Հայաստանի բանակի այլընտրանքային առաջին ծառայողներին դատում են «քաղաքացիական ծառայությունից» հրաժարվելու համար

Չորս Եհովայի վկաների` նախկին այլընտրանքային քաղաքացիական ծառայողների, կազմակերպված դասալքության մեղադրանքով դատում են Սևանում: Նրանք հրաժարվել են շարունակել ծառայությունը` պատճառաբանելով, որ այն վերահսկում է պաշտպանության նախարարությունը:

Անցյալ տարի քաղաքացիական այլընտրանքային ծառայության անցած 24 երիտասարդներից ոչ մեկն այլևս չի ծառայում: Նրանցից 22-ը Եհովայի վկաներ են, մեկը` մոլոկան (որոնց կրոնական համոզմունքները, Եհովայի վկաների նման, արգելում են զինվորական ծառայությունը): Վերջինն էլ այլընտրանքայինից կամավոր անցել է սովորական զինվորական ծառայության:

21-ի դեմ քրեական գործ է հարուցվել, 15-ը կալանավորված են:

Հայաստանը 2003 թ. դեկտեմբերին ընդունեց զինվորական ծառայությանը այլընտրանքային քաղաքացիական աշխատանքային ծառայության մասին օրենք, որը Եվրոպայի առաջ ստանձնած պարտավորություն էր: Մինչ այդ 150-ից ավելի Եհովայի վկաներ բանակում ծառայությունից հրաժարվելու համար դատապարտվել էին ազատազրկման:

Օրենքն ընդունելուց հետո 22 Եհովայի վկաներ մեկնեցին քաղաքացիական ծառայության հիվանդանոցներ ու ինտերնատներ որպես սանիտար աշխատելու: Սակայն ծառայության ընթացքում պարզվեց, որ նրանց հսկողությունն իրականացնում է զինվորական ոստիկանությունը, ինչը, ծառայողների հավաստմամբ, հակասում է իրենց կրոնական համոզմունքներին: Պաշտպանության նախարարի հրամանով` հագուստը և այլ պարագաներ տրվում են պաշտպանության նախարարությունից:

Չորս ամբաստանյալները ծառայել են Սևանի հոգեբուժական հիվանդանոցում 2004 թ. դեկտեմբերից մինչև 2005 թ. մայիսի 18-ը: Այդ ընթացքում նրանք և մարդու իրավունքների պաշտպանները բողոքել են, որ այլընտրանքային կարգավիճակի պատճառով ենթարկվել են դաժան վերաբերմունքի և պատիժների (տես`հարակից հոդվածը):

Մայիսի 2-ին նրանք ծառայությունից հրաժարվելու մասին դիմում են ներկայացրել հիվանդանոցի տնօրենին և հրաժարվել աշխատել: Դիմումում նշված էր, որ ծառայությունը կրում է զինվորական բնույթ, իսկ իրենց աստվածաշնչային սկզբունքներով դաստիարակված խիղճը թույլ չի տալիս կատարել զինվորական ծառայություն: Դիմումին ոչ մի պատասխան չի տրվել:

Մայիսի 18-ին նրանք լքել են հիվանդանոցի տարածքը: Դատարանում ամբաստանյալները ցուցմունք տվեցին, որ հեռացել են հիվանդանոցից, քանի որ տնօրենը նրանց դուրս է գցել, կողպել դռները` թողնելով անձրևին ու ցրտին, և իրենց ոչինչ չի մնացել անել` հիվանդանոցից հեռանալուց բացի: Օգոստոսից նրանք կալանավորված են:

Նրանց դեմ հարուցվել է քրեական գործ դասալքության մեղադրանքով (մինչև 4 տարի ազատազրկում): Հետագայում մեղադրանքը խստացվել է` կազմակերպված դասալքություն (4-10 տարի): Քրեական գործը սկզբում վարել է զինվորական դատախազությունը, ապա քաղաքացիականը:

Ամբաստանյալ 20-ամյա Բորիս Մելքումյանը ցուցմունք տվեց հիվանդանոցի տնօրինության դեմ: Նա ասաց, որ տնօրեն Գագիկ Կարապետյանն իրեն երկու անգամ ուժգին ապտակել է, ստիպել է իրենց ձեռքով սառույց մաքրել, նաև պարբերաբար աշխատեցրել է իր անձնական

գործերի համար (կահույք և շինանյութ են տեղափոխել):

Տնօրենն իր ցուցմունքներում հերքեց, որ նման բան է եղել: Նա բողոքեց տղաների վատ աշխատանքից:

Մելքումյանի դեմ նախկինում քրեական գործ է հարուցվել զինվորական ծառայությունից հրաժարվելու համար (մինչև 2 տարի ազատազրկում): Նա ասաց, որ այլընտրանքայն ծառայության մասին օրենքի ուժի մեջ մտնելուց հետո խաբվել է` կարծելով, որ այն ոչ մի կապ չի ունենա զինվորականության հետ ու համաձայնել է ծառայել:

Նա ասաց, որ զինկոմիսարիատում իրեն հավատացրել են, թե ծառայությունը կլինի միայն քաղաքացիական, սովորական աշխատանքային ռեժիմով, և ինքը հնարավորություն կունենա մասնակցելու հավատակիցների կրոնական հավաքներին: Ծառայության ընթացքում նրանց թույլ չեն տվել հիվանդանոցից դուրս գալ և ծառայության ռեժիմ են սահմանել առավոտյան 7-ից մինչև 23-ը, առանց հանգստյան օրվա: Այդ պայմաններում նրանք պիտի ծառայեին 3,5 տարի:

Այս գործի առնչությամբ Հայաստան է եկել բրիտանացի փաստաբան Ռիչարդ Դանիելը (որն ինքն էլ Եհովայի վկա է) և 17 էջանոց միջնորդագիր ներկայացրել քրեական գործը կարճելու մասին: Դատավորը երկու անգամ մերժել է միջնորդագիրը, որից հետո մյուս ամբաստանյալները հրաժարվել են ցուցմունք տալ:

Վահան Իշխանյան

«ԱրմենիաՆաուի» թղթակից