NON-GOVERNMENTAL ORGANIZATION
«Ընտրությունն քոնն է» հասարակական կազմակերպության դիտորդները արձանագրել են «լուրջ խախտումներ»
«Ընտրությունն քոնն է» հասարակական կազմակերպության դիտորդները արձանագրել են «լուրջ
խախտումներ»
Ընտրությունները դիտարկող հայաստանյան ամենախոշոր՝ «Ընտրությունը քոնն է»
կազմակերպության գնահատականով, նոյեմբերի 27-ին արձանագրված լուրջ խախտումները,
անօրինական քվեարկության բազմաթիվ դեպքերը, լցոնումները, ինչպես նաեւ
հանձնաժողովների կողմից օրենքը շրջանցելու դիտավորությունը թույլ չեն տալիս
սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքը գնահատել որպես ժողովրդավարական
եւ միջազգային չափանիշների համապատասխանող:
Կազմակերպության նախագահ Հարություն Համբարձումյանը ընտրակարգի խախտման բազմաթիվ
փաստեր ներկայացրեց տեղական դիտորդների կազմած 12 էջանոց զեկույցից:
Կազմակերպության դիտորդները արձանագրել են, որ մի շարք տեղամասերում ընտրողները
քվեարկել են ուրիշի անձնագրերով, սոցիալական քարտերով, խորհրդային նմուշի եւ
արտասահմանյան անձնագրերով եւ նույնիսկ անձնագրային բաժնի պետի ստորագրությամբ տված
տեղեկանքներով:
Մի շարք տեղամասերում հանձնաժողովների անդամներն իրենք են խախտել օրենքն ու
ցուցակներում ստորագրություններ ավելացնելով՝ լցոնումներ կատարել: Ընդհանուր առմամբ,
Հարություն Համբարձումյանի գնահատմամբ, նոյեմբերի 27-ին լցոնումների թիվն ավելի շատ
է եղել, քան 2003 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ:
Դիտորդները արձանագրել են նաեւ, որ հանձնաժողովների մեծ մասն աշխատել է լրիվ կազմով,
մինչդեռ հանձնաժողովների նախագահները այդպես էլ չեն կարողացել պատասխանել
դիտորդների հարցին, թե ովքեր են «Արդարության» եւ «Ազգային միաբանության»
ներկայացուցիչները: Հարություն Համբարձումյանի գնահատմամբ, ընտրական
հանձնաժողովների աշխատանքները բոյկոտող անդամները հավանաբար լրացվել են այլ՝ նշված
խորհրդարանական խմբերը չներկայացնող անդամներով, ինչը եւս օրենքի խախտում է:
«Չնայած տեղամասերում տիրող թվացյալ խաղաղ եւ հանգիստ մթնոլորտին, մեր 4000
դիտորդները աշխատել են բավական լարված իրավիճակում», - ասաց «Ընտրությունը քոնն է»
կազմակերպության նախագահը: - «Ավելի քան 10 ընտրատեղամասերում հանձնաժողովի
անդամները խախտել են օրենքն ու դիտորդներին հնարավորություն չեն տվել իրանակացնել
իրենց պարտականությունները»:
Հարցին, թե արդյո՞ք նշված խախտումները կարող էին ազդել հանրաքվեի վերջնական
արդյունքի վրա, Հարություն Համբարձումյանը պատասխանեց. - «Դրանք, իհարկե, ազդել են
հանրաքվեի արդյունքների վրա: Թե որքանով՝ թող որոշի Կենտրոնական ընտրական
հանձնաժողովը»:
Հայաստանի առաջադիմական կուսակցությունը, մինչդեռ, այսօր հայտարարեց, որ հանրաքվեն
կազմակերպվել եւ ընթացել է այնպիսի օրինակելիությամբ, որը նախանձելի պիտի լինի ե'ւ
տարածաշրջանի, ե'ւ բազմաթիվ այլ երկրների համար:
Հարկ է նշել, որ կուսակցությունը այս եզրակացությանը հանգել է դիտորդական
առաքելություն իրականացնելով հանրապետության ընդամենը 53 ընտրատեղամասերում:
Կուսակցության առաջնորդ Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ իրենց եզրակացությունը չի
տարածվում մնացած ավելի քան հազար տեղամասերում անցած քվերակության վրա, որ ինքը
վերապահումով է վերաբերում մասնակցության թվերին: Ուրիխանյանը, այդուամենայնիվ,
վստահ է, որ հանրաքվեի արդյունքները չի կարելի կասկածի տակ առնել:
Հեղինե Բունիաթյան
