NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մահ` կորցրած տան պատճառով. Բուզանդի փողոցի բնակիչը մահանում է արյան զեղումից
Զրկվելով տնից` Լիլյա Ղազարյանը զրկվեց նաև իր կյանքից:
Բուզանդի փողոցի հարյուրավոր բնակիչների վտարում են իրենց բնակարաններից
օլիգարխների կողմից իրականացվող քաղաքի կառուցապատման ծրագրի շրջանակներում:
Լիլյայի հերթը հասավ նոյեմբերի 4-ին:

Այդ օրը, մի քանի ժամ բացակայելուց հետո, նա տուն եկավ ու տեսավ, որ Դատական ակտերի
հարկադիր կատարողները (ԴԱՀԿ) տարել են իր` Բուզանդի 9 հասցեում գտնվող տան իրերը,
իսկ բանվորները քանդել են աստիճանները:
Նա արդեն պետք է պատրաստ լիներ դրան: Վերջին շրջանում այստեղ կատարվող
իրադարձությունները հայտնվել են ոչ միայն բնակիչների, այլև ԶԼՄ-ների ուշադրության
կենտրոնում: Քաղաքի կենտրոնում գտնվող այս փողոցը վերածվել է հակամարտության
ճամբարի, որը մեծացնում է ճեղքվածքը Հայաստանի մայրաքաղաքի ունևորների ու
չունևորների միջև (տես` «ԱրմենիաՆաուի» հարակից հոդվածները):
Որքան էլ պատրաստ էր ընդունելու անխուսափելի իրականությունը, որ նրա հարևանները
տանում էին դիմադրության ու տոկունության տարբեր աստիճանով, Լիլյան, միևնույն է,
անզոր եղավ պետության թույլտվությամբ իրականացված ներխուժման առաջ իր տուն:
Եթե տունն այն տեղն է, որտեղ մարդու սիրտն է, ապա Լիլյան այլևս զրկված էր նրանից:
Նա չկարողացավ համակերպվել դրա հետ ոչ սրտով, ոչ մտքով: Լիլյան մահացավ երեքշաբթի`
նոյեմբերի 15-ին` ուղեղի արյան զեղումից:
69-ամյա Լիլյա Ղազարյանը տնտեսագետ էր, անցել էր թոշակի: Ապրում էր մենակ:
Անցյալ գարնանից Լիլյային առաջարկում են Բուզանդի 9-ում գտնվող բնակարանը վաճառել
18500 դոլարով` 230 դոլար 1 քմ համար քաղաքի ամենաթանկ շրջանում, որտեղ քառակուսի
մետրի գներն սկսվում են 1000 դոլարից:
Եթե գարնանը հինգ օրվա ընթացքում համաձայներ այս պարտադրանքին, կստանար նաև 12
հազար դոլար խրախուսանք (ընդամենը` 32 հազար դոլար` 395 դոլար 1 քմ համար):
Կառավարության որոշմամբ խրախուսական գումար է նախատեսված նրանց համար, ովքեր հինգ
օրում ենթարկվում են պարտադրանքին:
«Ի՞նչ է խրախուսանքը, կաշա՞ռք,- զայրացած հարցնում է Լիլյայի քույրը` Աելիտան: -
Ինչի՞ համար է փոխհատուցումը, այսինքն` ենթարկվես, համակերպվես, քեզ փող կտա՞նք:
Ի՞նչ է, ես մտածելու, արագ չհամաձայնելու իրավունք չունե՞մ»:
Ինն ամիս առաջ կտրել էին տան ջուրն ու հեռախոսը: Քույրը նրա համար բջջային հեռախոս
էր գնել:
«Մեկ-մեկ մտնում էի նրա մոտ, որ մենակ չլինի,- պատմում է Բուզանդի բնակիչ Տանյա
Բաղդասարյանը: - Ասում էի` մենակ կին ես, վերցրու էդ փողը, գնա հանգիստ ապրի:
Ասում էր` ոչ մի դեպքում, չեն հավատում, որ սա փողի կռիվ չի: Ես ամեն ինչ պիտի անեմ,
պայքարեմ, որ արդարության հասնեմ: Նրա ոսկեղենը, ամեն ինչ տանն էր, ոչինչ չէր հանել
տնից, չէր պատրաստվում հեռանալ: Իշխանությունները շատ լավ գիտեին, որ Լիլյան շատ
վճռական է, և դրա համար ընենց եկան, որ տանը չլինի»:
Նոյեմբերի 4-ին Երևանի սեփականությունից զրկված բնակիչների հետ Լիլյան նախագահական
նստավայրի դիմաց մասնակցում է բողոքի ցույցի: Վերադառնալով տուն` տեսնում է, որ
դալանը փակ է, մի կերպ անցնում է բակ, տեսնում` աստիճանները քանդած, բնակարանի
դուռը ջարդած: Հարևանն ասում է, որ իրերը տարել են:
«Էդ պահին ԴԱՀԿ-ից բացիկ է գալիս, առանց բացելու հետ են տալիս»,- ասում է Աելիտան:
Պարզվում է` ԴԱՀԿ-ի` վտարման մասին հայտնող ծանուցումն է: Լիլյան անտուն է մնում,
գիշերն անցկացնելու համար գնում է ընկերուհու տուն: Հաջորդ օրը կաթվածահար է լինում:
Շտապ օգնությունը տանում է հիվանդանոց, որտեղ էլ 10 օրից մահանում է:
Լիլյա Ղազարյանի մի մասնիկը մահացել էր դեռ 56 տարի առաջ: Պարզվում է` առաջին անգամ
չէ, որ նրան վտարում են պետության հրամանով:
1949 թվականին, երբ 13 տարեկան էր, Լիլյայենք այն 2754 ընտանիքների թվում էին
(12316 մարդ), որոնց Ստալինի օրոք Հայաստանից աքսորեցին Ալթայի երկրամաս:
Լիլյայի հորը` Վարդանին (որը կոտորածներից փրկված վանեցի գաղթական էր) մեղադրել էին
արտասահմանում գտնվող ազգականների հետ նամակագրական կապ ունենալու համար: (Նա իրոք
գրել էր արտասահմանում ապրող հորեղբորը: Փորձել էր ճշտել իր ծննդյան տարեթիվը:)
Այդ «հանցագործության» համար ընտանիքին աքսորել էին Սիբիր:
«Հանկարծ եկան գիշերով ու տարան, առանց բացատրությունների»,- հիշում է Աելիտան:
Ընտանիքը Երևան վերադարձավ 1952-ին:
«Անտեսելով ամեն տեսակ ռեպրեսիա` մենք բարձրացանք,- ասում է Աելիտան: - Իրար
օգնելով` մեր ընտանիքը ոտքի կանգնեց»: Հայրն արգելում է տանը խոսել աքսորի մասին:
«Ծնողներս ուզում էին, որ կյանքը սկսվի մաքուր թղթից, որ երեխաներն իրենց ճնշված
չզգան: Մենք ջնջեցինք անցյալն ու սկսեցինք նորից: Ես էդ փաստը իմ էրեխուց էլ եմ
թաքցրել, ուզել եմ, որ իմ էրեխեն խոցված չմեծանա էս երկրում: Ուզում էի, որ լինի իր
երկրի լիարժեք քաղաքացի, էն երկրի, որտեղ ապրում է: Չէի ուզում, որ Սովետը նրա
թշնամին լինի, ոնց որ հիմա թուրքը մեր թշնամին ա, որովհետև ինքը ըստեղ ապրելու էր»:
Այս շաբաթ թաղելով քրոջը` Աելիտան չի կարող չհիշել իր ընտանիքի առաջին
ողբերգությունը: Սակայն այս անգամ ամեն ինչ տեղի ունեցավ օրը ցերեկով:
«Իմ քույրը գալիս է տուն և ի՞նչ է տեսնում: Տեսնում է այն, ինչ տեսել էին 49-ին մեր
հարևանները. մեր դուռը պլոմբած է եղել ու ասել են` իրանց տարել են: Հիմա մեզ չտարան,
վռնդեցին: Վռնդեցին իմ քրոջը»,- ասում է Աելիտան:
«Քույրս ուժ չունեցավ էդքան դիմանալու,- ասում է նա: - Չպետք է ըմբոստանար էս
պետության դեմ ու ասեր` ես իրավունքներ ունեմ: Ես շատ ցավում եմ, որ իմ քույրը տենց
համառ եղավ, բայց չգիտեմ` իր տեղը լինեի, նույն բանը չէի՞ անի:
Ասում էի նրան` էդ փողը վերցրու, Երրորդ մասում մի բնակարան կառնես: Մի արա, ո՞ւմ
հետ ես կռիվ տալիս: Պետք է հասկանար, թե ինչ պետության հետ գործ ունի»:
Շատերի նման` Լիլյան էլ բնակարանը փրկելու հույսով դիմել էր դատարան: Եվ «Բուզանդի
բնակիչներն ընդդեմ կառուցապատողների» մյուս բոլոր գործերի նման` բոլոր ատյաններում
դատարանները վճիռ էին կայացրել հօգուտ կառուցապատողների:
Հոկտեմբերի 21-ին Լիլյան ծանուցում էր ստացել, որ «Գլենդեյլ հիլզ» կառուցապատող
ընկերությունը հետ է վերցրել նրան վտարելու դիմումը, և, ըստ այդմ, վտարումը
կասեցվում է:
Լիլյայի մեջ հույս արթնացավ: Բայց միայն մինչև նոյեմբերի 4-ը:
Աելիտան դատի է տվել ԴԱՀԿ-ին, որը քրոջ մահվան պատճառ դարձավ: Սակայն դեռևս չի
կողմնորոշվել` շարունակե՞լ քրոջ պայքարը, թե՞ ոչ:
«Ինձ փող պետք չի: Ինձ պետք է, որ մեղավորները պատժվեն: Եթե չպատժեն, ես կդիմեմ
Եվրոպական դատարան»,- ասում է նա:
«Թող ծանուցում ուղարկեին, նա դուրս կգար, պատրաստ էր դուրս գալու,- ասում է
Աելիտան: - Բայց էդ ծանուցումը ուղարկեցին, որ վտարում չի լինելու: Նրա մեջ հույս
արթնացավ, որ ինչ-որ կոմպրոմիս կլինի: Մտածեց` գուցե ինչ-որ բան փոխվել է: Ասում են`
հույսը վերջինն է մեռնում: Նա մահացավ հույսի հետ»:
Վահան Իշխանյան, «ԱրմենիաՆաուի» թղթակից
