BBC-ն խոսում է «Ա1+»-ի խնդրի մասին

«Հայաստանը սպասում է անկախ լրատվամիջոցների կառավարմանը». այս վերնագրով BBC-ն
ծավալուն հոդված է տպագրել երեք տարի առաջ եթերազրկված «Ա1+»հեռուստաընկերության
խնդրի շուրջ: Վերլուծաբան Դեւիդ Բրուերի հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ:

Հայաստանը սպասում է անկախ լրատվամիջոցների կառավարմանը

Դեւիդ Բրուեր, վերլուծաբան

Մարդու իրավունքների Եվրոպական դատարանն ուսումնասիրում է հայկական
հեռուստաընկերության հայցը ընդդեմ այն փակելու կառավարության որոշմանը:

Դատարանի որոշումը ազդեցություն կարող է ունենալ Հայաստանում եւ Հարավային
Կովկասում խոսքի ազատության եւ մարդու իրավունքների վրա:

2002թ. ապրիլին Հայաստանի կառավարությունը դադարեցրեց «Ա1+» հեռուստաընկերության
հեռարձակումը: Մինչ օրս հեռուստաընկերությունը, որն այն ժամանակ ամենասիրված անկախ
հեռուստաալիքն էր, տասն անգամ դիմել է հեռարձակման լիցենզիան վերստանալու համար եւ
տասն անգամն էլ մերժվել:

Երեք տարի առաջ «Ա1+»-ը դիմեց Մարդու իրավունքների Եվրոպական դատարան:
Նախաքննությունը տեւեց երկու տարի:

Բողոք

Հայաստանի կառավարությունը պնդում է, որ «Ա1+»-ը զրկվել է լիցենզիայից` մրցույթին
համապատասխան կերպով չպատրաստվելու եւ թերի հայտ ներկայացնելու համար:

Երեւանում նախարարներն ասում են, որ իրենք համագործակցել են Եվրոպական դատարանի հետ
ուսումնասիրության փուլում եւ «Ա1+»-ի փակումն արդարացնող ինֆորմացիա են տրամադրել
նրանց:

Երբ համարյա չորս տարի առաջ «Ա1+»-ի հեռարձակումը դադարեցվեց, հազարավոր մարդիկ
հավաքվեցին Երեվանի փողոցներում` իրենց բողոքն արտահայտելու համար: Նրանց բողոքը
շաբաթներ տեւեց: Հասարակության աջակցության այս դրսեւորումն էր, որ համոզեց «Ա1+»-ի
տնօրեն Մեսրոպ Մովսեսյանին, որ նա պետք է այլ միջոցներ գտնի` շարունակելու
ժողովրդին ինֆորմացիայով ապահովել:

«Երբ հասարակ ժողովուրդը հասկացավ, որ «Ա1+»-ի փակման հետ վտանգի տակ է դրվում
խոսքի ազատությունը ու բողոքեց, մենք հասկացանք, որ պարտավոր ենք շարունակել գործել
որպես նորությունների կազմակերպություն, նույնիսկ եթե մեր հաղորդակն անջատվել է»,-
ասում է նա:

«Ա1+» վերափոխվեց նորությունների գործակալության. պարոն Մովսեսյանը հիմնադրվեց թերթ,
ուժեղացրեց եռալեզու ինտերնետային կայքը` հայերեն, ռուսերեն եւ անգլերեն, որպեսզի
շարունակի լուսաբանել Երեւանում եւ այլուր կատարվող իրադարձությունները:

Անտեսանելի եթեր

Պրոդյուսեր Սուսաննա Օհանջանյանի համար այդ որոշումը նշանակում էր, որ փոխվում է իր
պատասխանատվությունների շրջանակը, ինչպես նաեւ տեղեկատվությունը ժողովրդին
հասցնելու ձեւը:

