NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Լարիսա Ալավերդյանը մտահոգված է լրագրողների իրավունքների խախտման դեպքերի կապակցությամբ
Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը չորեքշաբթի օրը հանդես է
եկել հայտարարությամբ վերջին շրջանում հաճախակի դարձած զանգվածային լրատվամիջոցների
ներկայացուցիչների իրավունքների խախտումների դեպքերի կապակցությամբ:
«Հարձակումները, ծանր մարմնական վնասվածքներ հասցնելը, բռնությունները, լրագրողների
աշխատանքին խոչընդոտելը, նրանց բերման ենթարկելը դառնում են արատավոր պրակտիկա՝
լրջորեն հարվածելով երկրի հեղինակությանը», - նշել է Լարիսա Ալավերդյանը: - «Այս
ամենը սպառնում է Հայաստանում խոսքի ազատության ու տեղեկատվության մատչելիության
իրավունքների լիարժեք ապահովմանը»:
Ըստ նրա, պատահական չէ, որ խոսքի ազատության հետ կապված իրավիճակի վատթարացում են
արձանագրում նաեւ միջազգային կազմակերպությունները, մասնավորապես՝ «Լրագրողներ
առանց սահմանի» կազմակերպության վարկանիշային ցուցակում Հայաստանը 23 կետով զիջել է
իր դիրքը նախորդ տարվա համեմատ:
«Ակնկալում եմ, որ լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու ցանկացած
դեպք, առավել եւս ցանկացած բռնություն լրագրողի նկատմամբ, պատկան մարմինների կողմից
կբացահայտվի մինչեւ վերջ, եւ մեղավորները կկրեն համարժեք պատասխանատվություն», -
հայտարարել է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանը:
