NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Իրավո՞ւնք, թե՞ պարտականություն. նախագահի բաց քվեարկությունը ընտրական նորմերի մասին բանավեճի տեղիք է տալիս
Սահմանադրական իրավունքի մասնագետը համամիտ է մի շարք հասարակական
կազմակերպությունների և ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչների հետ,
որոնք հրապարակավ դատապարտել են անցյալ կիրակի տեղի ունեցած հանրաքվեում նախագահ
Ռոբերտ Քոչարյանի բաց քվեարկությունը: Նա համարում է դա ընտրական օրենքի խախտում և
վատ նախադեպ հետագա ընտրությունների համար:
Քվեարկող նախագահի ավանդական լուսանկարն անելու նպատակով հավաքված լրատվամիջոցների
ներկայացուցիչներին Քոչարյանը ցույց է տվել իր` հակառակ ծալած քվեաթերթիկը, այնպես,
որ նշված «այո»-ն լավ երևա:
«Ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Վարդան Պողոսյանը, որը սահմանադրական իրավունքի
մասնագետ է, կարծում է, որ նախագահն իր այս քայլով ոտնահարել է ինչպես
սահմանադրությունը, այնպես էլ Ընտրական օրենսգիրքը:
«Գաղտնի քվեարկությունը պարտականություն է և ոչ թե իրավունք»,- պնդում է Պողոսյանը:
Սահմանադրության հոդված 3-ում հստակ սահմանված է. «Հայաստանի Հանրապետության
նախագահի, Ազգային ժողովի, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները,
ինչպես նաև հանրաքվեներն անցկացվում են ընդհանուր, հավասար, ուղղակի ընտրական
իրավունքի հիման վրա` գաղտնի քվեարկությամբ»:
Մասնագետի հավաստմամբ` «գաղտնի քվեարկությամբ» արտահայտությունը ենթադրում է, որ
քվեարկողի կամքի արտահայտությունը պետք է ոչ մեկին հայտնի չլինի, և գաղտնիությունը
քվեարկության պարտադիր պայմանն է:
Ավելին, նա հայտարարում է, որ Ընտրական օրենսգրքում այս դրույթը նույնպես
կա`քվեարկության կարգին վերաբերող մասում:
Այսպես` ըստ ՀՀ ընտրական օրենսգրքի հոդված 56-ի կետ 3-ի` «ընտրողը քվեաթերթիկը
լրացնում է գաղտնի` քվեարկության խցիկում (սենյակում)»: Իսկ հոդված 57-ի կետ 3-ը
ամրագրում է. «Քվեաթերթիկում քվեարկության մասին նշում կատարելուց հետո ընտրողը
քվեարկության խցիկում (սենյակում) քվեաթերթիկը քառապատիկ ծալում է և մոտենում
հանձնաժողովի` քվեաթերթիկները կնքող անդամին»:
«Եթե ընտրողն իր ծալված քվեաթերթիկով չի մոտենում հանձնաժողովի համապատասխան
անդամին, ապա նա պետք է բացատրի քաղաքացուն, որ այդպիսով նա խախտում է Ըընտրական
օրենսգիրքը, և նրա քվեն անվավեր կճանաչվի,- ասում է Պողոսյանը: - Կասկած չի կարող
լինել, որ գաղտնի քվեարկությունը քաղաքացու ոչ թե իրավունքն է, այլ
պարտականությունը: Այս դեպքում նախագահն ակնհայտորեն ոտնահարել է սահմանադրությունը
և Ընտրական օրենսգիրքը»:
Լրագրողների ճնշման տակ Քոչարյանն այլ կերպ է մեկնաբանել օրենքը. «Բաց քվեարկելը
յուրաքանչյուրիս իրավունքն է, ոչ թե պարտականությունը: Կարծում եմ` այդ [բողոքող]
կազմակերպությունները պետք է ավելի լավ ուսումնասիրեն Ընտրական օրենսգիրքը»:
Պողոսյանի կարծիքով` նախագահի բաց քվեարկությունը կարող է նաև դիտվել որպես
քարոզչություն քվեարկության օրը (ՀՀ օրենսդրությամբ` քարոզչությունը քվեարկության և
դրա նախորդ օրն արգելվում է):
Նախագահի այս քայլն անմիջապես արժանացավ մի շարք հասարակական կազմակերպությունների
և ընդդիմադիր գործիչների քննադատությանը: Նրանց թվում էին ընդդիմության առաջնորդներ
Արամ Սարգսյանը («Հանրապետություն» կուսակցության առաջնորդ) և Արտաշես Գեղամյանը
(«Ազգային միաբանություն» կուսակցության առաջնորդ):
Հակառակ ընդդիմության` իշխող կոալիցիայի ներկայացուցիչները հիմնականում հանգիստ
ընդունեցին նախագահի բաց քվեարկության փաստը:
ՀՀ գլխավոր դատախազ, քրեական իրավունքի մասնագետ Աղվան Հովսեփյանը երկուշաբթի
հայտնեց «Ազատություն» ռադիոկայանին, որ նախագահն ընդամենը օգտվել է բաց քվեարկելու
իր ընտրական իրավունքից:
«Գաղտնի քվեարկությունը իրավունք է տալիս քաղաքացուն թաքցնելու իր տեսակետը
հետագայում տարբեր տեսակի հարձակումներից ու ճնշումներից խուսափելու համար,- ասաց
նա: - Այնպես որ, ամեն մարդ իրավունք ունի հրապարակավ արտահայտելու իր տեսակետը»:
Հայաստանի մամուլն արագ արձագանքեց այս միջադեպին և հանդես եկավ ընդարձակ
մեկնաբանություններով:
Մասնավորապես` «Չորրորդ իշխանություն» թերթը երկուշաբթի օրվա խմբագրականում խիստ
քննադատության ենթարկեց Քոչարյանի բաց քվեարկությունը` ներկայացնելով ապագա
հայաստանյան ընտրությունների մռայլ պատկերը, երբ «Քոչարյանի հորինած «բաց
քվեարկության իրավունքը» կնշանակի, որ ընտրություններն այլևս գաղտնի չեն»:
«Պատկերացրեք այսպիսի իրավիճակ. մարդիկ գալիս են ընտրատեղամասեր, սափրագլուխների և
ոստիկանների ազդու հայացքների ներքո օգտագործում բաց քվեարկության իրենց իրավունքը:
Ու հանկարծ մեկ այլ քաղաքացի որոշում է փակ քվեարկել: Մի՞թե պարզ չի դառնում, որ նա
«ոչ» է քվեարկել»,- գրում է թերթը:
Գաղտնի քվեարկության սկզբունքը վիճահարույց հարց է ոչ միայն Հայաստանում, այլև
աշխարհի մյուս, ներառյալ Արևմուտքի երկրներում, որտեղ որոշ փորձագետներ պնդում են,
որ այս սկզբունքը գործում է միայն, եթե կիրառվում է երկու «ուղղությամբ», այսինքն`
որ գաղտնի քվեարկությունը ոչ թե պարզապես պաշտպանում է նրանց, ովքեր չեն ցանկանում,
որ որևէ մեկն իմանա, թե ինչպես են իրենք քվեարկել, այլև կանխում է բոլոր նրանց,
ովքեր ցանկանում են, որ մեկ ուրիշն իմանա, թե ինչպես են իրենք քվեարկել` դա
ապացուցելու համար:
Մասնավորապես, այս հարցը հայտնի է որպես գլխավոր խոչընդոտ տարբեր տեսակի հեռակա
քվեարկության համակարգերի, այդ թվում` փոստային քվեարկության ներդրման համար
Արևմուտքի համազգային և տեղական ընտրությունների ժամանակ, որոնք ընտրական իրավունքի
շատ մասնագետներ համարում են բաց քվեարկություն:
Ի տարբերություն նախագահ Քոչարյանի` 58-ամյա ուսուցչուհի Ելենա Գրիգորյանը չի
ցանկանում բացահայտել, թե ինչպես է քվեարկել կիրակնօրյա հանրաքվեում: Նա ասում է,
որ իր համար սարսափելի կլիներ, եթե ինչ-որ մեկը ստիպեր կիրառել «բաց քվեարկության»
իր իրավունքը, սակայն ավելացնում է. «Այժմ, երբ մարդկանց մեծ մասը լուսանկարչական
սարքով բջջային հեռախոս ունի, շատ հեշտ է նրանց լուսանկարել տալ լրացրած
քվեաթերթիկները` հետագայում իրենց պետին ցույց տալու համար»:
Ուշադիր ուսումնասիրելով Ընտրական օրենսգիրքը` «ԱրմենիաՆաուն» չգտավ այդ նպատակով
ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը կանխող որևէ դրույթ: Ճիշտ հակառակը` օրենքը,
փաստորեն, երաշխավորում է քվեարկության ընթացքի գաղտնիությունը քվեարկության
խցիկում:
Սուրեն Մուսայելյան, «ԱրմենիաՆաուի» թղթակից
