NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Մշակո՞ւյթ, թե՞ «սրճարանային մշակույթ». մաեստրոն ասում է, որ բիլիարդանոցի կառուցումը կխանգարի կամերային նվագախմբի ելույթներին
Հայաստանի կամերային նվագախմբի երաժիշտները, այլ երաժիշտներ, արվեստի ջատագովներ ու
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան մերձակա շենքերի բնակիչները զայրացած են
Երևանի կենտրոնում ևս մեկ սրճարանի կառուցմամբ և մտահոգված Հայաստանի արվեստի
նկատմամբ ցուցաբերվող արհամարհական վերաբերմունքից:

Երեքշաբթի համերգասրահի մոտ մաեստրոն ղեկավարում էր բողոքի ցույցը
Եթե նրանց մտավախություններն իրականանան, ապա արդեն այս ձմեռ Հայաստանի մշակույթի
ամենասիրված դեսպաններից մեկը` պետական կամերային նվագախումը, ստիպված կլինի
պայքարել բիլիարդանոցի աղմուկի և, ավելի վատ` խլացնող ցածրակարգ երաժշտության դեմ:
Երբ սեպտեմբերին նվագախումբը վերադարձավ ամառային արձակուրդից, Կամերային
երաժշտության տան շրջակա զբոսայգին, որն ի սկզբանե նախատեսված էր որպես բնական
ձայնամեկուսիչ գոտի, վերածվել էր շինհրապարակի. ծառերը կտրել էին, իսկ հողը ծածկել
բետոնով:
Մեկ ամիս առաջ պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր
դիրիժոր Արամ Ղարաբեկյանը հանդիպել է նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ, որպեսզի հայտնի
իր մտահոգությունների մասին: Ըստ Ղարաբեկյանի` նախագահը հետաքրքրվել է հիշյալ
խնդրով և նույնիսկ ներկայացուցիչ ուղարկել շինարարություն:
Սակայն դրանից հետո էլ շինարարությունը շարունակվում է արագ թափով: Բանվորներից
մեկն ասաց, որ աշխատում են առավոտյան ժամը 7-ից մինչև ուշ գիշեր, որպեսզի
դեկտեմբերին շահագործման հանձնեն կառույցը:
Երեքշաբթի Ղարաբեկյանի գլխավորությամբ մոտ 60 բողոքավորներ էին հավաքվել կամերային
երաժշտության տան մոտակայքում` «Վե’րջ տվեք մշակույթի ջարդին» պաստառի տակ:
Այսօր` հոկտեմբերի 21-ին, տեղի ունեցավ ևս մեկ հանրահավաք, որի ժամանակ Երևանի
նախկին քաղաքապետ Սուրեն Աբրահամյանն ասաց, որ այն փաստը, որ սրճարանը կառուցվում
է, վկայում է, որ նախագահը դրան հավանություն է տվել:
«Դասական երաժշտություն և բիլիարդի բացօթյա սրահ, գարեջրատուն, սրճարան, որքա~ն
համահունչ են,- հեգնում է զայրացած մաեստրոն: - Մենք [Երևանը] ունենք դասական
երաժշտության համար նախատեսված ընդամենը երկու համերգասրահ` Կամերային երաժշտության
տունը և Ա.Խաչատրյանի անվան համերգասրահը, այլընտրանք չունենք»:
Իսկ Երևանի կենտրոնում սրճարանները, որոնցից մեկն էլ կառուցվում է Կամերային
երաժշտության տան հարակից այգում, իրենց խտությամբ արդեն գերազանցում են կտրված
պուրակներին (այս գարնանը քաղաքի կենտրոնում գործում էր 427 սրճարան` մեկը կենտրոնի
յուրաքանչյուր 304 բնակչի համար):
Իրականում մոտակա «9-րդ ալիք» սրճարանն արդեն խանգարում է Կամերային երաժշտության
տան համերգներին: Ապրիլին համերգասրահի ղեկավարությունը բողոքել է նախագահի
վերահսկողության ծառայություն, սակայն միջոցներ չեն ձեռնարկվել:
«Անցյալ տարի, երբ այստեղ ելույթ էր ունենում Անգլիայի Չիլինկարյան քառյակը,
ընդմիջմանը երաժիշտները քմծիծաղով ասացին. «Կարծես շուկայում նվագելիս լինենք»: Դա
մեզ համար, մեր ազգի համար խայտառակություն է»,- ասում է Ղարաբեկյանը:
Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության վարչությունից հայտնեցին, որ Կամերային
երաժշտության տան հարակից տարածքում, որը միշտ հանրային զբոսայգի է եղել,
հողահատկացման որոշում կայացվել է դեռևս 1998 թվականին: Իսկ այս տարվա սկզբին
Կենտրոն թաղապետարանը տարածքը տրամադրել է «Ֆլորեն- Լենդ» ՍՊԸ-ին` շինարարական
աշխատանքներ կատարելու թույլտվությամբ: Ըստ շինարարությունն իրականացնող բանվորների`
ընկերությունը պատկանում է մոսկվայաբնակ մի հայ գործարարի:
Ղարաբեկյանն ասում է, որ հանդիպել է ընկերության ներկայացուցչի հետ, սակայն նրա
բացատրությունները գոհացուցիչ չեն:
Հայտնի է, որ կենտրոնի օբյեկտներից շատերը «ստվերային» տերեր ունեն, մինչդեռ
իրականում պատկանում են օլիգարխների և բարձրաստիճան պաշտոնյաների, այդ թվում`
նախարարների և ԱԺ պատգամավորների: «ԱրմենիաՆաուի» այն հարցին, թե իր կարծիքով ովքեր
են սրճարանային համալիրի «իսկական» տերը, Ղարաբեկյանը պատասխանեց.
«Դա ինձ բնավ չի հետաքրքրում` թեկուզ Հռոմի պապը: Միևնույն է` դա սխալ է»:
Սրճարան կառուցելու թույլտվությունը սխալ է համարում նաև Կոմիտասի անվան քառյակի
գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանը, քանի որ դա մարտահրավեր է նաև արվեստի
ու մշակույթի համայնքի մյուս անդամներին:
«... Հեռանանք, թող սրճարանատերերը վայելեն, խժռեն այգիներն ու մշակութային
օջախները»,- ասում է նա:
Նույնքան հուսահատ էր նաև կամերային երգչուհի Աննա Մայիլյանը, որը հաճախ է ելույթ
ունենում այդ սրահում:
«Մինչ մյուս երկրները ծաղկեցնում են իրենց մշակույթը, Հայաստանը որոշել է վերացնել
այն: Ժամանակն է, որ հայերը սթափվեն ու մտածեն ոչ այնքան ստամոքսի, որքան հոգու
մասին»,- ասում է երգչուհին:
«ԱրմենիաՆաուն» փորձեց քաղաքապետարանի և Կենտրոն համայնքի թաղապետարանի միջոցով
խոսել «Ֆլորեն-Լենդի» ներկայացուցչի հետ, սակայն ոչ մեկը չկարողացավ ասել, թե ում է
պատկանում ընկերությունը:
Կամերային երաժշտության տան ճարտարապետական լուծումներն այնպիսին են, որ բուն
համերգասրահը նախասրահ չունի, ինչը գոնե որոշ չափով կմեղմեր դահլիճ թափանցող
աղմուկը: Բացի այդ, շենքի մեծ մասն ապակեպատ է, իսկ պատերը միաշերտ են:
«Այգին ի սկզբանե ճարտարապետի կողմից նախագծվել է որպես ձայնամեկուսիչ գոտի,- ասում
է Ղարաբեկյանը: - 2002 թվականից համերգասրահի անդորրը խախտվեց «9-րդ ալիք» սրճարանի
պատճառով, իսկ եթե այս մեկն էլ կառուցվի, համերգասրահը պարզապես կարող ենք փակել»:
Գայանե Աբրահամյան
«ԱրմենիաՆաուի» թղթակից
