Ընդդիմությունը հայտարարում է, որ «զրկված է հեռուստաեթերից»

Հայաստանյան ընդդիմությունը ժողովրդի հետ հանդիպումները այսօր իր համար միակ
հնարավոր քարոզչության ձեւն է համարում: Այն ունի ֆինանսական միջոցներ, որոնք
կուտակվում են հանրաքվեի «ոչ»-ի քարոզչության համար բացված հաշվեհամարում, սակայն
հեռուստաեթերի հնարավորություն հեռուստաընկերությունները առայժմ չեն տալիս:

ՀԺԿ ղեկավար անդամներից պատգամավոր Գրիգոր Հարությունյանի հավաստմամբ, իրենց
շարունակ խորհուրդ են տալիս սպասել:

Պատգամավորի խոսքերով, իրենց հանդիպումների ժամանակ մարդկանց սակավությունը
պայմանավորված է նրանով, որ մարդկանց նկատմամբ «կան ճնշումներ»:

Ընդդիմադիր «Ազգային միաբանության» առաջնորդ Արտաշես Գեղամյանի խոսքերով,
«խոչընդոտները նույնպես ի օգուտ ընդդիմության են աշխատում»:

«Տապալվել են իրենք, եւ իրենք շատ լավ հասկանում են դա», - հայտարարեց Գեղամյանը: -
«Ի՞նչն էր խանգարում՝ երեք ժամ տալ դիմադիրներին, գեթ մեկ ժամ տալ ընդդիմությանը»:

«Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանին հաճախակի հանդիպումները
բնակչության հետ բերել են եզրահանգման, որ «ոչ»-ի քարոզչության կարիք առանձնապես
չկա: Իշխանությունների ամենօրյա եթերի շահագործունը բնակչության մոտ այդ
զգացողությունն արդեն իսկ ամրապնդել է:

«Հասարակությունը այսպես թե այնպես տրամադրված է ոչ-ի», - փաստարկեց նա: - «Գալուստ
Սահակյանի կամ Տիգրան Թորոսյանի կամ Գառնիկ Իսագուլյանի «այո»-ի քարոզչությունը
միանշանակ ի օգուտ է ընդդիմությանը», - ասաց Արամ Սարգսյանը:

Քարոզչության պայմանների անհավասարության մասին է վկայում նաեւ օրեցօր սնկի նման
աճող «այո»-ի բանակի կողմնակիցների թիվը: Մտավորականներին այս ամենի մեջ ներքաշելը,
Գրիգոր Հարությունյանի համոզմամբ, անբարոյական է:

«Տարիքն առած այդ մարդկանց կյանքի մայրամուտն էլ չեն թողնում արժանապատիվ ապրեն», -
ասաց Հարությունյանը:

Սահմանադրական «այո»-ի քարոզչության շտաբի ղեկավար Մհեր Շահգելդյանը այս ամենին
հակադարձելով՝ ասաց, թե հեռուստաընկերությունները «իրենք կազմակերպում են իրենց
հաղորդումները եւ իրենք են հրավիրում քաղաքական գործիչների կամ մասնագետների»:

«Այսօր հեռուստաընկերությունները իրենք են վարում իրենց քաղաքականությունը,
առաջարկում են իրենց հաղորդումները, իրենք են հրավիրում մարդկանց», - հավելեց
Շահգելդյանը:

Աստղիկ Բեդեւյան եւ Աննա Սաղաբալյանն