Բարեփոխված Սահմանադրությունը պաշտոնապես ուժի մեջ է

Հայաստանի պաշտոնյաները չորեքշաբթի հայտնել են, որ նոյեմբերի 27-ին հանրաքվեի ընթացքում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված Հայաստանի բարեփոխված Սահմանադարությունը պաշտոնապես ուժի մեջ է մտել:

Բարեփոխված Սահմանադրության տեքստը դեկտեմբերի 5-ին տպագրվել է Հայաստանի կառավարության պաշտոնական տեղեկագրում, եւ ըստ օրենքի, նոր Սահմանադրությունը ուժի մեջ է տպագրման հաջորդ օրվանից:

Հայաստանի Սահնմանադրական դատարանի նախագահի տեղակալ Վոլոդյա Հովհաննիսյանի խոսքերով, «քանի որ սահմանադրական բարեփոխումների արդյունքները հանրաքվեից հետո 7-օրյա ժամկետում չեն բողոքարկվել, ուստի բարեփոխված Սահմանադրութունը ուժի մեջ է»:

Ըստ Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած պաշտոնական արդյունքների, հանրաքվեին մասնակցել է շուրջ 1,5 միլիոն Հայաստանի քաղաքացի, եւ նրանց 93,3 տոկոսը կողմ է արտահայտվել բարեփոխված Սահմանադրության ընդունմանը:

Սահմանադրական հանրաքվեն բոյկոտած Հայաստանի ընդդիմությունը, սակայն, պնդում է, որ հանրաքվեն ուղեկցվել է լուրջ խախտումներով եւ չի անցել: Ընդդիմության տվյալներով, հանրաքվեին մասնակցել է 374 հազար 667 ընտրող, ինչը կազմում է ընտրողների 16.3 տոկոսը:

Սահմանադրության որոշ դրույթներ ուժի մեջ կմտնեն ավելի ուշ:

Կարինե Քալանթարյան