NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Դիմանում է. դատապարտված զինվորի հացադուլը թևակոխում է չորրորդ ամիսը
Լրացավ ազատազրկման դատապարտված զինվոր Ռազմիկ Սարգսյանի հայտարարած հացադուլի 90 օրը: 19-ամյա երիտասարդը շարունակում է բողոքել իր ձերբակալության դեմ, որի համար հիմք է ծառայել նրա խոստովանությունը, որը, նրա հավաստմամբ, քննիչները խոշտանգումներով են կորզել:
Սարգսյանը, Արայիկ Զալյանը և Մուսա Սերոբյանը կալանքի տակ են անցյալ տարվա սկզբից: Նրանք մեղադրվում են Ղարաբաղում տեղակայված իրենց զորամասի երկու զինվորի սպանության մեջ: Սարգսյանի տված ցուցմունքների հիման վրա երեքն էլ դատապարտվել են 15 տարվա ազատազրկման (տես` «ԱրմենիաՆաուի» Արդարության կարոտ հարակից հոդվածները): Զինվորները բողոքարկել են առաջին ատյանի դատարանի վճիռը:
Օգոստոսի 12-ից Սարգսյանը հացադուլ է հայտարարել` ասելով, որ ավելի շուտ սովամահ կլինի, քան կենթարկվի`իր որակմամբ, անարդար դատավճռին:
Չորեքշաբթի Սարգսյանի պաշտպանները մամուլի ասուլիս հրավիրեցին, որտեղ հայտարարեցին, որ նրա կյանքին վտանգ է սպառնում, քանի որ նա հրաժարվում է դադարեցնել հացադուլը:
Փաստաբանների հավաստմամբ`երիտասարդը կորցնում է գիտակցությունը, շնչահեղձ է լինում, երիկամի սուր ցավեր ունի: Այդ ամենի պատճառն այն է, որ մի քանի օր տևած հարցաքննության ժամանակ նրան ծեծել են, որ խոստովանություն կորզեն:
Անցյալ ուրբաթ վերաքննիչ դատարանում տեղի ունեցած դատական նիստում Սարգսյանին դատարանի դահլիճ բերեցին ուղեկցող ոստիկանները` թևերի տակից բռնած: Նրան փորձեցին նստեցնել սեղանի մոտ, սակայն նա ընկավ սեղանի վրա և այդպես էլ փռված մնաց մինչև դատական նիստի ավարտը:
Սարգսյանն առաջին անգամ է մասնակցում դատական նիստին օգոստոսի 18-ից հետո, երբ մեկուսարանի բժիշկը հայտարարեց, որ զինվորի առողջական վիճակը չափազանց վատ է, որ նա կարողանա մասնակցել դատավարությանը:
Անցյալ ուրբաթ օրվա դատական նիստում նախագահող Մհեր Արղամանյանը ընթերցեց մեկուսարանի բժշկի վերջին տեղեկանքը, որը նույնպես արգելում է Սարգսյանի մասնակցությունը դատական նիստերին:
«Դատարանին խիստ մտահոգում է ձեր առողջական վիճակը, սակայն մի կարծեք, թե դրանով կազդեք դատարանի վերջնական որոշման վրա»,- ասաց դատավորը:
Սարգսյանի պաշտպանները միջնորդեցին անհապաղ բժշկական օգնություն ցույց տալ «կիսակենդան մարդուն» և քրեական վարույթից հեռացնել զինվորական դատախազության ներկայացուցչին, որը, նրանց հավաստմամբ, շարունակում է «հոգեբանական խոշտանգման» ենթարկել իրենց պաշտպանյալին դատարանի դահլիճում:
Դատարանն ընդունեց զինդատախազության ներկայացուցիչ Անահիտ Եղիազարյանի` դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին միջնորդությունը, որով պետք է պարզվի Սարգսյանի ներկա վիճկում` դատաքննությունը շարունակելու նպատակահարմարությունը:
«Ռազմիկին այս վիճակում փորձաքննություն նշանակելը նույնպես խոշտանգում է,- ասում է Սարգսյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը: - Այսօր նա ունի բժշկական օգնության կարիք, և նրան անհապաղ պետք է տեղափոխել առաջնակարգ հիվանդանոց` հետազոտություն կատարելու: Ի՞նչ փորձաքննության մասին կարող է խոսք լինել»:
Սարգսյանի փաստաբաններն ասում են, որ դատախազությունը ցանկանում է վերահսկել փորձաքննությունը, որպեսզի ապահովագրի իրեն այն մեղադրանքից, որ Սարգսյանի առողջական վիճակի վատացումը նաև խոշտանգումների հետևանք է:
Փաստաբանները բազմիցս հորդորել են իրենց պաշտպանյալին դուրս գալ հացադուլից: «Զարմանում եմ, թե որտեղից նրա մեջ այդքան վճռականություն ու կամք,- ասում է փաստաբան Ստեփան Ոսկանյանը: - Նա այս ուղին է ընտրել իր ճշմարտացիությունն ապացուցելու համար, քանի որ այլևս չի հավատում արդարադատությանը»:
Ասուլիսին մասնակցում էին մի շարք հասարակական կազմակերպություններ (Հելսինկյան ընկերակցություն, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, «Զինվորի պաշտպանության կոմիտե» ՀԿ), բանակում սպանված զինծառայողների ծնողներ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
Իրավապաշտպան Արթուր Սաքունցը հայտարարեց, որ եթե Սարգսյանին որևէ բան պատահի, ողջ պատասխանատվությունն ընկնում է զինդատախազության վրա:
Փաստաբաններն ու իրավապաշտպանները կրկին նշեցին, որ 3 զինծառայողները քավության նոխազ են դարձել սպանության այս գործում, որի հետքերը տանում են դեպի գումարտակի հրամանատար Իվան Գրիգորյանը, որին հովանավորում են իշխանության վերին օղակները:
«Զինվորի պաշտպանության կոմիտե» ՀԿ նախագահ Գոհար Արմենակյանը (նրա որդուն սպանել են Ղարաբաղի զորամասերից մեկում 2002-ին) խոսեց խաղաղ պայմաններում «անվերջ սպանությունների և սպայակազմի ամենաթողության մասին»:
«Մենք դեռևս մեր գիտակցությունն այնքան չենք կորցրել, որ մեզ ներկայացրած ամեն զինվորի ընդունենք որպես մարդասպանի»,- իր խոսքը եզրափակեց նա:
Ռազմիկ Սարգսյանի մայրը` Ջուլյա Սարգսյանը, հուսահատ վիճակում է:
«Նրանց ուզածն էլ էն է, որ երեխաս շունչը փչի, իրենք էլ գործը թողնեն առանց բացահայտման: էդ ո՞ւմ դարդն է կտրել, որ էրեխուս տանեն բուժման: Էդքան զինվոր է սպանվում բանակում, մտածողն ո՞վ է: Ռազմիկին էլ էսպես կսպանեն»,- ասում է մայրը:
Ժաննա Ալեքսանյան «ԱրմենիաՆաուի» թղթակից
