Փաստաբանը հայտնվել է ամբաստանյալի աթոռին

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում քննվում էր Բուզանդ փողոցի մի քանի բնակիչների փաստաբան Վահե Գրիգորյանի նախնական կալանքը եւս 2 ամսով երկարացնելու հարցը: Հիշեցնենք, որ փաստաբանը մեղադրվում է այլ «իրացման գոտիների» հետ կապ չունեցող այլ մեղադրանքով, որը, փաստաբանի կողմնակիցների պնդմամբ, չի համապատասխանում իրականությանը:

Դատարանի շենքի առջեւ այսօր հավաքվել էին Հյուսիսային պողոտայի, Բուզանդի փողոցի բնակիչներ, ինչպես նաեւ մի շարք հասարակական եւ երիտասարդական կազմակերպություններից շուրջ 30-40 մարդ, որոնք կազմակերպել էին բողոքի ակցիա: Դատավարության ողջ ընթացքում՝ մոտ մեկ ու կես ժամ, ակցիայի մասնակիցները հանդես են եկել «Ազատություն քաղաքական բանտարկյալին» կոչերով եւ «STOP ռեպրեսիային» ցուցապաստառներով, իսկ նույն կոչերով թռուցիկները փակցրել էին դատարանի առջեւի սյուներին: Հավաքվածների հավաստիացմամբ, ակցիային խոչընդոտել են ոստիկանության աշխատողները՝ պատճառաբանելով, որ խանգարում են դատավարության ընթացքին եւ պահանջել են հեռանալ:

Ի դեպ, ակցիային ներկա էր նաեւ Վահե Գրիգորյանի մայրը, որը, սակայն, չցանկացավ մեկնաբանություններ տալ: Վահե Գրիգորյանին հատուկ իր անհատական աջակցությունը ցույց տալու համար Երեւան էր եկել Շիրակի Ջաջուռ գյուղի բնակիչ Սահակ Շիրոյան: Նա նպատակ ունի մինչեւ վերջ մնալ Վահեի աջակիցների կողքին եւ պայքարել նրանց հետ հավասար. «Աստված մի արասցե, հանկարծ ընկնենք իրավաբանների ձեռքը: Հիմա ոչ մեկին չենք կարող վստահել»:

«Հույս» հասարակական կազմակերպությունից Կարեն Հակոբյանն ավելացրեց, «Սահմանադրության այս հանրաքվեի կեղծիքով մեկընդմիշտ զրկվեցինք օրենքին դիմելու մեր իրավունքից, քանի որ այլեւս ոչ մի վստահություն չունենք: Այսուհետեւ դատապաշտպաններն իրենք կարիք կունենան պաշտպանության, քանի որ մեկ տարի հետո էլ ավելի շատ փաստաբաններ կհայտնվեն բանտախցիկներում»:

Դատարանն այսօր Վահե Գրիգորյանի կալանքի ժամկետը եկարացրեց եւս երկու ամսով՝ մինչեւ փետրվարի 2-ը, թեեւ նախաքննության ժամկետը լրանում էր դեկտեմբերի 10-ին: Վահե Գրիգորյանի փաստաբաններ Տիգրան Աթանեսյանի եւ Արթուր Գրիգորյանի խոսքերով՝ դատավարությունն ընթացել է բազմաթիվ խախտումներով, որոնց համար նրանք մինչ մյուս շաբաթվա սկիզբ պատրաստվում են դիմել Ստրասբուրգ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Վահե Գրիգորյանի գործով զբաղվում են փաստաբանների պալատը՝ շուրջ տասը փաստաբան: Այսօրվա դատին ներկա էին հինգը: Ի դեպ, նրանց միացել է նաեւ Փաստաբանների պալատի նախագահ Ռուբեն Սահակյանը: