Վահե Գրիգորյանը քաղբանտարկյալ է

Քրեական եւ Զինվորական գործերով Վերաքննիչ դատարանում հոկտեմբերի 25-ին սկսած եւ երեք օր տեւած դատավարության ընթացքում ՙ"Ռայթ իրավաբանական խումբ" ՍՊԸ տնօրեն Վահե Գրիգորյանի խափանման միջոցը չի փոխվել: Այսօր նրա իրավաբանները ասուլիս էին հրավիրել որոշակի փաստեր ներկայացնելու համար: Նրանք բավականին զգուշավորությամբ էին հայտնում տեղեկությունները, որպեսզ "չվնասեն" նախաքննությանը:

Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը մեղադրվում է խարդախության, փաստաթղթերի կեղծման մեջ: Նրա խափանման միջոցն ընտրվել է կալանքը: Վերջինս Բուզանդի փողոցում ապրող 4 ընտանիքների փաստաբանն էր:

"Փաստաբաններ փաստաբանների համար" Քրեական իրավունքի բաժանմունքի գործադիր տնօրեն Ոութ Քոքը եւ Ժարինդ Թեմմենիք Թունիստրան հոկտեմբերի 22-ին Ամստերդամից նամակ է ուղարկել ՀՀ Գլխավոր դատախազին: Նամակով նա հիմնադրամի մտահոգությունն է հայտնել հայ փաստաբան Վահե Գրիգորյանի կալանավորման կապակցությամբ:

Համաձայն նամակի, Վահե Գրիգորյանի` որպես փաստաբանի, կարեւոր աշխատանքը պետք է ճանաչվի պետության կողմից եւ, ավելի շուտ պետք է արժանանա աջակցության, քան նա հետապնդվի իր գործունեության համար: Այդ կապակցությամբ, "Փաստաբաններ փաստաբանների համար" կազմակերպությունը խնդրում է Ձեզ` դադարեցնել Վահե Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդումը եւ նրան անհապաղ ազատել կալանքից":

Ի դեպ, հիմնադրամը աջակցում է ամբողջ աշխարհում փաստաբանների իրավունքների իրականացմանն այն հաշվով, որպեսզի նրանք իրենց մասնագիտական գործունեությունը իրականացնեն առանց երկյուղի:

Այսօր փաստաբանները նաեւ ներակայացրին Վահե Գրիգորյանի կողմից իբրեւ տուժող հանդիսացող Ալեքսանդր Հակոբյանի հայտարարությունը եւ Կալիֆորնիա նահանգից փաստաթղթերի պատճեններ, որոնցով Ալեքսանդր Հակոբյանը Վահե Գրիգորյանին համարում է ազնիվ եւ վստահելի, եւ գտնում է, որ մեղադրանքը շինծու է: ՙ"Երբ սա ներկայացրինք դատավորին, նա ասաց կեղծ է: Եթե այս փաստաթուղթը կեղծ է, ուրեմն Կալիֆորնիայի նահանգապետին պետք է պատսախանատվության ենթարկի ՀՀ դատախազությունը,"- ասում է Վահե Գրիգորյանի փաստաբաններից Տիգրան Աթանեսյանը:

Ի դեպ, ասուլիսի ընթացքում ներկայացվեց նաեւ գործով վկայի դիմումը ՀՀ դատախազին, մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ ԱՄՆ դեսպան Էվանսին: Վկան խոստովանում է, որ ցուցմունքները գրել է հարազատներին ուղղված սպառնալիքների ազդեցության տակ եւ քննիչ Նիկողոսյանի թելադրանքով:

Նրա փաստաբանները պայքարելու են մինչեւ վերջ, իսկ Վահե Գրիգորյանին նրանք համարում են քաղբանտարկյալ: