NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Այսօր Կառավարության շենքի մոտ իրենց բողոքի ակցիան էին շարունակում Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների բնակիչները
Այսօր Կառավարության շենքի մոտ իրենց բողոքի ակցիան էին շարունակում Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների բնակիչները, Դալմայի այգետերերը եւ ընդդեմ մարդկային համարակալման մի շարք քաղաքացիներ:
"Երկու տարի է պահանջում ենք արդարություն. կամ բնակարան, կամ համապատասխան գումար, որ տուն կարողանանաք գնել"՚,- ասում էր ցուցարարներից մեկը: Ակցիայի մասնակից Մարիամ Բաբայանը ավելացնում է."Մեզ վիրավորված եւ ոտնահարված ենք զգում: Սահմանադրության մեջ առաջին կետը ասված է, որ մարդ իր իրավունքները պետք է պաշտպանի, բայց մենք բոլորովին անպաշտպան ենք":
Հիշեցնենք, որ Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների բնակիչները պահանջում են արդարացի փոխհատուցում իրենց բնակարանների դիմաց, Դալմայի այգետերերը` հողի դիմաց, իսկ Հայ Առաքելական Եկեղեցու հետեւորդները պահանջում են վճարել իրենց կենսաթոշակներն ու աշխատավարձերը առանց սոցիալական քարտեր վերցնելու:
Ցուցարարներն այսօր ինչպես միշտ անուշադրության մատնվեցին. կառավարությունից որեւէ մեկը նրանց չլսեց: "Այսօր ոտնահարում են մարդու իրավունքները: Մարդկանց տներից վտարում են, գալիս տեսնում ենք տունը քանդված: Մենք բոլորս միավորվել ենք եւ պայքարելու ենք այս ապօրինի իշխանությունը բռնազավթած Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի դեմ: Նրանք, որ կարծում են` իրենց դեմը խաղ չկա, խաղը արդեն սկսվել է, եւ մենք այս անգամ իրենց կազատենք այդ պաշտոններից: Ժողովուրդն է երկրի տերը, ոչ թե Ռոբերտ Քոչարյանը եւ Սերժ Սարգսյանը, որոնք աքսորում են մարդկանց իրենց բնակարաններից: Անկանխատեսելի քայլեր կարող են լինել. ժողովրդի ալիքը, որ լինի, մենք չենք կարող ասել, թե հետեւանքն ինչ կլինի: Քանի կարող են թող դիմում գրեն, հետո կարող է ուշ լինել, անգամ դիմում գրելու ժամանակ չունենան",-ասում էին ցուցարարները:
Ցույցի պահին կառավարության շենքի մոտ եկավ "18+8" ֆորմատի շարասյունը` սահմանադրական փոփոխությունները բոյկոտելու քարոզով: Ի դեպ, ցույցի պահին ցուցարարների միջեւ փորձ արվեց բաժանել թռուցիկներ` "Ժառանգություն" կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի կոչով եւ հիշեցումով, թե երբ, որտեղ եւ որ ժամին է սկսվելու"քաղաքացիական ժողովը": Ցուցարարներին, սակայն չհաջողվեց ձեռ բերել այդ թերթիկներից գոնե մեկը: Կառավարության շենքը քաղաքացիներից պաշտպանող ոստիկանները "առգրավեցին" թերթիկների ողջ կապոցը:
Մի առ ժամանակ անց ցուցարարները շարժվեցին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի շենքի մոտ, որտեղ իր հացադուլ-նստացույցն է շարունակում 54-ամյա Գագիկ Գուրգենի Սարգսյանը: Վերջինիս այսօր առաջին անգամ այցելել է նաեւ Կարմիր խաչի ներկայացուցիչները եւ խորհուրդ են տվել դադարեցնել հացադուլի, քանի որ առողջությունն ավելի թանկ է: Հիշեցնենք, որ Ամիրյան 4/18 հասցեում պետության կողմից պահպանվող Գագիկ Սարգսյանին պատկանող պատմամշակութային շենքը նոյեմբերի 9-ին քանդել են, չնայած որ համաձայն դատարանիª նրան պետք է վտարեին միայն նոյեմբերի 23-ին: Հացադուլավորը իր 74-ամյա մոր հետ հայտնվել է փողոցում: Իսկ ՄԱԿ-ից խնդրում է մի այլ երկրում իրեն ապաստան տալ:
Նշենք, որ Գագիկ Սարգսյանի առողջական վիճակը վատ է, բժիշկները նրան անընդհատ զննում են: Նույնիսկ այն բանից հետո, երբ ականջից արյուն է սկսել գալ, ցուցարարը հրաժարվում է դադարացնել հացադուլը եւ մտադիր է իր պայքարում գնալ մինչեւ վերջ:
