Բուզանդ փողոցում 5 օր է՝ հացադուլ է

Բուզանդ փողոցի բնակիչները չեն մոռանում Ռոբերտ Քոչարյանի` սահմանադրական hանրաքվեից առաջ համալսարանում ուսանողներին ուղղված խոսքը, թե՝ «Մեր ամենամեծ ռեսուրսը մարդն է»:

«Հինգ օր է նստել ենք հացադուլի, բայց չի երեւում, որ մարդկանց հաշվի է առնում: Նա թքած ունի մեզ վրա»,- հայտարարում են Բուզանդ փողոցի 4 բնակչուհիներ՝ 56 ամյա Գոհար Մխիթարյանը, 51- ամյա Սուսաննա Պողոսյանը, 33 ամյա Նունե Վարդունին եւ 52 -ամյա Անահիտ Մելքոնյանը, որոնք արդեն 5 օր է հացադուլ են անում:

Ամեն օր հացադուլավորներին է այցելում տեղամասային պոլիկլինիկայի թերապեւտիկ բաժնի վարիչը, որը խորհուրդ է տալիս վերջիններիս հրաժարվել հացադուլից, քանի որ նրանց վիճակը գնալով ծանրանում է: Բժշկուհու հավաստմամբ՝ նրանցից չորսի արյան ճնշումը ընկած է, ունեն ստամոքսային ցավեր, իսկ հատկապես Անահիտ Մելքոնյանի «վիճակը շատ վատ է, օրգանիզմի ուժերը չեն բավարարի»:

Վտարումից հետո Անահիտ Մելքոնյանը շարունակում է ապրել կիսավեր տանը: Բոլոր ապակիները կոտրված են, նրանք պոլիէթիլենային տոպրակներով են փակել դրանք: Չնայած այդ պայմաններին, տան մի հատվածում է դրված մի քանի ամսական թոռան օրորոցը: «Ու՞ր տանենք, ո՞ւմ դիմենք: Լավ չէ՞ր սովետի ժամանակը, որ գոնե բնակարանով էին ապահովում, նոր հանում դուրս: Ես պետությունից ինչ եմ ուզում, տուն եմ ուզում, միլիոն չեմ ուզում: Սեւ նոր տարի բերեցին գլխներիս»,- տկարությունից հազիվ լսելի ձայնով ասում էր Անահիտ Մելքոնյանը, որը չէր կարողանում վեր կենալ անկողնուց:

Հիշեցնենք, որ հացադուլավորները նամակներ են հղել Երեւանի քաղաքապետին, Գլխավոր դատախազին, ՆԳ կենտրոն բաժին, ՄԱԿ, ԵԱՀԿ, ԱՄՆ, Անգլիայի եւ Ռուսաստանի դեսպանատներ, Հայկական եւ միջազգային Կարմիր խաչ՝ պահանջելով Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաներում մարդու իրավունքների վերականգնում եւ լիարժեք փոխհատուցում օտարված գույքի դիմաց:

Նամակներին ոչ ոք չի արձագանքել, բացառությամբ Հայկական Կարմիր խաչի: Այսօր հացադուլավոր կանանց այցելեց վերջինիս ներկայացուցիչը եւ ասաց, որ նրանց հարցը պետական մակարդակով լուծվող խնդիր է, իրենք իրավասու չեն որեւէ հարցով լուծել:

Իսկ հացադուլավորները արցունքները աչքերին պատմում էին Կարմիր խաչի ներկայացուցչին իրենց վիճակի մասին:

Ի դեպ, Հայկական Կարմիր խաչի ներկայացուցիչն էլ ասաց, որ ինքը հազարավոր հացադուլավորների է այցելել, բայց նրանցից ոչ մեկը արդյունքի չի հասել: «Դուրս եկեք եւ այլ ձեւով պայքարեք»,-խորհուրդ տվեց նա: