ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը դիմել է Հունգարիայի օմբուդսմանին

Փետրվարի 15-ին Բուդապեշտում շարունակվելու է ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի
սպանության գործով դատավարությունը:

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Լարիսա Ալավերդյանը նամակ է հղել Հունգարիայի
պառլամենտական օմբուդսման Բարնաբաս Լենկովիչին:

Նամակում մասնավորապես ասված է. «Հայկական կողմը բարձր է գնահատում դատավոր
Վասկուտիի ցուցաբերած պրոֆեսիոնալիզմն ու անաչառությունը:

Ամենևին նպատակ չունենալով որևէ կերպ միջամտել դատավարության ընթացքին, ցանկանում
եմ, այնուամենայնիվ, արտահայտել հայ հասարակության անհանգստությունն այս
դատավարության ակնհայտ ձգձգման կապակցությամբ: 2 ամսից լրանում է հայ սպայի
հրեշավոր սպանության 2 տարին, սակայն մինչ օրս դատարանը վճիռ չի կայացրել:

Հաշվի առնելով Հայաստանի հատուկ վերաբերմունքն այս հանցագործությանը և մեր
հասարակության վստահությունն առ այն, որ հունգարական դատարանի դատավճիռը կլինի
արդար ու անաչառ, ամեն դեպքում ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել
դատավարության ձգձգումներին, դրանց իրավական հիմնավորվածությանը:

Համոզված եմ, որ Դուք, որպես Օմբուդսման, մեզանից ոչ պակաս շահագրգռված եք, որպեսզի
կայացվի համարժեք դատավճիռ:

Վստահ եմ, որ հունգարական դատարանը հավատարիմ կմնա հունգարական օրենսդրության և
միջազգային իրավունքի արժեքներին»:

Դատավարությանը մասնակցելու և իրավապաշտպանության հունգարական ազգային
հաստատություն այցելելու համար Բուդապեշտ է մեկնել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի
ներկայացուցիչը: