NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Human Rights Watch-ը հորդորում է Եվրամիությանը ճնշում գործադրել Հայաստանի, Ադրբեջանի ու Վրաստանի վրա
Հարավային Կովկաս - Եվրամիություն տարեկան ժողովի նախօրեին Human Rights Watch
իրավապաշտպան կազմակերպությունը հանդես է եկել հատուկ հայտարարությամբ ուղղված
Եվրամիության ղեկավարներին եւ հորդորել է ճնշում գործադրել Հայաստանի, Ադրբեջանի եւ
Վրաստանի վրա՝ բարելավելու մարդու իրավունքների պաշտպանվածությունը եւ
ազատությունների աստիճանը:

Երեքշաբթի օրը Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր
հանձնակատար Խավիեր Սոլանայի նախագահությամբ Եվրամիությունը առաձնահանդիպումներ է
ունենալու Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ հետ, քննարկելու է
այսպես կոչված «գործողությունների ծրագիրը» «Ընդարձակ Եվրոպա. նոր հարեւաններ»
ծրագրի շրջանակներում:
«Այս հանդիպումը բացառիկ հնարավորություն է ընձեռում Եվրամիությանը՝ ճնշում
գործադրելու Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի վրա մարդու իրավունքների բնագավառում
կոնկրետ առաջընթաց արձանագրելու համար: Այդ հնարավորությունը չպետք է բաց թողնել»,
- նշված է Human Rights Watch-ի հայտարարության մեջ:
Իրավապաշտպան կազմակերպությունը քննադատում է Եվրամիությանը մինչեւ այժմ իր
ներգործության լծակները անբավարար օգտագործելու համար. - «Բանն այն է, որ Հարավային
Կովկասի երեք երկրները լուրջ բացթողումներ են ունեցել մարդու իրավունքների
բնագավառում, սակայն նախկին բոլոր նախարարական հանդիպումներում այս
մտահոգությունները չեն արտացոլվել: Եվրամիության համագործակցությունը Հարավային
Կովկասի երկրների հետ պետք է հրապարակավ ճանաչի այն փաստը, որ մարդու իրավունքների
լուրջ խախտումները շարունակվում են»:
Ըստ իրավապաշտպան կազմակերպության, կտտանքները, իրապահ մարմինների կողմից
չարաշահումները, դատավորների եւ փաստաբանների անկախության բացակայությունը, մամուլի
ազատությունների սահմանափակումները շարունակում են մնալ լուրջ հիմնահարցեր
Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում:
«Հայաստանի կառավարությունը շարունակում է օգտագործել իր իշխանությունը՝
սահմանափակելու քաղաքական գործունեությունը: Իշխանությունները սահմանափակում են
հանրահավաքներ անցկացնելու ազատությունը եւ հալածում նրանց, ում համարում են
սպառնալիք իրենց իշխանության պահպանման համար», - նշված է Human Rights Watch-ի
հայտարարության մեջ: - «Հալածանքների թիրախ են դառնում հատկապես այն
իրավապաշտպանները, որոնք քննադատական կեցվածք ունեն կառավարության նկատմամբ: Անցլալ
տարի այդպիսի ճնշումների է ենթարկվել Հայաստանի օմբուդսմենի գրասենյակը այն բանից
հետո, երբ հրապարակվել է օմբուդսմենի տարեկան զեկույցը, որտեղ Հայաստանի
կառավարությունը քննադատության էր ենթարկվում մարդու իրավունքների բնագավառում»:
Human Rights Watch-ը իր հայտարարության մեջ փաստում է, որ Հայաստանի
կալանավայրերում շարունակվում են կտտանքները, բանտարկյալների իրավունքների կոպիտ
խախտումները. - «Չարաշահումները բանակում նույնպես տարածված են. ամեն տարի
արձանագրվում են կասկածահարույց մահացության տասնյակ դեպքեր»:
«Չնայած այն հանգամանքին, որ այժմ զարգանում է անկախ ու ընդդամիդիր տպագիր մամուլը,
կառավարությունը շարունակում է սահմանափակել մամուլի լիակատար ազատությունը», -
նշված է Եվրամիության ղեկավարությանն ուղղված՝ Human Rights Watch-ի հայտարարության
մեջ:
Հրայր Թամրազյան, Պրահա
