկ քրեական գործ: Կայացվել է քրեական գործի հարուցումը մերժելու
մասին 16 որոշում: Պարզաբանում է տրվել 5 դիմումով, իսկ 3 դիմումի քննարկումները
դեռեւս ընթացքի մեջ են», - ասաց նա:
Հարուցված քրեական գործը չի վերաբերում ընտրախախտումներին, այլ՝ քարոզչության
ժամանակահատվածում ընդդիմության հանրահավաքներից մեկի ժամանակ «Հայլուր»-ի թղթակցի
նկատմամբ կիրառված բռնությանը:
Ի դեպ, լրագրողներից մեկի հարցին, թե ինչու՞ քրեական գործ չի հարուցվել նույն օրը
նույն տեղում «Ա1+»-ի թղթակից Դիանա Մարկոսյանի նկատմամբ կիրառված բռնության փաստով,
ինչին մամուլն անդրադարձել էր, Հովսեփյանը նախ պատասխանեց, թե կոնկրետ դիմում չի
եղել, ապա հանձնարարեց իրեն տրամադրել մամուլի հրապարակումը:
Գլխավոր դատախազությունը դիմել է նաեւ «Արդարություն» դաշինքի ղեկավարին՝ իրենց
տրամադրության տակ եղած իրավախախտումների մասին նյութերը ուղարկելու միջնորդությամբ:
«Առ այսօր մենք պատասխան չենք ստացել», - հայտարարեց Աղվան Հովսեփյանը: - «Եվ որեւէ
նյութ չեն տրամադրել»:
Դաշինքի առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան
հաստատեց, որ նյութեր չեն տրամադրել գլխավոր դատախազությանը, որովհետեւ «չեն
վստահում այլեւս»:
«Ի՞նչ է նշանակում նյութեր տրամադրել այն դատախազությանը, որը այդպես էլ որեւէ
մեկին պատասխանատվության չենթարկեց 2003 թվականի կեղծիքների եւ բռնությունների
համար», - ասաց նա՝ հավելելով, որ դա չի նշանակում, որ խախտումներ չեն եղել: - «Խախտումներ
եղել են ե’ւ քարոզչության ընթացում, ե’ւ քվեարկության օրը»:
Ընդդիմությունը, կոալիցիոն կուսակցություններից գոնե մեկը, միջազգային
կազմակերպությունները, տեղական դիտորդները պնդում են, որ ընտրակեղծիքներ,
քվեաթերթիկների լցոնումներ եղել են: Գլխավոր դատախազությունն էլ, ինչպես պնդվում է՝
անկեղծորեն ուզում է քրեական գործեր հարուցել, բայց՝ «նյութեր չկան»: «Ազատություն»
ռադիոկայանի այս դիտարկմանը Աղվան Հովսեփյանը պատասխանեց. - «Ես քաղաքական գործիչ
չեմ եւ չեմ կարող ուղղակի հայտարարություններ անել: Ես պետք է հետեւություններ անեմ,
պնդումներ անեմ փաստերի հիման վրա, որոնք հիմնավորված կլինեն ապացույցներով: Մեր
կողմից կատարված ստուգումների արդյունքում չեն ձեռք բերվել ապացույցներ, որոնց
հիման վրա ես կարող եմ հաստատել այն, ինչի մասին ասվեց»:
Կարինե Քալանթարյան