Երեւանի Հանրապետության Հրապարակից ոչ հեռու գտնվող փոքրիկ գրասենյակում Սուսաննան
գլխավորում է օրվա ամենագլխավոր իրադարձության մասին գրված նյութի վերջին
մշակումները: Դա «Ա1+»-ի լրագրողական անձնակազմի ստեղծած նյութերից միայն մեկն է,
բայց նրանք չեն տեսնելու դրա հեռարձակումը:

Անցել են «Ա1+»ի նորությունների կենտրոնից օրական 24 ժամ ուղիղ եթերով հեռարձակվող
ամենժամյա նորությունների թողարկումների ժամանակները: Հիմա այդ հաղորդումները
արտադրվում են` հեռարձակելու «Ա1+»-ի ստեղծած «Համասփյուռ» ցանցի գործընկեր
հեռուստաընկերություններով, որոնք գործում են այս փոքրիկ, շրջափակման մեջ գտնվող
երկրի համարյա բոլոր մարզերում:



Դեպի տպագրություն

Խմբագիր Լենա Բադեյանի աշխատանքի վերջնաժամկետը եւս այլեւս կապ չունի ամենժամյա
նորությունների թողարկման հետ: Այժմ նա պետք է կենտրոնանա «Ա1+»-ի եռալեզու
ինտերնետային էջի կանոնավոր թարմացման վրա: Նա նաեւ խմբագրում է «Ա1+»-ի` հինգշաբթի
գիշերը տպագրվող շաբաթաթերթի համար գրվող նյութերը:

Հեռարձակման իրավունքից զրկելուց բացի «Ա1+»-ի լրագրողներին արգելում են մասնակցել
Հանրապետության Նախագահի եւ որոշ նախարարների մամլո ասուլիսներին:

Բորիս Նավասարդյանը` Երեւանի Մամուլի Ակումբի նախագահը, ասում է, որ այն փաստը, որ
«Ա1+»-ը շարունակում է իր գոյությունը, բարկացնում է շատ քաղաքական գործիչների,
գործարարների եւ նույնիսկ դատական համակարգի աշխատակիցների:

Նա ասում է, որ շատերն են ցանկանում տեսնել լրատվամիջոցի կործանումը: Նրանց մեջ
մտնում նաեւ ներկայիս կառավարությունը, որը համարում է, ըստ պարոն Նավասարդյանի, որ
պետք է լռեցնել ցանկացած այլընտրանքային ձայն:

Մամուլի ակումբի նախագահն ասում է, որ ըստ որոշ հայ լրագրողների եւ մտավորականների`
«Ա1+»-ը ընդդիմության կողմն է եւ բավականաչափ պրոֆեսիոնալ չէ իր աշխատանքում:

Այնուամենայնիվ, ըստ նրա, շատերն են հարգում «Ա1+»-ին` անկախության եւ արժեքավոր
ինֆորմացիա տրամադրելու համար:

Հզոր ազդեցություն

Ըստ Բորիս Նավասարդյանի` Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումը,
ինչպիսին էլ որ այն լինի, կարեւոր նշանակություն կունենա Հայաստանում խոսքի
ազատության համար: Նա ասում է, որ երկակի զգացումներով է սպասում հայցի պատասխանին:

«Եթե Ա1+ի հայցը մերժվի, Հայաստանի կառավարությունը դա կմեկնաբանի իբրեւ ազդակ այն
բանի, որ լրատվամիջոցների ազատության սահմանափակումն ընդունելի է: Եթե հայցն
ընդունվի, այն կոգեւորի նրանց, ովքեր պատրաստ են ոտքի կանգնել հանուն քաղաքացիների
իրավունքների պահպանման, եւ դրան կհետեւեն բազմաթիվ այլ իրադարձություններ»:

«Ամեն դեպքում, խոսքի ազատության եւ մարդու իրավունքների պաշտպանության վիճակը
Հայաստանի Հանրապետությունում այլեւս երբեք նույնը չի լինի»,- ասում է Բորիս
Նավասարդյանը: