NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Հացադուլավորին ստիպողաբար կերակրում են
Այսօր իրավապաշտպան մի շարք կազմակերպություններ ահազանգ էին հնչեցրել այն մասին, թե ինչպիսի պայմաններում է մեկուսարանում պահվում 114 օրյա հացադուլավոր Ռազմիկ Սարգսյանը:
Կազմակերպությունների տեղեկությամբ` այժմ Ռազմիկ Սարգսյանը գտնվում է մեկուսարանում եւ բոլորովին նոր պայմաններում: Երեկ դատատական նիստի ժամանակ տղայի ուշաթափությունից հետո բժշկի կարգադրության համաձայն հիվանդանոց տեղափոխելու փոխարեն նրան կրկին տեղափոխել են մեկուսարանի մի խուց, որտեղ 6 մեղադրյալներ նրան համոզում են ուտել եւ իրենք ուտելու օրինակ են ծառայում: Այսինքն` մի խուց, որն հագեցած է սննդի հոտերով եւ այդ մասին խոսակցություններով:
Ըստ փաստաբանների՝ 3 օր առաջ նրան կերակրազոնդով պարտադիր կերակրման են ենթարկել, ինչը արգելված է միջազգային նորմերով: Համաձայն Կարմիր Խաչի՝ հացադուլավորին իրավունք չունեն իր կամքին հակառակ սնունդ պարտադրել: «Մի խոսքով մեկուսարանում Ռազմիկ Սարգսյանի հետ վարվում են այնպես, ինչպես ուզում են»,- ահազանգում են կազմակերպությունները:
Ի դեպ, Վերաքննիչ դատարանում Ռազմիկ Սարգսյանի ուշաթափությունից հետո նրա մոտ որեւէ մեկին ներս չէին թողնում, անգամ փաստաբաններին: Դատարանի առջեւ հավաքված, շփոթված ու տարակուսած մարդիկ շարունակում էին Ռազմիկին օգնելու ուղիներ փնտրել եւ ազդեցիկ մի մարդ փնտրել, ով այդ պահին կարող էր տեղեկություն ստանալ Ռազմիկի առողջական վիճակի մասին: Վերջապես ժամանել են ԱԺ պատգամավոր, Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը եւ Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչը, որոնք արդեն ներսում պարզաբանեցին իրական վիճակը:
Ինչ վերաբերում է հասարակական կազմակերպությունների ահազանգին, ապա դրան են միացել «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը», «Փաստաբանների Միջազգային Միությունը», «Քաղաքացիական ազգային նախաձեռնությունը», ««Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խումբը», «Հույս»հ/կ, «Միջնաբերդ»հ/կ, «Զինվորի պաշտպանության կոմիտե» մայրերի նախաձեռնող խումբը, «Հոգեւոր Հայաստան»հ/կ եւ այլոք:
