NON-GOVERNMENTAL ORGANIZATION
Երեւանը դեռ բոլորի համար չէ
Հայաստանում բնակվում է 135 000 հաշմանդամ, որոնցից կեսը` Երեւանում: Նրանց համար իրականացվում է "Երեւան` քաղաք բոլորի համար" ծրագիրը` բյուջեից տրամադրված 2 միլիոն դրամից ավելի դրամաշնորհի միջոցով: Այսօր այդ մասին տեղեկացրեց "Աստղիկ" հաշմանդամ երեխաների ծնողների ասոցիացիայի նախագահ Լեւոն Ներսիսյանը:
Ծրագրով նախատեսվում է հիմնախնդիրների վերաբերյալ կազմակերպել քննարկումներ, շահագրգիռ կազմակերպությունների համախմբում, քաղաքաշինության, հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենքների եւ մեխանիզմների կիրառումը: "Որպես նշված խնդիրների լուծման առաջին քայլ առաջարկվելու է Երեւանի քաղաքապետին քաղաքաշինական խորհրդում ընդգրկել հաշմանդամների իրավունքները պաշտպանող, կոալիցիայի կողմից ընտրված մեկ ներկայացուցիչ, որը կներկայացնի հաշմանդամների հիմնախնդիրները",- ասում է Լեւոն Ներսիսյանը:
Ծրագրի արդյունքները կամփոփվեն 2006թվականի փետրվարին: Նշենք, որ 2000վ թվականին "Աստղիկ" ասոցիացիան իրենց միջոցներով Կենտրոն համայնքում վերանորոգել է 14 փողոցներ, որոնք 2002թ. քաղաքաշինական փոփոխությունների են ենթարկվել: "Լինսի" հիմնադրամի 2 ծրագրի շրջանակներում պատրաստվում են 20 դպրոցներ վերակառուցել` պայմաններ ստեղծելով հաշմանդամների համար: Լեւոն Ներսիսյանը կարեւորում է ինչպես շինություններում հարմարություններ ստեղծելու միտքը, այնպես էլ տրանսպորտային միջոցներում: Նաեւ համոզված է, որ լուսաֆորները պետք է ոչ միայն ցույց տան գույն, այլ նաեւ ձայնային մեխանիզմ կիրառվի, ինչը կարեւոր է կույրերի համար:
"Յուրաքանչյուր մարդ պետք է իր պետության մեջ ազատ տեղաշարժվի",- ասում է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը:
Ի դեպ, ծրագրի ողջ ընթացքը կլուսաբանվի "Աստղիկներ" ամսաթերթի 3 համարներում:
